Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ

Հունվար 15,2002 00:00

ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ «Այդ օրը (1999 թ. հոկտեմբերի 27-ին.- խմբ.) Նաիրին ուղիղ եթեր մտնելու խնդիր չուներ, նա արդեն ուղիղ եթերում էր մի քանի անգամ, եւ քիչ մնաց նրան ազգային հերոս դարձնեին։ Նույն «Ա1+»-ը Նաիրիին քանի անգամ եթեր տրամադրեց, հետն էլ այնպես էին խոսում՝ «պարոն Հունանյան», իսկ գուցե այսպես, իսկ միգուցե այնպես։ Ամենայն հարգանքս «Ա1+»-ի տնօրենին, բայց վստահ եմ, որ «Ա1+»-ի լրագրողները չգիտեն, որ նույնիսկ Անգլիայի պես դեմոկրատական երկրում իռլանդական բանակի տեռորիստների դեմքը երբեք եթերով ցույց չեն տալիս, երբեք որեւէ տեռորիստի ուղիղ եթեր չեն տրամադրում։ Եթե մի քիչ կրթված լինեին այդ լրագրողները, ապա Ն. Հունանյանին հերոս չէին սարքի, էդպես դուխ չէին տա։ Եվ հիմա զարմանում են, թե որքան է նա լկտիացել։ Խաղի մեջ մտան, չէ, նրա հետ»,- այս դատողությունների հեղինակը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյանն է։ Նրա պնդումները մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը հիշեցրեց, որ իրենք հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի հետ միայն մեկ անգամ էին հարցազրույց անցկացրել, եւ թղթակիցը նրան «պրն Հունանյանով» ոչ մի անգամ չի դիմել՝ միայն անունով։ Մեսրոպ Մովսիսյանը նաեւ հիշեցրեց, որ առաջինը հենց այն ժամանակ դեռ՝ Ազգային հեռուստաընկերությունը ցուցադրեց ահաբեկչական գործողությունը, «որտեղ երեւում էին նրանց դեմքերը, հետո էլ հայտարարվեցին բոլորի անունները։ Այս պարագայում անիմաստ է Անգլիայում իռլանդական ահաբեկիչների դեմքերը չցուցադրելու օրինակը։ Եթե նրա հիշողությունն այսքան կարճ է՝ կարող եմ ավելացնել. մինչեւ Նաիրի Հունանյանի հետ մեր թղթակցի զրույցը՝ մենք խոսել ենք նաեւ ՀԱՀ-ի աշխատակցի՝ Տիգրան Նազարյանի հետ, որը «Նաիրի ջան»-ով դիմեց Հունանյանին, ի տարբերություն «Ա1+»-ի։ Դա երեւի ինչ-որ բան նշանակում է։ Եվ եթե այս «կրթված լրագրողները» շարունակեն նման անհեթեթություններ պնդել՝ ստիպված կլինենք հրապարակել այլ մանրամասներ էլ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել