Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրգերի «նոր» աշխարհը

Հունվար 16,2002 00:00

Բուրգերի «նոր» աշխարհը Գիտնականների կողմից հայտնաբերված ամենահին քաղաքը, որը գտնվում է Ամերիկա մայրցամաքում, ցույց է տալիս, որ քաղաքակրթությունն այստեղ գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան մինչեւ հիմա կարծում էին, ավելի քան 1500 տարի առաջ։ Ավազակույտերի տակ գտնվող բուրգերի փլատակները ոչ թե Եգիպտոսում են գտնվել, այլ այս անգամ արդեն՝ Կարալ կոչվող վայրում, որը գտնվում է Լիմայից (Պերու) 120 մղոն դեպի հյուսիս ու Խաղաղ օվկիանոսի ափերից 12 մղոն հեռավորության վրա, Անդյան լեռների ստորոտում։ Հնէագետները հայտարարել էին, որ այս վայրը իր հնությամբ հասնում է մինչեւ մ.թ.ա. 2627թ., այն նույն ժամանակահատվածը, երբ եգիպտացի ստրուկները կառուցում էին Մեծ բուրգը։ Սակայն պեղումների արդյունքում պարզվել է, որ Կարալի կառույցները 4000 տարվա վաղեմություն ունեն եւ որ դրանք իրավամբ կարելի է համարել «Նոր աշխարհի քաղաքակրթության ծննդավայր»։ Վեց բուրգերը կազմում են քաղաքի կենտրոնական մասը։ Իր չափսերով Քեոփսի մեծ բուրգին գերազանցող ամենամեծ բուրգի կողերի սանդղակները տանում են դեպի հարթ գագաթը։ Այնտեղ գտնվում է սենյակների մի համալիր ու կրակի փոս, որը գործածվել է կրոնական ծիսակատարությունների համար։ Այս բուրգը պատկանել է Կարալի բնակչության բարձր խավին, իսկ մնացած 5 բուրգերը հնարավոր է, որ ծառայած լինեն որպես պաշտամունքի վայրեր հասարակության ավելի ցածր խավերի համար՝ ըստ դասակարգման։ Բուրգերից մեկի հիմքում հայտնաբերվել է 18 ամսական տղայի աճյուն, որը վկայությունն է այն բանի, որ նախքան ինկերի մեջ տարածվելը, այստեղ տեղի է ունեցել աստվածներին փոքր տղաներ զոհաբերելու արարողությունը։ Այս բոլոր կառույցները ենթադրում են ճարտարապետության, երկրաչափության եւ թվաբանության հետ առնչվող բոլոր գիտությունների կատարյալ իմացություն։ Կարալում հայտնաբերված ամենացնցող կառույցներից մեկը Ամֆիթատրոնի տաճարն է, որտեղ տեղաբնակները հավաքվել են կրոնական ծիսակատարություններ դիտելու։ Շնորհիվ ոռոգման ցանցի, այստեղ բարգավաճել է հողագործությունը։ 4000 տարի առաջ այստեղի բնակիչները զբաղվել են ապրանքափոխանակությամբ եւ Պերուի մեծ քաղաքակրթությունը բարգավաճման նոր փուլի էր հասել ծովային տնտեսության շնորհիվ։ Զարգացման բացառիկ մակարդակի է հասել նաեւ առեւտրական համագործակցությունը։ Կարալի քաղաքակրթությունը աստիճանաբար խթանիչ ուժ է եղել ինկերի բարգավաճման համար, որոնք տիրում էին Անդյան լեռներին, երբ 4 հազարամյակ անց միայն ժամանեցին եվրոպացիները։ Պեղումներ կատարելը նման է մարդկանց միտքը կարդալուն, եւ հնէագետները շարունակելով իրենց հետազոտությունները՝ փորձում են ի մի բերել, թե ինչ են մտածել այս մարդիկ, ինչ են զգացել եւ ինչ գիտելիքներ են ստացել։ «Science and Technology»-ից թարգմանությունը՝ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել