Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հունվար 15,2002 00:00

ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» Հետաքրքիր է, երբ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը որոշեց, որ բավական է, ինչքան Արա Երնջակյանը գնահատեց ու բեմ բարձրացրեց հայ գեղեցկուհիներին, եւ որ արդեն ժամանակն է Հայաստանի «միսսերը» բեմի վրա ճեմեն ու ժպտան անձամբ փոխնախարարի բարձր պատրոնաժով, գիտե՞ր, կասկածո՞ւմ էր, թե՞ ինչ պատասխան պիտի ստանա։ Երեւի մտածում էր, թե խոստացածի պես Ա. Երնջակյանը կդիմի դատարան, բայց վերջինս նախընտրել էր հույսը չդնել մեր փառապանծ դատական իշխանությունների արդարադատության վրա ու չփորձել «դիվանբաշու» միջոցով լուծել բազմաթիվ անհայտներով «ի՞մն է «միսսը», թե՞ քոնը» խնդիրը։ Փոխարենը, նա դիմել էր մի այլ, ոչ պակաս հնչեղ քայլի՝ բեմադրելով «Միսս Հայաստան» ներկայացումը։ Քանի դեռ պրն փոխնախարարը չի հասցրել որոշել, որ Արա Երնջակյանը հարկ եղածին պես չի ղեկավարում Երեւանի պետական կամերային թատրոնը, ու այստեղ էլ է զգացվում «բարձրաճաշակ» Կ. Արիստակեսյանի ձեռքի պակասը, Կամերային թատրոնի խաղացանկում հայտնված «Միսս Հայաստանը» հասցրեց հակահարված տալ «յուղոտ պատառը թռցնողին»։ «Միսս Հայաստանում» իրադարձությունները զարգանում էին… դժոխքում։ Ինչ խոսք, Երնջակյանի մտահղացած դժոխքը մեր պատկերացրած դժոխքից շատ էր տարբերվում։ Այնտեղ ամեն ինչ այնքան ծանոթ էր ու սովորական, որ դժվար էր ընկալել, թե դա մեր հարազատ միջավայրը չէ, այլ՝ գերբնական ու սարսափազդու մի տանջարան։ Առավել եւս, որ այնտեղ ամենատանջվածը գլխավոր սատանան էր՝ Լյուցիֆերը, նույն ինքը՝ Բեհեզեբուղը, նույն ինքը՝ Սատանայապետը, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել վավաշոտ ու սիրառատ մեղավոր գեղեցկուհուց։ Վերջինս, չգիտես ինչու, ըստ սցենարի հեղինակ Ա. Երնջակյանի, մինչ դժոխք հասնելն աշխատել էր պետական լրատվամիջոցներում։ Իր «անաստվածային կատակերգությունում» պրն Երնջակյանը հանդիսատեսին էլ չէր մոռացել. հոգեւոր սնունդ ստանալու վեհ ու վսեմ նպատակով թատրոն այցելածներս հանկարծակի պարզեցինք, որ մենք դժոխքի բաժին դարձած մի նոր խմբաքանակ ենք Հայաստանից։ Այստեղից, ի դեպ, հոսքը դեպի դժոխք այնքան մեծ է, որ կաթսաներն անգամ չեն հերիքում։ Ու մինչեւ ներկայացման ավարտը մի խումբ դժոխային չինովնիկներ տառապում էին, մեզ՝ մեղավորներիս, տեղավորելու հարցը լուծելու տարբերակ փնտրելով։ Իսկ այդ գրողի տարած դժոխքում գրեթե նույն խնդիրներն էին, ինչ մեզ մոտ՝ լափած մազութից ու սեփականաշնորհման ենթակա տարածքներից սկսած եւ «Միսս Հայաստան» մրցույթակռվով վերջացրած։ Երաժշտական համարներով, սրամիտ երկխոսություններով համեմված ներկայացումը, շնորհիվ դերասանների ջանքերի, ռեժիսորի աշխատանքի՝ հանդիսատեսներին պահում էր չթուլացող լարվածության մեջ։ Իհարկե, սցենարում առկա էր որոշ անհարկի ձգձգվածություն։ Մասնավորապես չյուղած սմբակ-անիվներով սպիտակ ձիու ինքնանպատակ հայտնվելն ու անհետանալը, «հիմա ես ի՞նչ անեմ, էս ճամպրուկը ո՞ւմ հանձնեմ» խաչվանքյանական հայտնի մոտիվով ընթացող երկու դույլ մազութի «ի՞նչ անել» պատասխանի փնտրտուքը եւ այլն, եւ այլն։ Որոշ հատվածներում էլ զգացվում էր պարզագույն «շիրպոտրեբին» տուրք տալու ցանկություն, թեեւ Կամերային թատրոնի հանդիսականը հիմնականում «շիրպոտրեբի» սիրահարը չէ։ Ու թեեւ, ելնելով թեմայից ու բեմադրության բուն նպատակից, այս ներկայացումը կարճ ժամանակ հետո ուղղակի ժամանակավրեպ կդառնա (եթե, իհարկե, վերնագրի եւ սցենարային որոշ փոփոխություններից հետո այն չվերակենդանանա որպես մի նոր գործ)։ Պետք է խոստովանել, որ հանդիսատեսները հիմնականում հեռանում էին բավականություն ստացած։ 2,5 ժամով թոթափել էին առօրյա հոգսերն ու անհոգ ծիծաղել։ Իսկ դա նույնպես գնահատանքի արժանի բան է։ Իսկ ներկայացման ավարտը կարծես արիա լիներ այլ օպերայից՝ դժոխքից «վերադառնալով» Հայաստան, մեր օրերը, դերասանները միաբերան տալիս էին հռետորական «իսկ ի՞նչ կարող եմ ես անել մենակ» հարցը։ Հարցն, ըստ էության, տալիս էր ծննդյան 50 եւ աշխատանքային գործունեության 30-ամյակը նշող Արա Երնջակյանը։ Ենթատեքստում, ըստ ամենայնի, օգնության կոչ էր բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում, որ իրենց ստեղծածին վաղը մեկ ուրիշը տիրանա, ու նախադեպի դեմն առնելով, իրենք իրենց էլ պիտի ապահովագրեն։ Եվ, սակայն, ամենամեծ զավեշտը վերջում էր։ Երկարատեւ ծափողջույններից հետո, պատվոգիրը ձեռքին բեմ բարձրացավ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը եւ նախարար Ռոլանդ Շառոյանի անունից շնորհավորեց ու պատվոգիր հանձնեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարին։ Սա կարելի էր համարել դեմոկրատիայի վերջին ճիչը, եթե չասվեր, որ պատվոգիր հանձնելու հրամանը ստորագրվել է սեպտեմբերին, երբ այս ներկայացումը, որն, ըստ էության, պատասխան էր Ռ. Շառոյանի աջ թեւ հանդիսացող Կ. Արիստակեսյանին, դեռ չկար հեռանկարում։ Սակայն պրն Շառոյանի սուպերդեմոկրատական սկզբունքները դեռ հաստատվելու կարիք ունեն. ապրիլին նախատեսվում է շուքով նշել Կամերային թատրոնի 20-ամյակը։ Ա՛յ, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով կամ Ա. Երնջակյանը, կամ «Միսս Հայաստան» ներկայացումը չլքեն այդ թատրոնը եւ հոբելյանն էլ շուքով նշվի՝ նախարարի ներկայությամբ (իսկ ավելի լավ է՝ նաեւ փոխնախարարի), հպարտությամբ կազդարարենք, որ մեր իշխանական դաշտում հայտնվել է ազատամիտ մեկը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել