Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ»

Հունվար 15,2002 00:00

ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ» Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Ես նախկինում բազմիցս իմ դիմում-բողոքներում նշել եմ գլխավոր դատախազության խախտումների եւ անօրինականությունների մասին, սակայն մինչ օրս ոչ մի գործնական արդյունք չի եղել։ 1994-ից նախկին ԱԺ պատգամավոր, Էրեբունու համայնքապետ, ներկայիս ՀՀ տրանսպորտի նախարարության երկաթգծի դեպարտամենտի պետ, փոխնախարար Արարատ Խրիմյանը եւ նրա փեսան՝ քրգործով մեղադրյալ Սամվել Կարախանյանը, հանցավոր համաձայնության գալով, խարդախությամբ, ահաբեկչության, «գյուլելու» եւ Ղարաբաղ ուղարկելու ու վերացնելու սպառնալիքներով ինձնից հափշտակել են շուրջ 53.000 ԱՄՆ դոլարի գույք, որի համար պատրվակ են ընտրել ութ հազար դոլար իմ պարտքը, որը ես նրանց վերադարձրել եմ մինչեւ այդ թալանը։ Այս փաստի առթիվ ես համարձակվել եմ դիմում-բողոք ներկայացնել միայն Ձեր նախագահ դառնալուց հետո, հիմնվելով Ձեր այն խոսքին, որ «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին ուղղված իմ դիմում-բողոքը, որում մանրամասն նշված են Ա. Խրիմյանի եւ Ս. Կարախանյանի կողմից իմ նկատմամբ կատարած հանցագործության մասին։ Սակայն գլխավոր դատախազությունից իմ դիմումը ուղարկվում է Ավան եւ Նոր-Նորք համայնքների դատախազություն, որտեղ դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը Արարատ Խրիմյանի պատվերով պատասխանում է ինձ, որ քրգործ հարուցելու հիմքեր չկան, ու որ իմ վրա էլ եթե կարող ես՝ բողոքի։ 07.10.98թ. ՀՀ դատախազությունը հարուցում է քրգործ՝ ՀՀ քրօրի 89 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով եւ ինձ ճանաչում են որպես տուժող։ 12.05.99թ. գործը Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունից տեղափոխվում է «ստուգման» համար քաղաքի դատախազություն, չնայած որ գործը մոտեցել էր ավարտին եւ ամեն ինչ ապացուցված էր։ 05.08.99թ. Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքի դատախազությունում Խրիմյանի պատվերով կարճվում է քրգործը՝ կեղծելով 09.08.99թ. զոհված քննիչ Հայկազ Գեւորգյանի ստորագրությունը, ինչպես նաեւ իմ եւ Միհրան Մովսիսյանի (ԱՎՄ նախագահ) առերեսման արձանագրության ամսաթիվը՝ 08.08.99թ. դարձնելով 05.08.99թ.։ Ի վերջո, 11.11.2000թ. Ավան եւ Նոր Նորքի դատախազության քննիչ Արշակ Պետրոսյանը վերցնում է Արարատ Խրիմյանի ստորագրության եւ ձեռագրի նմուշները, բայց մինչեւ այսօր փորձաքննություն չի կատարվել, դրա փոխարեն 14.11.2000թ. կրկին պատվերով ինձ հրավիրում է քննիչ Ա. Պետրոսյանը եւ փորձում համոզել, որ ես բողոքեմ Մարտիկյան Մանուկի դեմ եւ տեսնելով, որ ես չեմ խաբվում, նա ինձ անվայել հայհոյանքներով դուրս է հրավիրում իր աշխատասենյակից, այդ մասին ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանը ստանում է իմ բողոքը, սակայն ոչ մի արդյունք եւ հետեւանք քաղաքի դատախազ Թամազյանի կողմից չի ձեռնարկվում։ Մինչեւ օրս շարունակվում է Խրիմյանի եւ նրա պաշտոնատար հովանավորների պատվերները քրգործը տապալելու եւ Խրիմյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը չհամարձակվելու վերաբերյալ, հակառակ դեպքում չէին կարող անտեսվել քրգործով նախաքննությամբ ձեռք բերված եւ Ա. Խրիմյանին հանցագործության կատարման մեջ մերկացնող փաստերն ու ապացույցները։ 31.10.01թ. Մալաթիա-Սեբաստիա դատախազության քննիչ Մ. Ալեքսանյանը քրգործը հասցնում է ավարտին եւ առաջադրում մեղադրանք (կրկին կատարելով Խրիմյանի պատվերը) ոչ թե Արարատ Խրիմյանին, այլ միայն Սամվել Կարախանյանին եւ Միհրան Մովսիսյանին, կրկին Ա. Խրիմյանի հանցավոր արարքների փոխարեն տեսնելով նրա տված՝ ԱՄՆ-ի նախկին պրեզիդենտ Գրանտի նկարները։ Այդ ամենի մասին ես լռել եմ, որ քննիչից վերցնեմ քրգործի պատճենը, հակառակ դեպքում նա կփոխեր գործի նյութերի տվյալները, որը նա վաղուց պայմանավորվել էր Խրիմյանի հետ, իսկ վերջինս էլ իր հերթին փորձում էր համոզել Միհրան Մովսիսյանին։ Քննիչը բազմիցս պնդում էր, որ բերման ենթարկելու որոշումներ է գրել Ա. Խրիմյանի նկատմամբ, սակայն գլխավոր դատախազը եւ համայնքի դատախազը խոչընդոտում են, դրա պատճառով նա չի կարողանում Խրիմյանին պատասխանատվության ենթարկել, բայց, դրան հակառակ, քննիչ Մ. Ալեքսանյանը հաճախակի հանդիպում է Խրիմյանի հետ «Արարատ» ռեստորանում եւ իրար հետ բավականին մտերիմ են։ Քննիչը միշտ պնդում էր, որ դատախազը կտապալի իր քննած գործը, եթե Ա. Խրիմյանին մեղադրանք առաջադրվի։ Դրա համար ես չեմ ընդգրկել Խրիմյանին որպես մեղադրյալ։ Նա միշտ վերջին ժամանակահատվածում նշում էր, որ «տես, Գուլգուլյան, ես քո վրա բենզինով, թղթով եւ այլ ծախսերով շուրջ 3000 դոլար ծախսել եմ, բա ո՞վ է վերադարձնելու իմ գումարը»։ Քրգործի պատճենը ստանալու համար նա նույնիսկ չտվեց, որ ես եւ իմ ներկայացուցիչը պատճենահանենք, այլ ինքը արեց եւ հաշվեց ինձ վրա 1 էջը 20 դրամ, գիտենալով, որ ես ունեմ 11.000 դրամ եւ պայմանավորվել եմ մեկ այլ տեղ 8 դրամով պատճենահանել։ Նա ասաց, որ գործը ստանալու համար 34000 դրամ պետք է վճարեմ, որը ես չունեի, բայց արդեն ստորագրել էի նյութերը ստանալու արձանագրությունը, այս ամենը քննիչի եւ Արարատի կազմակերպած խաղն էր, որը, սակայն, նրանց չհաջողվեց։ Շարադրելով այս ամենը, հարգելի պրն Քոչարյան, հայցում եւ խնդրում եմ Ձեր հսկողությունն ու օրինական աջակցությունը՝ այս հալածված քրգործը ավարտին հասցնելու եւ օրինականությունը պահպանելու գործում։ Թիվ 11117998 քրգործով տուժող՝ Պարույր Գուլգուլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել