Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է

Հունվար 15,2002 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է Հունվարի 19-ին կավարտվեն «ԱրմենՏելի» եւ ՀՀ կառավարության միջեւ ընթացող բանակցությունները, որոնց կարիքը չէր զգացվի, եթե մեր պետական մարմինները չարհամարհեին միմյանց։ Դեռեւս 3,5-4 տարի առաջ Սահմանադրական դատարանը մեր երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչեց «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ, ինչը ենթադրում էր, որ դրանք պետք է փոփոխվեն, համապատասխանեցվեն մեր Սահմանադրությանը։ Դրանք այն դրույթներ էին, որոնց փոփոխությամբ մեր երկրում վերանալու էր «ԱրմենՏել» խնդիրը։ Սակայն փոփոխությունը չկատարվեց։ Փոխարենը 2001թ. հոկտեմբերից ԱԺ-ում շրջանառության մեջ է «Բնական մենաշնորհի ոլորտներում սակագնային կարգավորման մասին» օրինագիծը, որը նույնպես առնչվում է հեռահաղորդակցության ոլորտին։ Այս օրինագծի համահեղինակ Վարդան Բոստանջյանի ներկայացմամբ, ինքը «լավ աշխատել է նաեւ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի վրա»։ Այդ դեպքում ինչպե՞ս է օրենքը «ԱրմենՏելին» 15 տարվա մենաշնորհի իրավունք տվել։ «Այդ 24-րդ հոդվածը (մենաշնորհ տրամադրելու մասին) արհեստածին է եւ պայմանավորված է հունական կողմի պարտադրմամբ եւ ոչ մի պարագայում չի կարող օրենքի դրույթ լինել։ Այդուհանդերձ, այդ գործը (15 տարով մենաշնորհի տրամադրումը), որ պիտի արվեր, արվեց»,- մենաշնորհի տրամադրման օրինականացման պատմությունն այսպես արեց Վարդան Բոստանջյանը։ Իսկ ինչու շուրջ 4 տարիների ընթացքում չկատարվեց ՍԴ պահանջը։ Պրն Բոստանջյանն ասաց. «Այո, մենք պատգամավորներ ենք եւ օրինաստեղծությունը մեր անմիջական գործն է։ Բայց քանի որ դաշտը շատ մեծ է, պատգամավորը չի կարող ամբողջությամբ եւ անմիջապես կատարել, մանավանդ, երբ նրան նաեւ սահմանափակում են, պա՞րզ է»։ Տեսնես է՞լ որ երկրում են պատգամավորներն այսքան անօգնական։ Նրանց ստիպում են օրենքում կետեր մտցնել, թույլ չեն տալիս օրինաստեղծ լիարժեք գործունեությամբ զբաղվել, որովհետեւ, ասենք, հունական կողմն ասում է, որ այսքան միլիոնի ներդրում է արել եւ այլն։ Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեր երկրում օրենքները ստորադասվում են ներդրումային շահերին, պատգամավորը պատասխանեց. «Ինչ առումով ուզում եք՝ այդպես էլ հասկացեք։ Նաեւ մենք։ Այո, մենք վատը չենք, բայց այնքան լավը չենք, որ հասկանանք, որ օրենքը պարտադիր է բոլորի համար»։ Ինչեւէ, պրն Բոստանջյանը գտնում է, որ «հիմա մենք բոլորս հասկանում ենք, որ նրա («ԱրմենՏելի») մասնավորեցումը, այդպիսի իրավունքների տրամադրումը եւ այլն, տրամաբանությունից դուրս դաշտում են կատարվել եւ այդ դաշտում էլ տվյալ սուբյեկտը կարող էր թպրտալ, քայլեր անել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»։ Պատգամավորն ուզում է ասել, որ այդ կազմակերպությունն, այնուամենայնիվ, պետք է ենթարկվի մեր երկրի օրենքներին։ Ինչեւէ, փորձ է արվում այլ օրենքների միջոցով լուծել այս խնդիրը։ Բնական մենաշնորհի շարքն է դասվում ոչ միայն հեռահաղորդակցությունը, այլ նաեւ խողովակաշարերով նավթի, նավթամթերքների, գազի, էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրությունը, ոռոգման եւ խմելու ջրի փոխադրումը եւ մատակարարումը։ Օրինագծով, Վարդան Բոստանջյանի ներկայացմամբ, «այս ոլորտներում մրցակցությունը որոշակիորեն սահմանափակվում է, որպեսզի մրցակցության պարագայում դրանց ծառայությունից օգտվող մարդկանց, այսինքն հասարակությանը (քանի որ նշված ոլորտներում ծառայություններից օգտվում է ողջ հասարակությունը) միեւնույն արտադրանքը բաշխվի միեւնույն գնով։ Շեշտը դրվում է նաեւ սակագնի կարգավորման վրա, որպեսզի միեւնույն ապրանքը կամ ծառայությունը միեւնույն գնով էլ վաճառվի բոլորին, այլապես սակագնի տարբերակումը հղի է սոցիալական պայթյուններով»։ Նախատեսվում է սակագնային հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի բոլոր նշված ոլորտներով եւ կփոխարինի էներգետիկայի հանձնաժողովի եւ ջրային տնտեսության կոմիտեին։ Այն լիցենզիա տրամադրելու եւ վերահսկողություն իրականացնելու լիազորություն կունենա։ Մեր կառավարությունը մտադրություն ունի օտարել նաեւ էներգահամակարգի որոշ ձեռնարկություններ։ Ուրեմն ի՞նչ պետք է անել, որպեսզի ներդրողը խուսափի այն տհաճ իրավիճակից, երբ ժամանակ առ ժամանակ փոխվում են խաղի կանոնները։ Պատգամավորը համեմատեց խանութի հետ. «Ինչպես, օրինակ, խանութում ապրանք են վաճառում, ասում են՝ այ, եթե սա գնեք, հետն էլ մի հատ անվճար արդուկ կստանաք»։ Կամ՝ կարող է որոշակի պայմաններ սահմանել, օրինակ, «բնական մենաշնորհի ոլորտը չի կարող պատկանել մեկին», չհամաձայնել պահանջներին, «օրինակ, մեր երկաթուղով մեր երկրի թշնամիներին փոխադրելու», արտոնություններ տալ. «Օրինակ, պետությունը կարող է ասել գործունեության այսինչ ժամանակահատվածում կարող ես պարտադիր սոցվճարները կամ շահութահարկը չվճարել»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել