Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտամ գլուխդ կջարդեմ»

Հունվար 16,2002 00:00

«Կտամ գլուխդ կջարդեմ» Դատական նիստի ավարտին նման «բարեկրթությամբ» քաղաքապետարանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Գեւորգ Մհերյանը քաղաքապետի դեմ հայցով դատարան դիմած Սամվել Խաչատրյանին սպառնաց, թե «ընենց մի արա, որ իմ հետ անձնական պրոբլեմ ունենաս»։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ աշխատանքից ազատված քաղաքապետարանի կրթության վարչության առաջին կարգի մասնագետ Ս.Խաչատրյանը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով։ Ս. Խաչատրյանը քաղաքապետարանի աշխատողների թվի կրճատման արդյունքով աշխատանքից զրկված միակ աշխատակիցը չէ, որի կարծիքով այդ գործընթացն իրականացվել է օրենքի խախտումներով։ Նման պահանջով դատարան դիմած աշխատակիցներ էլի կան։ Երեկ Ս. Խաչատրյանի հայցը լսվեց՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ։ Ըստ հայցվոր կողմի՝ քաղաքապետի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ինքը դեկտեմբերի 10-ից ազատվել է աշխատանքից։ Ս. Խաչատրյանը պնդում է, որ ինքը դրանից երկու ամիս առաջ անհատապես զգուշացված չի եղել աշխատանքից հնարավոր ազատման մասին, ինչպես պահանջում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը ի պատասխան նկատեց, որ նման զգուշացում է համարվում բոլոր աշխատակիցների համար նախատեսված մեկ զգուշացումը, որի տակ ստորագրել են աշխատակիցները ըստ ցուցակի։ Ըստ հայցվորի, խախտվել են նաեւ աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ պահանջներ։ Ս. Խաչատրյանի պնդմամբ՝ հաշվի չի առնվել աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը՝ մինչդեռ ինքն ու իր կինը սովորում են, ունեն երկու անչափահաս երեխա։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Մհերյանը շեշտեց, որ նախապատվության թվարկված իրավունքները հաշվի են առնվում հավասար արտադրողականություն ունենալու դեպքում, իսկ Ս. Խաչատրյանի արտադրողականությունը, ըստ կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի գրության, ավելի ցածր է, քան մյուս 5 առաջին կարգի մասնագետներինը։ Ս. Խաչատրյանը պահանջեց պրն Մհերյանից պարզաբանել, թե ինչ հիմքի վրա է նման պնդում արվում։ Օ. Վաթյանի հիշյալ գրության մեջ գրված է, որ Ս. Խաչատրյանն իր արտադրողականությամբ եւ կարգապահությամբ զիջում է մյուսներին՝ մինչդեռ Ս. Խաչատրյանը պնդեց, որ ինքը խորհրդակցությունների ժամանակ բազմիցս արժանացել է Օ. Վաթյանի գովասանքին, ցույց տվեց կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի դրական բնութագիրը, որ տրվել է իր ազատումից մի երկու ամիս առաջ՝ ասպիրանտուրա ընդունվելու համար եւ նաեւ Ավանի թաղապետարանի շնորհակալագիրը՝ լավ աշխատանքի համար։ Աշխատանքից ազատվելու համար անհրաժեշտ է արհկոմի համաձայնությունը։ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ կրթության վարչության կրճատված աշխատակիցների անունները ավելացվել են արհկոմի որոշումից հետո, ինչպես երեւում է նաեւ մեր ձեռքի տակ եղած արհկոմի արձանագրության պատճենից։ Այդ պատճենից մի օրինակ էլ Ս. Խաչատրյանը ներկայացրել էր դատարան, սակայն պատասխանող կողմի ներկայացրածը այլ արձանագրություն էր, որտեղ անուններն արդեն որոշումից առաջ էին։ Ս. Խաչատրյանը խնդրեց դատարանից պարզել, թե ինչո՞ւ է կեղծվել պաշտոնական փաստաթուղթը։ Ս. Խաչատրյանը նաեւ պնդեց, որ իրեն այլ աշխատանք չի առաջարկվել՝ խախտելով օրենքի պահանջը։ Օ. Վաթյանի գրավոր պնդումը, թե խորհրդակցության ժամանակ Ա. Խաչատրյանին առաջարկվել է աշխատանք, վերջինս ժխտեց, ասելով նաեւ, որ այդ խորհրդակցությանն ինքն ընդհանրապես չի մասնակցել, քանի որ նույն Օ. Վաթյանի հանձնարարությամբ գտնվել է այլ վայրում։ Աշխատանքի առաջարկ Ս. Խաչատրյանը դատարանի դահլիճում ստացավ՝ նիստին ներկա Ս. Աչոյանի կողմից, սակայն մերժեց դրանք՝ համարելով «ոչ ռեալ»։ Տիկին Աչոյանը լիազորագիր չուներ՝ քաղաքապետարանը դատարանում ներկայացնելու համար, սակայն դատավորի թույլտվությամբ երբեմն պարզաբանումներ էր տալիս, մեկ-մեկ էլ հիշում էին, որ լիազորագիր չունի եւ թույլ չէին տալիս խոսել։ Քաղաքապետարանի իրավաբան Գ. Մհերյանը նախապես ասաց, որ կրթության վարչության պետը իրավաբանական անձ չէ եւ չէր կարող որպես պատասխանող կողմ հանդես գալ։ Սակայն հաճախ հենց նրա պարզաբանումների կարիքն էր զգացվում, նման անհրաժեշտություն նաեւ դատավորը նկատեց՝ ընդմիջելով դատը մինչեւ հունվարի 25-ը եւ պահանջելով մյուս նիստին փաստարկել, թե ինչո՞ւ է Ս. Խաչատրյանի արտադրողականությունը ցածր որակվել, ներկայացնել արհկոմի նիստի արձանագրության բնօրինակը եւ նաեւ ՀՀ վարչապետի որոշումը՝ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքն ու աշխատողների թիվը հաստատելու մասին։ Այս փաստաթուղթը պատասխանող կողմը մոռացել էր ներկայացնել՝ մինչդեռ սա թերեւս ամենակարեւոր կետն է։ Արդեն գրել ենք, որ միայն ՀՀ վարչապետի իրավասությունն է հաստատել քաղաքապետարանի կառուցվածքն ու աշխատողների թիվը, որի մասին որոշումը եղել է դեկտեմբերի մեկին։ Իսկ Ռ. Նազարյանը դրանից շատ առաջ, դեռեւս հոկտեմբերի 5-ին է որոշում ստորագրել իր աշխատակիցներին հնարավոր կրճատումների մասին զգուշացնելու մասին եւ արհկոմի նիստի որոշումն էլ նոյեմբերի 30-ին է ընդունվել։ Դատավորին ենք թողնում դատելու, թե որքանով են այս դեպքում օրինական քաղաքապետի եւ արհկոմի որոշումները, նաեւ պատասխանող կողմի այն արդարացումը, թե աշխատանքից ազատման հրամանները տրվել են դեկտեմբերի 1-ից հետո, իսկ աշխատանքից հնարավոր ազատման մասին զգուշացնելու մասին քաղաքապետի որոշման համար էլ հիմք է ծառայել խորհրդակցությունների ժամանակ ասված ՀՀ վարչապետի խոսքերը՝ կրճատումների անհրաժեշտության մասին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել