Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու

Հունվար 16,2002 00:00

Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու Այս եզրակացությանն ես հանգում՝ ծանոթանալով Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ վկաների տված ցուցմունքներին։ «Առավոտ» թերթն էր մեղավոր, որ Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա նկարը տպվել էր»,- «Ազատություն» ռ/կ-ին վերջերս տված հարցազրույցում ասել էր «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, պնդելով, թե ո՛չ մեր այդ հրապարակման օրը, ո՛չ դրան հաջորդած օրերին, եւ ընդհանրապես՝ ողջ նախաքննության ընթացքում վկաներից որեւէ մեկը որոշակի անձանց եւ առավել եւս՝ Աղամալ Հարությունյանի անունը չի տվել։ «Անուն չի տված, բայց մարդկանց թվաքանակ է տրվել»,- ասել էր Անդրանիկ Պողոսյանը։ Մի թղթակից էլ տարբեր լրատվամիջոցներում շարունակում է պնդել իր վարկածը, թե Աղամալ Հարությունյանի (Կուկուի) անունը շրջանառության մեջ է դրել նախագահի նստավայրը։ Եվ մինչ ակնարկներ են արվում ուղղորդված գործելու վերաբերյալ, մինչ տուժողի իրավահաջորդը պնդում է, թե Աղամալ Հարությունյանն «այնպիսի դեմք ունի, որ դժվար թե չճանաչվի, եւ ես էլ կարծում եմ, որ շատ հավանական է՝ սպանությանը մասնակցած չլինի… Ես ինտուիցիայով հավատացած եմ, որ ինքը չէ», շատ ավելի հավանական է թվում, որ այս (անզգույշ կամ ինչպես ուզում եք որակեք) սպանության համար ամբաստանյալի աթոռին որեւէ մեկն այդպես էլ չի նստի։ Եվ գործը կկարճվի հանցագործությունը կատարած անձանց (կամ անձը) չպարզելու պատճառաբանությամբ, իսկ Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի կա՛մ ապացույցների անբավարար լինելու, կամ էլ (եթե ավելի համարձակ գտնվեն) հանցակազմի բացակայության հիմքով։ Դատեք ինքներդ։ Գործով դատակոչված 30 վկաներից երեկ արդեն հարցաքննվեց 23-րդը։ Եվ որեւէ մեկն այդպես էլ ցուցմունք չտվեց, թե Աղամալ Հարությունյանն առնչություն ունի Պողոս Պողոսյանի սպանությանը։ Նրա սեղանակիցների ցուցմունքները հակասական էին։ Շատ վկաներ չկրկնեցին իրենց նախաքննական ցուցմունքներն անգամ։ Դատարանում ականատեսները կա՛մ փորձում էին ապացուցել, թե իրենք ոչինչ չեն տեսել, չեն լսել ու չեն հիշում, կա՛մ էլ կատարվածի մեղքը բարդում էին ինչ-որ անանուն-անծանոթ անձանց վրա, որոնց մասին առավելագույնն այն է հայտնի, որ նրանք ջինսով էին կամ «մայկաներով»։ Պարզ է, որ միայն այս «հատկանիշներով» աշխարհի լավագույն նախաքննական մարմինն անգամ չի պարզի միֆական հանցագործներին։ Ու թերեւս զուր են հույսերը, թե այլ վկաների ցուցմունքներ գուցե եւ լույս սփռեն կատարվածի վրա։ Մնացածներից 5 հոգին ընդհանրապես չեն գալու դատարան՝ փաստաթուղթ ունեն, թե հիվանդ են կամ բացակայում են հանրապետությունից։ Եվ անգամ մեղադրող Էդուարդ Սարիկյանն էր երեկ միջնորդում դադարեցնել հարցաքննությունները, քանի որ վկաները էական որեւէ հանգամանք չեն ասում։ Սակայն Աղամալ Հարությունյանի պաշտպանը՝ Յանիկյանը, դեմ էր։ Նա միջնորդեց բերման ենթարկել անհարգելի պատճառով դատավարությանը չներկայացած Մարինե Մայիլյանին։ Մեկ այլ խորտկարանի այս մատուցողուհին, որտեղ մինչեւ «Առագաստ» այցելելը եղել էին Պողոս Պողոսյանն ու իր ընկերները, թերեւս երկուշաբթի վկայի, որ նրանք մինչ այդ էլ էին խմել։ Այնպես որ, բացառված չէ, որ Պողոս Պողոսյանը դեռ հետմահու բարոյապես դատապարտվի հարբած վիճակում նախագահին վիրավորելու համար։ Իսկ դրա համար նրան սպանողների (կամ սպանածի) որեւէ անուն, վստահ եղեք, այդպես էլ հայտնի չի դառնա, բացի նրանից, որ հրապարակվեց մեր «մեղավորությամբ» ու… նախագահի նստավայրի ուղղորդմամբ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել