Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ «ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՆ» ԵՆ

Հունվար 16,2002 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ «ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՆ» ԵՆ «Հիվանդանոցը արմատական վիրաբուժական միջամտության կարիք է զգում։ Այնտեղ ստեղծվել է վտանգավոր բարոյահոգեբանական իրավիճակ, որը սպառնում է այդ առողջապահական հիմնարկի գոյությանը»։ Մեր խմբագրություն ուղարկած ահազանգում այսպիսի «պայծառ» գույներով են նկարագրում «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում տիրող իրավիճակը կոլեկտիվի մի քանի անդամները, ըստ որոնց, այդպիսի վիճակը ստեղծվել է գլխավոր բժիշկ Աղվան Կարապետյանի «եռանդուն ջանքերի շնորհիվ»։ Բողոքի տակ համարձակվել են ստորագրել երեք հոգի, որոնք, ինչպես ասում են, կորցնելու բան չունեն՝ արդեն իսկ ազատված են աշխատանքից։ Նրանցից մեկը՝ կադրերի գծով տեսուչ Սուսաննա Մկրտչյանը աշխատանքում վերականգնվելու հայցով դիմել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որը մերժել է հայցը։ Գործն այժմ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում է։ Արտառոց ոչինչ չկա. հաստիքը կրճատվել է, ինչի արդյունքում այդ հաստիքը զբաղեցնողը զրկվել է աշխատանքից։ Առաջին ատյանի դատարանն էլ, Աշխատանքային օրենսգիրքը վկայակոչելով, հայցը մերժել է՝ հայցվորին աշխատանքից ազատելը համարելով անօրինական։ Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը որոշ հետաքրքիր մանրամասներ են բացում «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի եւ ոչ միայն դրա մասին։ Նամակում նշված են մի քանի մեղադրանքներ՝ Ա. Կարապետյանին ուղղված. «Գլխավոր բժիշկն իր գործելակերպն է դարձրել հիվանդների կատարած վճարումները յուրացնելը (2 մլն դրամից ավելի)՝ դուրս գրման միջոցով, ավտոմեքենաների, ախտորոշիչ սարքավորումների, գույքի եւ այլնի հափշտակելը։ Առավել «անբասիր» է նա գործել աշխատողների ջարդի ուղղությամբ՝ օպտիմալացում անվան տակ։ Այստեղ առավելապես տուժում են նրան անցանկալի աշխատողները»։ Մասնավորապես Ս. Մկրտչյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են հենց որպես «անցանկալի» անձնավորություն՝ որպես միջոց օգտագործելով հաստիքի կրճատումը։ «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում հաստիքների եւ ֆիզիկական անձանց կրճատման մասին ծանուցագիր կադրերի տեսուչ Ս. Մկրտչյանին տրվել է, ինչպես ինքն է ասում, հենց իր ազատման օրը եւ ոչ օրենքով սահմանված ժամկետում՝ 2 ամիս շուտ։ Սրանք ծանր մեղադրանքներ են եւ թերթում անմահացնելուց առաջ հերքում կամ հաստատում են պահանջում։ Ս. Մկրտչյանի խոսքերի հավաստիությունը այդ ծանուցագրով հաստատել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ այն հերքել. հաստիքացուցակ կազմելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահի, նույն իր՝ ՊՓԲԸ-ի տնօրեն Ա. Կարապետյանի անունով եւ հիվանդանոցի կնիքով ծանուցագրի վրա բացակայում է… ամիս-ամսաթիվը։ Ծանուցագրի վրա թեեւ նշված է Ա. Կարապետյանի անունը, սակայն ստորագրել է ամենեւին ոչ նա, այլ, ըստ Ա. Մկրտչյանի, փոխտնօրեն Մարգարյանը, որի անունը մեր ձեռքի տակ եղած հանձնաժողովի կազմի ցուցակում բացակայում է։ Կրճատումներից հետո կազմված նոր հաստիքացուցակը աշխատակիցներից թաքուն է պահվել եւ այլն։ Իսկ մյուս մեղադրանքների հաստատում-հերքումից մեզ ազատում է Գեղարքունիքի մարզպետ Վահագն Հակոբյանը։ Վերջինս 2001թ. նոյեմբերի 22-ի թիվ 33 կարգադրությունն ունի, որից մեջբերում ենք. «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության եւ մարզպետարանի առողջապահության բաժնի կողմից «Սեւան հիվանդանոց» ՊՓԲԸ-ում կատարված ուսումնասիրության արդյունքները եւ մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման հանձնաժողովի դիտարկումների ակտից բխող առաջարկությունը, ս/թ նոյեմբերի 22-ից «Սեւան հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրեն եւ «Սեւանի շտապօգնության» տնօրենի ժ/պ Աղվան Կարապետյանին ազատել զբաղեցրած պաշտոններից։ Հիմք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ԱՕ) 36-րդ հոդվածի 3-րդ կետ»։ ԱՕ 36-րդ հոդվածի 3-րդ կետն էլ մեջբերենք, որ պարզ լինի՝ ինչ ասել է այդ հիմքը. «Աշխատանքային պայմանագիրը… կազմակերպության ադմինիստրացիայի կողմից կարող է լուծվել, երբ բանվորը կամ ծառայողը աշխատանքային պայմանագրով կամ ներքին աշխատանքային կարգապահության կանոններով իր վրա դրված պարտականություններն առանց հարգելի պատճառների սիստեմատիկաբար չի կատարում, եթե բանվորի կամ ծառայողի նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի միջոցներ»։ Սա կարելի՞ է հասկանալ իբրեւ ղեկավարի կողմից՝ իր ենթակայի աշխատանքի գնահատական։ Երեւի կարելի է, որովհետեւ քիչ թե շատ մեղմացուցիչ հանգամանքների առկայության դեպքում աշխատողին նման ձեւակերպումներով չեն ճանապարհում։ Միայն թե 2001թ. նոյեմբերի 26-ին, նախորդ կարգադրությունից 4 օր հետո Գեղարքունիքի մարզպետ Վ. Հակոբյանը կարգադրում է կասեցնել նախորդի կատարումը, այսինքն Աղվան Կարապետյանին թողնել իր պաշտոնում։ Վերջինիս հանձնարարվում է «մարզպետին ներկայացնել առաջարկություններ հիվանդանոցի բուժական գործի, ֆինանսատնտեսական վիճակի եւ կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման վերաբերյալ»։ Իսկ այս կասեցման հիմքը Ա. Կարապետյանի՝ մարզպետին ուղղված «դիմումում ներկայացված նկատառումներն են»՝ գրված նոյեմբերի 23-ին։ Կարելի է պատկերացնել, թե այդ «նկատառումներն» ինչքան ծանրակշիռ են եղել, որպեսզի նման հիմքով մարդուն աշխատանքից ազատելուց հետո մարզպետը տա երկրորդ կարգադրությունը՝ վերոնշյալ բովանդակությամբ։ Այդ «նկատառումներին» «Առավոտը» ծանոթանալու առիթ կարծում ենք կունենա հենց այս առավոտ, երբ սկսեն հնչել «ծանրակշիռ» հեռախոսազանգերը, եթե, իհարկե, այդ «նկատառումները» միամտություն ունենան ինքնաբացահայտվելու։ Իսկ Ա. Կարապետյանը, գրում են մեր երեք նամակագիրները, «ոգեւորված կատարվածից, իր անհագուրդ կրքերին ավելի ազատություն է տալիս, ոչ ոք նրա ամենահաս հարվածից խույս չի տալիս»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել