Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱՆԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Հունվար 16,2002 00:00

ՏԵՍԱՆԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովը կայացավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում։ Բացելով նիստը՝ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը պատվիրակներին տեղեկացրեց, որ 2001թ. ՄՕԿ-ը հայտարարել էր կամավորների տարի եւ սահմանել մրցանակներ, որոնք շնորհվում են իրականացված միջոցառումների ամենաակտիվ գործիչներին։ Սահմանվել էր նաեւ մեկ հատուկ մրցանակ, որը տրվելու էր տարվա ընթացքում օլիմպիական շարժմանը, գաղափարների տարածմանն ամենից ակտիվ աջակցած եւ այդ ոլորտներում մեծ ներդրումներ ունեցած գործչին։ Եվ ուրախալի է, որ այդ մրցանակը շնորհվել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանին, որի ծառայությունները հայկական սպորտի զարգացման գործում, իրոք որ, անչափ մեծ են։ Այնուհետեւ զեկուցողն անցավ օրակարգի առաջին՝ «ՀԱՕԿ-ի կանոնադրության մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցին։ Նախորդ նստաշրջանում քննարկվել էր կանոնադրությունը, արվել մի շարք առաջարկություններ։ Դրանք բոլորը քննարկվել են նաեւ ՀԱՕԿ-ի գործկոմում, արժանիները տեղ են գտել կանոնադրությունում։ Այն վերջնական ամբողջական տեսքով հաստատվել է արդարադատության նախարարությունում, ուղարկվել նաեւ ՄՕԿ։ Վերջինս նույնպես դրական եզրակացություն է տվել։ ՀԱՕԿ-ի անդամները քվեարկությամբ հաստատեցին կանոնադրության վերջնական տարբերակը։ Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀԱՕԿ-ի կազմում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն։ Նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում տարբեր ֆեդերացիաներ դիմել են ՀԱՕԿ-ի գործկոմ՝ օլիմպիական կոմիտեին անդամագրվելու եւ իրենց ներկայացուցիչն ունենալու, կամ իրենց այս կամ այն ներկայացուցչին փոխելու, կանոնակարգով իրենց հասանելիք լրացուցիչ տեղերը համալրելու խնդրանքով։ Գործկոմը քննարկել է առաջարկված թեկնածությունները, տվել իր համաձայնությունը։ Նստաշրջանը հաստատեց նաեւ ներկայացված առաջարկները։ Այնուհետեւ Ի. Զաքարյանը անդրադարձավ ՀԱՕԿ-ի եւ գործկոմի որոշ անդամների հետ առաջացած խնդրին, որոնք ըստ էության ձեւականորեն են զբաղեցնում իրենց տեղերը։ Առայժմ ձեռնպահ մնալով անուններ հրապարակելուց, ՀԱՕԿ-ի նախագահն ասաց, որ եւս մի քանի օր կսպասեն, մինչեւ նրանք ազատման դիմում կներկայացնեն։ Հակառակ դեպքում ստիպված կլինեն առաջնորդվել կանոնակարգով։ Երրորդ հարցը նվիրված էր 2001թ. ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքների հաշվետվությանը։ 2001թ. օլիմպիական կոմիտեն ըստ էության աշխատել է եռակի ծանրաբեռնվածությամբ եւ բավականին արդյունավետ։ Հաշվետու տարում սերտ համագործակցություն է եղել ՄՕԿ-ի հետ, որին ներկայացված բոլոր ծրագրերն էլ հավանության են արժանացել եւ ֆինանսավորվել են։ Աշխատանքն արդյունավետ է եղել նաեւ օրենսդրական դաշտում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի ընդունմանը, որի անհրաժեշտության մասին առնվազն 8-10 տարի խոսվել է։ Երկրորդ կարեւոր փաստաթուղթը, որ հաստատվել է նստաշրջանում, 2001-2004թթ. օլիմպիական խաղերի նախապատրաստության համալիր ծրագիրն է։ Զեկուցողն անչափ կարեւորեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման» եռամյա ծրագիրը եւ այն նախ եւ առաջ գնահատեց որպես գույքային, ապա միայն ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացման ծրագիր։ Այն երկար ժամանակ չէր ֆինանսավորվում։ Սակայն հուրախություն բոլորիս, 2002թ. բյուջեով դրան հատկացված է 178 մլն դրամ։ Եկող տարի այն կավելանա եւս 10 մլն-ով, իսկ 2004 թվականին կկազմի 200 մլն դրամ։ Այդ գումարները ուղղվելու են հանրապետության համար անհրաժեշտ մարզական գույքի ձեռքբերմանը։ Որքան հայտնի է, 1980 թվականից հետո Հայաստան որեւէ խոշոր մարզագույք (ռինգ, ծանրաձող, ըմբշամարտի գորգ եւ այլն) չի մտել։ Այնուհետեւ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀԱՕԿ-ի ֆինանսական մուտքերն ու ծախսերը 2001 թվականին։ Օլիմիական կոմիտեի բյուջեն կազմել է մոտ 140 մլն դրամ, որից 50 միլիոնը հովանավորների ներդրումն է, 80-ը՝ ՄՕԿ-ի հատկացումը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց երեք հիմնական հովանավորներին՝ Գագիկ Ծառուկյանին, որի ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 15 մլն դրամ, «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (10 մլն 232 հազար) եւ ՀԲԸՄ փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանին (շուրջ 10-10,5 մլն դրամ)։ Ինչ վերաբերում է ծախսերին, որ ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ, նշենք մի քանիսը. օգնություն մարզիկներին եւ մարզիչներին՝ 23 մլն 761 հազար դրամ, մարզական միջոցառումներ եւ պատվիրակությունների գործուղումներ՝ 52 մլն 160 հազար, օգնություն մարզական կազմակերպություններին՝ 4 մլն 230 հազար, մարզիկներին թոշակներ՝ 10 մլն 500 հազար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել