Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ

Հունվար 16,2002 00:00

ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ Թեեւ 2000 թ. ապրիլի 10-ին խափանման միջոցի փոփոխությունից հետո «27»-ի գործով նախկին մեղադրյալ, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տվել, բայց առայժմ չի պատմել այն ամենի մասին, ինչ իր հետ տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ Թեեւ այդ նկարագրությունը կա 1999 թ. նոյեմբերի 8-ից (երբ նա հարցաքննվել էր իբրեւ վկա) մինչեւ 2000 թ. հունիսը նրա տված ցուցմունքներում, պատկերն այնքան էլ ամբողջական չէ, կան նաեւ տարբերություններ ու հակասություններ։ Սակայն նախ ներկայացնենք Ալեքսան Հարությունյանի 08.11.1999 թ. ցուցմունքի այն դրվագը, որտեղ նա վկայել է պետական հեղաշրջման փորձից հետո իր եւ Նաիրի Հունանյանի առաջին հեռախոսազրույցի մասին։ Գործավարուհուց տեղեկանալով, որ իրեն զանգահարել է ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանը, Ալեքսան Հարությունյանը զանգահարել էր նրան, պատգամավորն էլ փոխանցել էր Հունանյանին. «Նաիրի Հունանյանը վերցրեց հեռախոսը եւ ասաց. «Հիմի լսի, քեզ ինչ եմ ասում։ Շտապ նախագահիդ վերցրու եւ եկեք այստեղ»։ Ես հարցրի՝ ի՞նչ է պատահել։ Նա ասաց. «Ես Վազգենին սպանել եմ, հիմա ուզում եմ, որ նախագահը գա այստեղ»։ Ես լռեցի, նա գոռաց. «Չե՞ս լսում, քեզ ինչ եմ ասում, դու լա՛վ չես ճանաչում, մի տարի է՝ չգիտես ես ով եմ, հիմա թող նախագահը շտա՛պ այստեղ գա»։ Առաջ անցնելով նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում կատարվածի գաղտնալսված հատվածում Նաիրի Հունանյանն արդեն բոլորովին այլ տոնով եւ բառապաշարով է խոսում Ալեքսան Հարությունյանի հետ։ Ասենք, ներկայացնենք ժամը 01.40-ի սահմաններում գաղտնալսված զրույցից մի հատված. «Հետո բանի հարցը կա, գիտես, Ալիկ, այստեղ, հացի, բանի, ժողովուրդը բոլորը սոված են։ Հա, Ալիկ ջան, եթե դա էլ անես, լավ կլինի։ Դու ինձ զանգում ես։ Մի հատ բան կա։ Ես հեռախոսով չեմ ուզում ասել, հասկանո՞ւմ ես։ Ուզում էի քո հետ խոսայի առանձին։ Հա։ Դե բան արա, էս հումորով արեցի»։ Փետրվարի 2-ի հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել էր, թե այդ ի՞նչ թեմայի շուրջ Հունանյանը չէր ցանկացել հեռախոսով խոսել, կամ ինչպե՞ս է մեկնաբանում, որ դեռ 20.30-ի սահմաններում էր Հունանյանը պնդել, որ իրենց հանդիպմանը որեւէ մեկը չպիտի ներկա լինի. «Ես ու Ալիկը մտնում ենք մենակ, մենակ երկուսով եւ ուրիշ ոչ մեկ»։ Ալեքսան Հարությունյանը, որն այդ հարցաքննության տակ ստորագրել էր «քաղաքական պատանդ», հրաժարվել էր գաղտնալսումների մեկնաբանությունից. «Հարցրեք Ն. Հունանյանին։ Թող շարունակի իր զրպարտությունները։ Ես լավ գիտեի, որ այդ ամենը ձայնագրվում էր։ Եթե ինչ-որ բանում մեղավոր լինեի, ընդհանրապես չէի խոսի եւ այս հարցերն էլ չէին լինի»։ Նույն հարցը նրան տրվել է նաեւ 2000 թ. մայիսի 17-ի հարցաքննության ժամանակ, երբ արդեն ազատության մեջ գտնվող Ալեքսան Հարությունյանը, ասենք այսպես, ավելի բարեհաճ էր քննչական խմբի նկատմամբ եւ այլեւս չէր հրաժարվում ցուցմունք տալ։ Սակայն նա դարձյալ, ըստ էության, հրաժարվել էր. «Ես չեմ կարող հիշել առանձին, ոչինչ չնշանակող կտորներ, որ ներկայացվում են։ Կարող եմ ենթադրություններ անել, սակայն ենթադրություններ եւ եզրակացություններ անելու մասնագետ չեմ, նման տիպի լավ մասնագետներ մի ժամանակ կային զինդատախազությունում, կարելի է սրանով բավարարվել»։ Ալեքսան Հարությունյանն այլ պարագաներում էլ է հրաժարվել խնդրահարույց, հակասական հանգամանքների շուրջ պարզաբանումներից։ Մեջբերենք. նույն 17.05.2000 թ. հարցաքննության ժամանակ գլխավոր դատախազության քննիչ Ջոն Ֆարխոյանը հարցնում է, թե ինչո՞ւ է իր ցուցմունքներում նշել, որ Ն. Հունանյանին ճանաչում է 1988-ից, հետագայում նրա հետ շփումներ չի ունեցել եւ միայն 1999 թ. գարնանն է հանդիպել կառավարության շենքի մոտ, երբ քննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ դեռ 1997-ի վերջին-1998-ի սկզբին (այն ժամանակ Ալեքսան Հարությունյանը զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը) Ն. Հունանյանը եկել է նրա մոտ։ «Եթե ես իմանայի, որ Ն. Հունանյանը նշանավոր մարդ է դառնալու եւ զինդատախազությունն ինձ նման անհիմն մեղադրանք է առաջադրելու, հուշատետր կպահեի եւ 1983-ից սկսած մեր բոլոր հանդիպումները կգրանցեի։ Ես չեմ բացառում, որ նման հանդիպում եղել է։ Չեմ հասկանում, թե ինչ կապ ունի մեղադրանքի եւ այս քրեական գործի հետ»,- այս նույն ոճով Ալեքսան Հարությունյանը հակադարձում է նաեւ իր իսկ ցուցմունքների միջեւ հակասությունների վերաբերյալ հարցերին։ Ասենք, թե ինչո՞ւ էր առաջին ցուցմունքներում նշել, որ Մարտուն Մաթեւոսյանն էր իրեն զանգել եւ հեռախոսը փոխանցել Հունանյանին, իսկ ավելի ուշ տեղի ունեցած հարցաքննությունների ժամանակ՝ թե ինքն էր դեպքից 2 ժամ հետո զանգել նրա թողած հեռախոսահամարով եւ խոսել։ Կամ ինչո՞ւ էր մի դեպքում ասել, որ Անդրանիկ Մարգարյանն էր իրեն զանգահարել եւ հայտնել, թե Հունանյանը երաշխավորում է նախագահի անվտանգությունը, իսկ մայիսի 13-ի ցուցմունքում արդեն նշել էր, որ ուղղակի Նաիրի Հունանյանի հետ առաջին անգամ խոսելու ժամանակ կողքից է լսել Անդրանիկ Մարգարյանի ձայնը, եւ նա էլ վերցնելով լսափողը Հունանյանից՝ շարունակել է խոսակցությունը։ Կամ՝ ինչպե՞ս էր ստացվել, որ չնայած (Ալեքսան Հարությունյանի ցուցմունքի համաձայն) նախագահ Քոչարյանը ցուցում էր տվել չպատասխանել զանգերին, եւ ինքն անջատել էր հեռախոսը, սակայն քննությամբ պարզվել է, որ Ալեքսան Հարությունյանը Նաիրի Հունանյանի հետ բազմիցս հեռախոսային կապ է հաստատել պատգամավորների եւ դահլիճում եղած այլ անձանց միջոցով։ Կարելի էր եւ շարունակել հակասությունների թվարկումը, սակայն մեջբերենք, թե ինչ պատճառաբանություններ է ներկայացրել Ալեքսան Հարությունյանն այս ամենին ի պատասխան։ Հիմնականում կրկնվում են այս արտահայտությունները. «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են կարեւոր այդ աննշան մանրամասները, ի՞նչ կապ ունի դա գործի քննության հետ», «Էական որեւէ հակասություն չեմ տեսնում», «Չեմ կարող մանրամասներ հիշել»։ Այս հարցաքննության ընթացքում քննիչի տված մեկ այլ հարց կարոտ է առավել հանգամանալից անդրադարձի. «Ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ բանակցությունների ժամանակ խոսակցության բովանդակությունը, Ն. Հունանյանի պահանջները տարբեր ցուցմունքներում ներկայացրել եք տարբեր կամ ոչ լրիվ»։ Ալեքսան Հարությունյանը մասնավորապես պատասխանում է. «Քանի որ ես չեմ սղագրել այդ բանակցությունները, չեմ կարող բառ առ բառ վերարտադրել»։ Ուստի նրա տարբեր ցուցմունքներից հավաքենք հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 04.30-ի սահմաններում կայացած այդ բանակցությունների խճանկարը։ Նախ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ թույլ չէր տվել, որ կայանա այդ հանդիպումը։ «Վախ կար, որ ինձ պատանդ կվերցնեին, որպեսզի նախագահին ստիպեն գալ դահլիճ»,- գրում է դեռեւս վկա Ալեքսան Հարությունյանը նոյեմբերի 8-ի ցուցմունքում։ Ավելի ուշ տված իր ցուցմունքներում նա հավելել էր, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն ցուցում էր տվել չգրգռել Հունանյանին, համոզել հանձնվել եւ հստակեցնել նրա պահանջները։ Իսկ ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանն «ինձ ասել էր, որ նրա հետ զգույշ խոսեմ, չվիճեմ, համաձայնեմ բոլոր ասածներին»։ «Այս ինչ եք արել, հասկանո՞ւմ ես»,- ըստ Ալեքսան Հարությունյանի, այդ հարցն էր տվել ինքը հանդիպման ժամանակ Նաիրի Հունանյանին։ Իսկ նրա կրկնված մտքին, թե քանի կար Վազգեն Սարգսյանը, այս երկիրը երկիր չէր դառնալու, հակադարձել էր. «Ես ասացի՝ հիմա ընդհանրապես չի դառնա, եթե մի երկրում այսպիսի բան է կատարվում»։ Նաիրի Հունանյանը յուրօրինակ «համբերության» կոչ էր արել. «Մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի»։ Ի դեպ, 2000 թ. մայիսի 13-ին արդեն ազատության մեջ գտնվող Ալեքսան Հարությունյանը հայտնել էր մի մանրամասն այդ զրույցի մասին, որ մինչ այդ երբեք չէր բացահայտել։ Եվ այսպես, հանդիպման ժամանակ Նաիրի Հունանյանն ասել էր Ալեքսան Հարությունյանին. «Ասաց, որ կանցնի ժամանակ, իմ երեխաները ծաղիկներ կբերեն իր արձանին, եւ ես կհիշեմ այսօրվա խոսակցությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել