Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չմեկնաբանելով «փաստերը»

Հունվար 15,2002 00:00

Չմեկնաբանելով «փաստերը» «Առավոտ» օրաթերթում (15 դեկտեմբերի 2001թ.) «Փարոսի պղտոր լույսերը» վերնագրով հոդվածում ներկայացվում են ընտանեկան նպաստի եւ մարդասիրական օգնությունների բաշխման հարցերը։ Դրանք այսօր խիստ առօրեական են, շոշափում են բնակչության սոցիալապես անապահով խավերի կենսական շահերը՝ իրենց մեջ պարունակելով խնդրի քննարկման եւ լուսաբանման հարուստ նյութ։ Սակայն զարմանքս անչափ մեծ եղավ, երբ մի քանի օրվա փնտրտուքից հետո պարզվեց հոդվածագրի ով լինելը։ Սիրանույշը, նույն ինքը՝ Իրինա Բարսեղյանը հոդվածը գրելուց առաջ, կարծում եմ, ավելորդ չպետք է համարեր փաստերը ճանաչել սոցիալական ծառայությունների Թումանյանի տարածքային կենտրոնի իրավասու անձանց օգնությամբ։ Լրագրողական պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտ պայման հանդիսացող վերոհիշյալ պահանջն ըստ պատշաճի պահպանելու դեպքում, հոդվածն, անշուշտ, «ավտոբուսային խոսակցությունների» տպավորություն չէր թողնի մասնավորապես հետեւյալ պատճառներով։ Նախ՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի կողմից հատկացված մարդասիրական օգնության բաշխման ցուցակները, սահմանված կարգի համաձայն, կազմվել եւ մեզ են տրամադրվել 2001թ. ապրիլ ամսվա տեղեկատվական բազայի հիման վրա։ Եվ այն «Փարոսի» (հավանաբար նկատի է առնվել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի) աշխատակիցների «աննախադեպ հայտնագործության» արդյունք համարելը, անտեղյակության գործոնով հանդերձ, նաեւ անարդարացի է։ Իսկ բուն մարդասիրական օգնության բաշխումը հոկտեմբերին իրականացնելը պայմանավորված է եղել սոսկ սննդամթերքը հանրապետություն ներկրելու ուշացումներով՝ կապված օբյեկտիվ պատճառներով։ Ինքնին հասկանալի է, որ ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, դժբախտաբար, եւ մահացողներ են եղել, եւ մշտական բնակության վայրը փոխած ընտանիքներ։ Սակայն բաշխման գործընթացը խստորեն վերահսկելու շնորհիվ նշված ընտանիքներից եւ ոչ մեկը օգնություն ստացածների ցուցակում չի ընդգրկվել։ Մինչդեռ, առավել անաչառ մոտեցման եւ ամեն ինչ ամեն գնով սեւացնելու գայթակղությունը զսպելու դեպքում հոդվածագիրն անշուշտ կտեղեկանար, որ մահացածների եւ տեղափոխվածների հաշվին ավելացած սննդամթերքը ՀՀ սոցիալական ապահովության նախարարության եւ ՄԱԿ-ի «ՀՊԾ»-ի Երեւանի գրասենյակի թույլտվությամբ Ամանորի նախաշեմին պետք է հատկացվեր (եւ արդեն հատկացվել է) սոցիալական ծառայությունում հաշվառված կարիքավոր այլ ընտանիքների։ Եվ հաջորդը. Այո, տեխնիկական ինչ-ինչ թերություններով հանդերձ (ցուցակները հրապարակելու, դրանցում այբբենական կարգը պահպանելու մասին եւ այլն), ցուցակների կրկնօրինակն ու բաշխման կարգի մասին տեղեկատվությունը փակցնելով ապահովվել է ամենագլխավորը՝ բաշխման ամբողջ գործընթացի հրապարակայնությունը, իսկ այդ օգնությունը Ալավերդի քաղաքի հազարից ավելի անապահով ընտանիքների հնարավորություն է տվել թեկուզեւ փոքր-ինչ թեթեւացնել իրենց ամենօրյա հոգսերը։ Բայց այս ամենը, ցավոք, հարգելի Ս. Բարսեղյանը չի ցանկացել տեսնել։ Չմեկնաբանելով հոդվածում նշված մյուս «փաստերը»՝ հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները պետության սոցիալական քաղաքականությունը իրականացնող կարեւոր օղակներից են, որոնց ամենօրյա գործունեությունն առնչվում է հասարակության ամենաանապահով խավերի հետ՝ դրանից բխող դժվարություններով եւ պատասխանատվության խոր զգացումով։ Այդ պատասխանատվության գիտակցմամբ են առաջնորդվում նաեւ Թումանյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ իրենց վրա կրելով սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները հոգալու ոչ դյուրին բեռը։ Եվ նրանց աշխատանքը «ավտոբուսային խոսակցությունների» չափանիշներով «գնահատելը», մեղմ ասած, արդարացի չէ։ Ինչեւէ։ Համաձայն եմ հոդվածագրի վերջին մտքին. սոցիալական աջակցության համակարգը հետագա կատարելագործման կարիք ունի։ Այդ ամենը գիտակցում ու այդ նպատակով հետեւողական աշխատանք են տանում եւ սոցիալական քաղաքականություն մշակող, եւ առօրյա կյանքում այն իրագործելուն կոչված իրավասու բոլոր օղակները։ Մեր իրականությունը ցավոտ հարցեր շատ ունի։ Այդ ցավը բոլորինս է։ Մանրախնդրությամբ, թերությունը զանցանք ներկայացնելով ցավը չես դարմանի։ Հրապարակայնությունը ամեն տեղ եւ ամեն ինչում բարոյականություն է ենթադրում, այլապես այն կվերածվի քաղաքական ու անձնական հաշվեհարդարի զոհասեղանի։ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Սոցիալական ծառայությունների Թումանյանի տարածքային կենտրոնի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել