Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի է եւ արդար չէ

Հունվար 16,2002 00:00

Գաղտնի է եւ արդար չէ «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ կոլեկտիվի բաց նամակը ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, մենք այսօր ստիպված ենք դիմում հաղորդակցման այս ձեւին, քանի որ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այլ եղանակ չկա մեր ձայնը Ձեզ հասցնելու համար։ Մեր ընկերությունը, ինչպես նաեւ նախկինում տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ավտոտրանսպորտային ընկերություններ այսօր գտնվում են օդի մեջ կախվածի կարգավիճակում, այսինքն կամ սեփականաշնորհման գործընթացում են, կամ լուծարման։ Պատճառն այն է, որ մեր նախկին վերադասը, որը մեզ պետք է օգներ եւ աջակցեր՝ այսօր մեր ընկերությունները փակելու եւ փոշիացնելու նպատակ է հետապնդում։ Իր հանցավոր մտադրությունը իրականացնելու համար նախարարության ձեռքին զենք է հանդիսանում «Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը։ Ժամանակին տրանսպորտի բնագավառի բոլոր աշխատակիցների հետ մեկտեղ մենք նույնպես ողջունեցինք այդ որոշումը, նկատի ունենալով, որ վերջապես վերանալու է խնամի-բարեկամ մեխանիզմով երթուղիներ բախշելու ձեւը։ Բայց պարզվեց, որ մի բան է որոշելը, մի այլ բան այդ որոշումը իրական կյանքում իրագործելը։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հարցին մոտեցել է յուրովի։ Ներկայումս գործող եւ միջմարզային երթուղիները սպասարկող ձեռնարկություններից պահանջել է առաջիկայում նախատեսվող չվացուցակներ ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների համար, եւ բնական է, ձեռքի տակ ունենալով սպասարկող ձեռնարկությունների շարժակազմի թվերը, մրցութային փաթեթում ընդգրկել է շարժակազմի այնպիսի քանակ, որ բացի ավտոբուսային երթուղիներից, ներկայումս սպասարկող ոչ մի տրանսորտային ընկերություն ի վիճակի չլինի ներկայացնելու պահանջվող քանակի միկրոավտոբուսներ։ Ի՞նչ օրենքի ու օրինականության մասին է խոսքը (ինչպես նախարարության ներկայացուցիչներն են պնդում), եթե 1939թ. նավագնացության ժամանակից սկսած «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ-ն կարողանում էր կատարել ուղեւորային փոխադրումներ։ 1990-92թթ., հանրապետության համար ծանր տարիներին, երբ շրջաններից մեծ մասում չէր գործում որեւէ ուղեւորատար տրանսպորտային միջոց, Սեւանի շրջանում ոչ մի օր չեն դադարեցվել ուղեւորափոխադրումները։ Սա այն դեպքում, երբ ընկերությունը արդեն 20 տարի աշխատում է առանց վթարների, 24 միավոր ավտոբուսների աշխատանքով կարողանում է պահել 73 աշխատող, որոնք նույնքան ընտանիքի համար հազիվ գոյատեւելու հաց են վաստակում։ Ընկերությունը այսօր սպասարկում է ներմարզային 6 երթուղի եւ միջմարզային Սեւան-Երեւան երթուղում ունի 6 ավտոբուսային եւ 2 միկրոավտոբուսային երթ ու կատարում է կանոնավոր փոխադրումներ՝ սպասարկելով Սեւանի ազգաբնակչությանը։ Զարմանալի է, որ այսքանից հետո այսօր, ըստ տրանսպորտի նախարարության, մենք ի վիճակի չենք փոխադրումներ կազմակերպելու եւ տարիներով գործող Սեւան-Երեւան երթուղին նրանց կամքով այսօր արդեն դարձել է Երեւան-Սեւան երթուղի։ Արվածը նրանք հաստատել են մրցույթով, որի արդյունքները մինչեւ այդ էլ պարզից պարզ էին։ Մենք համոզված ենք, որ Դուք հակված չեք անտեսելու գործող ընկերության բազմանդամ կոլեկտիվի խնդրանքը այն պահին, երբ ընկերությունը գտնվում է սեփականաշնորհման գործընթացի մեջ, այսինքն ոչ պետական է, ոչ էլ սեփական եւ որի առաջ օրենքով փակված են բոլոր տնտեսական զարգացումներին խթանող կազմակերպությունների դռները։ Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, եթե մրցակիցները հավասար դաշտում չեն գտնվում, իսկ նրանց մասնակցությունը եւ ով լինելը հույժ գաղտնի է պահվում, ասելով՝ «վերեւից են»։ Բայց այսօր արդեն այդ նույն նախարարությունը Սեւանից մարդկանց է հավաքագրում երթուղին վճարով տալու համար, մինչեւ իրենց միկրոավտոբուսների տեղ հասնելը։ Հարգարժան նախագահ, մենք լրացուցիչ հայտնում ենք, որ այսօր «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ-ն ի վիճակի է երթուղին ամբողջությամբ սպասարկել։ Մենք դեմ ենք մեր բողոքի ձայնը ցույցերի, գործադուլների, ճանապարհ փակելու մեթոդներով տեղ հասցնելու մտքին։ Մեծարգո նախագահ, ամբողջ կոլեկտիվով եւ մեր ընտանիքների անդամներով (շուրջ 300 մարդ) հայցում ենք Ձեր օգնությունը այս խնդրի լուծման համար։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք մեր ձեւով լուծելու մեզ հուզող հարցը։ Սպասում ենք Ձեր արդար վճռին։ Նամակը ներկայացվել է ընկերության բլանկի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել