Լրահոս
Օրվա լրահոսը

Ակամա տառապյալներ

Հունվար 15,2002 00:00

Ակամա տառապյալներ Առեղծված է։ Մենք շատ ենք դժգոհում հեռուստակինոէկրանները ողողած սպանության եւ բռնության տեսարաններով, բայց մոլագարի համառությամբ շարունակում ենք փնտրել հանրահայտ մարդկանց սպանության ամենաանհավանական վարկածներ։ Ահա ոչ լրիվ ցուցակը այն մարդկանց, ովքեր մյուս աշխարհ են գնացել ոչ սեփական կամքով։ Սկսենք Պուշկինից, որի շնորհիվ ամեն աշակերտ համոզված է, որ Մոցարտին թունավորել է Սալյերին, իսկ Բորիս Գոդունովը մորթել է պատանի արքայորդի Դիմիտրիին։ Եվ սա այն դեպքում, երբ այն ժամանակվա փաստաթղթերի ներկայիս վերլուծությունը վաղուց ապացուցել է, որ Սալյերիի գլխում իր գործընկերոջը թունավորելու ոչ մի միտք չէր ծագի, քանի որ ինքը՝ Սալյերին, այն ժամանակ ավելի հանրահայտ էր, հարուստ եւ հասարակության կողմից սիրված, քան ինչ-որ Մոցարտ։ Ինչ վերաբերում է ցարի որդուն, ապա նա հիվանդ էր բնածին սիֆիլիսով եւ տառապում էր ընկնավորությամբ։ Դիմիտրին շատ էր սիրում խաղալ դանակներով եւ ոչ ոք չգիտեր, որ նրա հերթական խաղը կարող է զուգադիպել նոպային եւ նա կկտրի իր քներակը։ Դեռեւս շարունակվում են տպագրվել գրքեր, ուր նորից ու նորից կարդում ենք, որ Ստալինը թունավորել է Կրուպսկայային, որ նրա հրամանով թունավորել են Գորկուն եւ սպանել Մայակովսկուն, որ Տրոցկու հրամանով սպանել են Եսենինին, իսկ «ժողովրդի առաջնորդին» նույնպես այն աշխարհ են ուղարկել հրեա բժիշկները։ Այդ բոլոր հավաստիացումների մեջ, մասնագետների կարծիքով, առյուծի բաժինը պատկանում է հնարանքին եւ դիցաբանությանը։ Չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում լսել անգամ այն մասին, որ Կրուպսկայան, համարյա ողջ կյանքում, ծանր հիվանդ էր։ Գորկին նույնպես անառողջ էր (հիվանդ՝ թոքախտով), իսկ Մայակովսկին եւ Եսենինը տարբեր պատճառներով իրենք են ձեռք բարձրացրել իրենց վրա։ Ոչ, ժողովրդին պետք են անառողջ սենսացիաներ։ Ասում են «սպանել են», ուրեմն՝ սպանել են։ Կամ մենք շատ ենք սովորել արյան եւ ծարավ ենք բռնություն տեսնել անգամ այնտեղ, որտեղ այն չկա։ Դատաբժշկական քննախույզ, պրոֆեսոր Ալեքսանդր Մասլովը պատմում է. – Մենք հստակ ապացուցել ենք, որ Մայակովսկու վրա դռների մոտից ոչ ոք չի կրակել. կրակոցը եղել է մոտիկից, իսկ իբր ճչոցից բացված բերանը վկայում է միայն այն մասին, որ սպանված բանաստեղծի ծնոտը ոչ ոք չի կապել։ Եսենինի մահվան շուրջ վեճերը չեն դադարում մինչ օրս, չնայած հանձնաժողովի եզրակացությունը միանշանակ է՝ ինքնասպանություն։ Բայց ոչ, մարդիկ շարունակում են նրա մահվան նոր միջոցներ հայտնագործել։ Ինչեր ասես չենք լսել՝ Եսենինին խեղդել են, ծեծել են, եռացած ջրով այրել են, պատշգամբից նետել են, հարվածել են ատրճանակի կոթով, մոմակալով, մահացած վիճակում օղակ են անցկացրել վզին եւ կախել… Չի եղել նման բան։ Ի՞նչն է դրդում բանաստեղծների, երաժիշտների, պատմական հերոսների երկրպագուներին, որոնք ի հեճուկս գիտական ապացույցների եւ փաստերի, կառչել են իրենց հերոսների սպանության ամենատարբեր վարկածներից։ Ինչպես կարծում է հոգեբան Սերգեյ Անտոնովսկին, դա շատ օրինաչափ երեւույթ է, հատկապես, երբ մարդու մահվան պատճառը ինքնասպանությունն է։ Մարդիկ չեն ուզում, որ իրենց տաղանդավոր երկրպագուն ինքնասպան լինի։ Նրանք ավելի լավ են զգում, երբ համոզված են լինում, որ նախանձներն են հանճարեղ աստղերին տանջամահ արել։ Դա թույլ է տալիս ավելի շատ իդեալականացնելու նման մարդու կյանքը եւ ստեղծագործությունը։ Այսօր արդեն շատ է խոսվում «Նիրվանա» խմբի առաջնորդի՝ Կուրտ Կոբեյնի բռնի մահվան մասին, ներկայացվում են Վիկտոր Ցոյի սպանության նորանոր վարկածներ։ Որոշ ընկերների համար դատաեզրագետների եզրակացություններին չհավատալու մի պատճառ եւս կա։ Իսկ եթե դրվեն բոլոր վերջակետները, էլ ո՞վ կկարդա «Ո՞վ է սպանել Եսենինին, Մայակովսկուն, Գորկուն» եւ այլ խոսուն վերնագրերով գրքեր եւ հոդվածներ… Թարգմանեց ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել