ՍՊԱՍԵՔ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՆ Երրորդ Հանրապետության հիմնադիրների բազմաթիվ սխալներից մեկն այն էր, որ նրանք չէին փորձում իրենց կողմը քաշել խորհրդահայ մտավորականությանը: Չափից դուրս խորն էին, հավանաբար, գաղափարական տարբերությունները 88-ի ժողովրդավարական շարժման լիդերների եւ կոմունիստական նոմենկլատուրայի մասը կազմող մտավորականների միջեւ: Հենց այդ պատճառով էլ «սկզբունքային մոտեցում» դրսեւորվեց, եւ հիշյալ մտավորականներին վանեցին, նեղացրին: Ի դեպ, պետական կառավարման համակարգում ՀՀՇ-ն այդ «սկզբունքայնությունից» զգալիորեն շեղվեց. հենց 90 թվականից իշխանության մեջ ընդգրկվեցին կոմունիստական ֆունկցիոներները՝ Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մարտիրոսյանը, որոնք, բնականաբար, անխորտակելի են եւ պատրաստ են ծառայել ցանկացած իշխանության: Մտավորականների հարցը, ընդունենք, փոքր-ինչ այլ է: Նրանք մի կողմից պետք է ավելի գաղափարականացված լինեն, մյուս կողմից՝ նրանց, ի տարբերություն մաքուր ֆունկցիոներների, անհրաժեշտ է ոչ միայն փող ու պաշտոն, այլեւ հարկավոր է շոյել նաեւ բարոյապես: Ինչը ՀՀՇ-ն չէր անում: Դրա համար կային, կրկնեմ, օբյեկտիվ պատճառներ: Դեռեւս որեւէ իշխանություն չունենալով, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայք» թերթում հոդված գրեց՝ «Պատվերը կատարված է՝ սպասեք շքանշաններին», որում արդարացիորեն քննադատում էր կոմունիստական մտավորականներին անկախության եւ Ղարաբաղյան շարժման դեմ պայքարելու համար: Եթե դրանից հետո, երկրի ղեկավար դառնալով, նա սկսեր նույն մարդկանց շքանշաններ բաժանել, դա ձեւական տրամաբանության տեսակետից կարող էր փոքր-ինչ տարօրինակ դիտվել: Բայց պետք էր, հավանաբար, հաղթահարել այդ անտրամաբանությունը, ինչպես նաեւ անձնական էմոցիաները, եւ մի 2-3 անգամ նստեցնել, օրինակ, Սիլվա Կապուտիկյանին կամ Լյուդմիլա Հարությունյանին որեւէ հանդիսավոր ժողովի պատվավոր նախագահությունում՝ այնպես, ինչպես նրանք սովոր էին նստել կոմունիստական նիստերում: Դա, անշուշտ, կմեղմեր փոխադարձ թշնամանքը: Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդահայ մտավորականների միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան: Հակառակը՝ կա կատարյալ ներդաշնակություն: Պատեհ եւ անպատեհ տեղերում ժապավեններ կտրելու սովորությունը, պլանը գերակատարելու մասին «թվեր կրակելը», ղեկավարների անզուսպ գովերգումը եւ բոլոր ընդդիմախոսներին թշնամի եւ դավաճան հանելը՝ այդ ամենը յուրահատուկ կոմունիստական մտածելակերպի դրսեւորում է, որտեղ Քոչարյանը եւ նոմենկլատուրային մտավորականները միասնական են: Բոլշեւիկյան այդ ատրիբուտների մեջ իր տեղն ունի, իհարկե, շքանշաններ եւ պետական մրցանակներ շաղ տալը: Պետությունն, իհարկե, պարտավոր է գնահատել իր երախտավորներին: Շատ ճիշտ է, երբ պետության ղեկավարը պարգեւատրում է հայրենիքը պաշտպանած զինվորին, քաղաքացիների կյանքը փրկած ոստիկանին կամ փրկարարին: Բայց երբ պետությունն է որոշում, թե որ սիմֆոնիան է, որ քանդակն է կամ որ թերթն է լավը, դա մեզ տանում է կոմունիստական ժամանակաշրջան, երբ գործում էր միայն պետությունը եւ չկային հասարակական ինստիտուտներ: Նկարչին, գրողին կամ դերասանին պետք է գնահատի հասարակությունը, որն Արեւմուտքում ստեղծում է ազդեցիկ, հեղինակավոր կազմակերպություններ, եւ հենց դրանք են որոշում՝ ում տալ այս կամ այն պարգեւը: Պետության, նախագահի կամ վարչապետի հետ որեւէ կապ չունեն «Օսկարը», «Գրեմմին», «Բուկերը», «Պուլիցերյան մրցանակը» եւ այլ մրցանակներ, որոնց մասին երազում են համապատասխան մասնագիտությունների տեր մարդիկ: Բայց նման մրցանակներ ունենալու համար անհրաժեշտ են ա/ կոմունիստական մտածելակերպ չունեցող նախագահ, բ/ իշխանությանը չքծնող մտավորականներ, գ/ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ: Հավատացած եմ, որ վաղ թե ուշ մենք այդ ամենը կունենանք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ