Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունվար 16,2002 00:00

ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Ոչ թե անձին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նաեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը մեր զրույցի ընթացքում նախ, անդրադառնալով սոցիալիստամետ 6 ուժերի միավորման համատեղ ծրագրին, ասաց, թե դրա ուղղությամբ դեռ անցյալ նոյեմբերին սկսված աշխատանքներն արդեն ավարտվել են: «Մենք գտնում ենք, որ կարեւորը գաղափարական հենքի վրա սոցիալիստական ուժերի միավորումն էր: Դա կարեւոր է, քանի որ իշխանամետ մամուլը հատկապես վերջին շրջանում փորձում է վարկաբեկել, ընդհանրապես, «կուսակցություն», «գաղափարախոսություն» հասկացությունները՝ պնդելով, թե բոլոր կուսակցությունները կամ նույն ծրագիրն են ներկայացնում, կամ ընդհանրապես ծրագիր չունեն: Միասնական ծրագրով հանդես գալով՝ մենք առաջին հերթին հաստատում ենք, որ այս իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության, նաեւ անսահմանափակ ազատականություն դավանող մյուս ուժերի գաղափարական հակառակորդներն ենք, եւ, այդպիսին լինելով, նաեւ ներկայացնում ենք դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսության մեր՝ ազգային մոդելը, որի հիման վրա կարող ենք համակարգային փոփոխություններ իրականացնել՝ նպատակ ունենալով հաստատել առաջին հերթին սոցիալական արդարության սկզբունքը: Մենք բացառում ենք հասարակության բեւեռացումը գերհարուստների եւ գերաղքատների, եւ, ամենակարեւորը, գտնում ենք, որ պետության դերը չի կարելի հասցնել այն աստիճան նվազագույնի, որի դեպքում նույնիսկ նշանակություն չունի՝ կա՞ պետություն, թե՞ ոչ: Մենք կողմնակից չենք, որ պետությունը նորից կառավարի բոլոր պրոցեսները, բայց կողմնակից ենք, որ պետությունը, այնուամենայնիվ, կարգավորի այդ պրոցեսները՝ նաեւ շուկայական հարաբերությունների պայմաններում: Հենց այդ իմաստով մենք տարբերվում ենք ազատական գաղափարախոսությունից եւ այսօրվա իշխանություններից»,- ներկայացնելով քաղաքական նոր միավորման ծրագրային դրույթները, ասաց Ա.Սարգսյանը: ՀԺԿ-ի եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման հանդիպման ժամանակ, ՀԺԿ ներկայացուցիչը կարեւորել էր ոչ միայն ծրագրի, այլեւ դրա իրագործման մեխանիզմների շուրջ գաղափարակից կուսակցությունների միավորման խնդիրը, որը, սովորաբար, տարաձայնությունների հիմնական պատճառ է դառնում: «Ես համամիտ եմ, որ համատեղ ծրագիր ընդունելուց հետո որոշվի նաեւ գործողությունների միասնական ծրագ իր»,- համաձայնեց պարոն Սարգսյանն ու հավաստիացրեց, թե սոցուժերի միավորումը հիմնականում այդ խնդիրն էլ է լուծել: Դեմկուսի նախագահը տեղեկացրեց, թե նաեւ առաջիկա հինգշաբթի օրը «Սոցիալիստական Հայաստանի» քաղխորհուրդն իր նիստում կրկին անդրադառնալու է համատեղ ծրագրի իրագործման մեխանիզմներին ու ձեւերին, որին հետեւելու են արդեն ավելի գործնական քայլեր: Որպես այդպիսին՝ պարոն Սարգսյանը հիշատակեց առաջիկայում համաժողովի հրավիրումը, որն, ըստ էության, լինելու է Միավորման այցեքարտը քաղաքական դաշտում: Ավելի ուշ սոցուժերի մշակած համատեղ ծրագիրն ու դրա իրագործման մեխանիզմները կներկայացվեն հանրությանը՝ նրանց հետ հանդիպումների եւ այլնի միջոցով: «Ժողովուրդը պետք է համոզվի, որ մեր ծրագիրը տարբերվում է իշխանությունների ծրագրից, եւ, որ ավելի կարեւոր է, մեր բոլոր գործողությունները համակարգված են»,- վստահեցրեց Ա.Սարգսյանը եւ ավելացրեց, թե սոցուժերի միավորումն ուղղված է ոչ թե անձերի, այլ գաղափարախոսության դեմ: «Ես ուզում եմ, որ սա հստակ ընկալվի հասարակության կողմից եւ թյուր տպավորություն չստեղծվի: Ասում ենք՝ լինելու ենք ընդդիմություն եւ ամեն ինչ անելու ենք այսօրվա իշխանությունը տապալելու համար՝ սահմանադրական ճանապարհով, եւ փորձելու ենք գալ իշխանության՝ մեր ծրագրերն իրագործելու նպատակով»,- հայտարարեց նա: Վերջինս մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ քաղաքական դաշտի հստակեցման անհրաժեշտությանը: Այսօր «աջ» ու «ձախ» տասնյակից ավելի կուսակցություններ կան: Արդյո՞ք «հստակեցում» ասելով Ա.Սարգսյանը նկատի ունի կուսակցությունների խումբ-խումբ միավորումները, թե՞ ակնկալում է «աջ» եւ «ձախ» գաղափարախոսություն դավանող մեկ- երկու խոշոր կուսակցությունների հայտնությունը: «Մենք հիմա սկիզբ ենք դնում ձեր ասած գործընթացին: Չեմ կարծում, որ այդ գործընթացն այնքան դյուրին է, որ ինչ-ինչ ճանապարհ անցած եւ կենսագրություն ունեցող կուսակցությունները հանկարծ մի օրվա մեջ կարող են միավորվել: Միավորման պրոցեսն էլ պետք է բնականոն լինի: Այսօր դա կլինի միավորում, վաղը՝ նախընտրական դաշինք, կձեւավորվի միասնական ցուցակ, միասնական թիմ, ստվերային կաբինետ… Հետո, թերեւս, ձեւավորվի նաեւ միաձույլ կուսակցություն: Ճիշտն այն կլինի, որ քաղաքական դաշտում լինեն «ձախ» եւ «աջ» լուրջ քաղաքական միավորումներ եւ մրցակցեն քաղաքակիրթ ձեւերով»,- կարծիք հայտնեց պարոն Սարգսյանը: Անդրադառնալով այսօր օրակարգի հարց դարձած սահմանադրական բարեփոխումներին եւ հանրաքվեի առաջարկվող տարբերակներին, պարոն Սարգսյանն ասաց, որ սոցուժերի 6-յակը պաշտպանում է խորհրդարանական համակարգ առաջարկող տարբերակը եւ առաջիկայում կոնկրետ գործունեություն է ծավալելու այդ տարբերակը հանրությանը ներկայացնելու եւ հանրաքվեի դնելու ուղղությամբ: Ըստ Ա.Սարգսյանի, դա նախեւառաջ քաղաքական խնդիր է եւ կարող է նաեւ լակմուսի թուղթ լինել՝ որոշելու համար, թե կուսակցությունները որքանով են առաջիկայում վերահսկելի դարձնելու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել