Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին

Հունվար 15,2002 00:00

Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին Երեկ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մեկնարկեց մրցաշրջան-2002-ում թենիսի «Մեծ սաղավարտի» անդրանիկ մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կանաչ երկրում հանդես կգան մեծ ռակետի աշխարհի բոլոր ուժեղագույն վարպետները, այդ թվում նաեւ մի քանի ամիս առաջ հայր դարձած ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին։ Ավելորդ է ասել, որ բոլոր մասնակիցներն էլ ամենայն պատասխանատվությամբ են նախապատրաստվել մրցաշարին։ Շատերն արդեն իրենց ուժերը փորձել են Ավստրալիայի բաց առաջնությանը նախորդած մեկնարկներում։ Իսկ ահա Աղասին եւ նրա համերկրացի Փիթ Սամփրասն օրերս միմյանց հետ հանդիպեցին նույնպես Մելբուռնում կազմակերպված «Kooyong Classic» ցուցադրական մրցումում։ Թենիսի այս երկու հսկաների պայքարն անցավ անչափ լարված ու անզիջում եւ ավարտվեց Փիթ Սամփրասի դժվարին հաղթանակով՝ 7։6 (8։6), 6։7 (6։8), 6։3 հաշվով։ Չնայած գրանցված արդյունքին, Կանաչ աշխարհամասին ոչ պակաս լրջությամբ նախապատրաստված բուքմեյքերական գրասենյակներում դրամական ներդրումներ կատարող մարզաձեւի սիրահարները հաղթողի թիվ մեկ հավակնորդ են համարում Աղասիին, որի հնարավորությունները միջին հաշվով գնահատվել են 6։1։ Աշխարհի անցած տարվա լավագույն թենիսիստ Լեյթոն Հյուիթն Աղասիին զիջում է աննշան՝ 7։1։ Այս ցուցակում երրորդը ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովն է եւ նրա վրա գրավ դնողները կարող են շահել 9 անգամ ավելի գումար, քան նախնականն է։ Սեբաստյան Գրոսժանն ու Մարատ Սաֆինը բաժանում են 4-5-րդ տեղերը՝ 15։1։ Իսկ Սամփրասի, Էնդի Ռոդիկի եւ Գուստավո Կուերտենի շանսերը գնահատվում են 17։1 հարաբերությամբ։ Կանանց մեջ անվիճելի առաջատար է համարվել Վինուս Ուիլյամսը՝ 2։1։ Մարթինա Հինգիսը, որն անցած տարի նույն մրցաշարի կիսաեզրափակիչում 6։1, 6։1 հաշվով «ջարդուփշուր» էր արել Վինուսին, 7։1 գործակցով չորրորդն է։ Յուրօրինակ այս ցուցակում նրանց միջեւ հայտնվել են Ջենիֆեր Կապրիատին՝ 11։2 եւ Սերենա Ուիլյամսը՝ 6։1։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել