Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

Հունվար 16,2002 00:00

ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ «Գործազուրկների բանակը կհամալրեն եւս երկու, երեք հազար հոգի». այս համոզվածությամբ «Առավոտ» օրաթերթին էին դիմել «Նաիրիտ-1» գիտարտադրական միավորման մի խումբ աշխատակիցներ։ Նրանց խոսքերով. «Տոներից հետո «Նաիրիտի» աշխատուժն անհիմն պատճառաբանություններով ուղարկվել է հարկադիր պարապուրդի։ Աշխատակիցների առջեւ դռները փակ են։ Աշխատանքի է գնում միայն ղեկավարությունը»։ Գործազուրկ լինելու հեռանկարից ահաբեկված նաիրիտցիների անհանգստություններին ի պատասխան, առեւտրի եւ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Ա. Շահնազարյանից «Առավոտը» փորձեց ճշտել ստացված ինֆորմացիայի հավաստիությունը։ Ա. Շահնազարյանի խոսքերով. «Նաիրիտ» գիտարտադրական միավորումով հետաքրքրվող ուկրաինական «Ինտերկոնտրակտ» եւ Լոնդոնում գրանցված «Ռանսատ գրուպ» ընկերություններն առայժմ «Նաիրիտի» հետ բանակցային գործընթացի մեջ են՝ բաժնետոմսերի ձեռքբերման առումով։ «Նաիրիտի» ունեցած պարտքերի մարման խնդիրը եւս բանակցային փաթեթի մեջ է եւ նպատակահարմար չէ, որ հիմա գործարանն աշխատի եւ նոր պարտքեր ավելացնի»։ Ըստ պրն Շահնազարյանի, բանակցային գործընթացը կավարտվի հունվարի վերջին եւ նոր սեփականատերերը կանցնեն աշխատանքի։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել