Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Հունվար 16,2002 00:00

ԱՎՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Վերջին ժամանակահատվածում Ազատամարտի վետերանների միության կառույցներում եւ կադրային քաղաքականության մեջ տեղի են ունեցել տրամաբանական եւ օրինաչափ փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի են հստակվել եւ ամրացվել կառույցները։ ԱՎՄ-ն նաեւ իր քաղաքական վերջին հայտարարությամբ որոշակիացրել, հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Սակայն վերջին երկու ամիսներում բացարձակ փոքրամասնություն կազմող մի խումբ անձանց կողմից ոչ կանոնադրական եւ ոչ օրինական քայլերով, առանց համապատասխան կարգադրությունների եւ վարչության որոշումների, սկսվել է քայքայման եւ ջլատման գործընթաց՝ ակնհայտ պատվեր որոշ քաղաքական ուժերի կողմից տրոհելու եւ քայքայելու նորաստեղծ անկախ քաղաքական կառույցը։ Որոշ մասնաճյուղերի վարչությունների հապճեպ եւ ոչ օրինական որոշումների միջոցով փորձ էր արվում հրավիրել արտահերթ համագումար, մի հրամայականով միայն՝ ստեղծելու միանձնյա նախագահական կառավարական մարմին։ Նման գործընթացը առաջին հերթին հակականոնադրական է եւ անհարիր ԱՎՄ-ի որդեգրած քաղաքականությանը։ Ըստ կանոնադրության, արտահերթ համագումար հրավիրվում է ԱՎՄ անդամների 1/3-ի պահանջով, վարչության համապատասխան որոշման եւ նախագահի համապատասխան հրամանի հիման վրա, ինչը իրականում չի եղել։ Վերոգրյալից ելնելով, ԱՎՄ հանրապետական վարչությունը, հավատարիմ մնալով համագումարի դեմոկրատական ցենտրալիզմի գերագույն սկզբունքին, որոշում է՝ 1. Հաշվի առնելով արտահերթ համագումար հրավիրելու հակականոնադրական գործընթացը, համագումարի հրավիրումը հետաձգել անժամկետ։ 2. ԱՎՄ-ի համանախագահ Հ. Հովսեփյանի լիազորությունները եւ իրավունքները ԱՎՄ շարքում դադարեցնել։ 3. Հանրապետական տեղական կառույցներին հրահանգել մինչեւ մայիսի 1-ը անցկացնել ընդհանուր ժողովներ հանրապետական վարչության անդամների պարտադիր ներկայությամբ։ 4. Բոլոր տեսակի կոչերը, հայտարարությունները եւ գործողությունները, որոնք չեն բխում հանրապետական վարչությունից եւ հրամանագրված չեն ԱՎՄ նախագահի կողմից, համարել ինքնակոչ, սադրիչ եւ անօրինական։ 5. Փետրվարի 10-ին հրավիրել ԱՎՄ հանրապետական խորհրդի նիստ։ Ա. ՄԱԶՄԱՆՅԱՆ ԱՎՄ հանրապետական վարչության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել