Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վկան «աստիճանների փորձագետ» չէր…

Հունվար 15,2002 00:00

Վկան «աստիճանների փորձագետ» չէր… Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ՀՀ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը։ Դատակոչված վկաներից՝ Բելլա Գրիգորյանը, Արարատ Մանվելյանը, Վաղարշակ Սահակյանն ու Արա Պողոսյանը նոր բան չավելացրին։ Նրանք, ըստ էության, չէին տեսել, թե ովքեր էին քաշքշել «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանին, ովքեր էին մասնակցել վեճին, ով էր տուժողին կանչել կամ «ուղեկցել»… զուգարան։ Բելլա Գրիգորյանը, որը սեպտեմբերի 24-ին սպասարկել էր Պ. Պողոսյանի սեղանակիցներին, հայտնեց ընդամենը, որ այդ օրը մի սփյուռքահայ կոնյակ է խմել, իսկ նրա սեղանակիցները պատվիրել են օղի… Երեկ դատարան էր կանչվել նաեւ հեռուստալրագրող Ոսկան Մամիկոնյանը։ Նա ասաց, որ 1998 թվականից ճանաչել է ամբաստանյալ Ա. Հարությունյանին (կապված նախագահին ուղեկցելու հետ) եւ, որ «երբեք չի ճանաչել» տուժող Պ. Պողոսյանին։ Մինչ ցուցմունքներ տալը վկան խնդրեց դատարանին հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, քանի որ նա գտնում էր՝ «բավական ժամանակ է անցել»։ Դատարանը կոչ արեց ասել այն, ինչ հիշում է։ Վկան հայտնեց, որ ժ. 10.30-11.00-ի սահմաններում ինքը, կինը եւ լրագրող Սաթիկ Սեյրանյանը եղել են «Առագաստում» եւ նախապես ոչինչ չեն իմացել Շառլի այցելության, միջոցառման մասին։ «Նախագահի հեռանալուց մի քանի րոպե անց քաշքշուկի ձայն լսվեց. մեծ աղմուկի մտավախություն չկար» սակայն։ Ո. Մամիկոնյանը տեղեկացրեց, որ իրենցից առժամանակ հեռացել է լրագրող Ս. Սեյրանյանը, որը երբ մոտեցել է իրենց, ինքը հայտնել է, որ «կարծես մարդ է մահացել»։ Այդ ժամանակ Սաթիկը վատացել է, եւ, ավտոմեքենա պատվիրելով, նրան հասցրել են տուն։ Երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը հարցրեց, թե աստիճանների ո՞ր հատվածում էր նկատվել քաշքշուկը, վկան ասաց, որ ինքը «աստիճանների փորձագետ չէ»։ «Որեւէ մեկի միջամտությա՞մբ ավարտվեց քաշքշուկը» հարցին էլ պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե որեւէ մեկի միջամտությա՞մբ էր այն սկսվել»։ Ոսկան Մամիկոնյանը (ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ) պնդեց, որ քաշքշուկի ժամանակ չի տեսել ամբաստանյալին։ Հաջորդ վկան ՆԳ Պահպանության վարչության ջոկի հրամանատար Հրաչյա Համբարձումյանն էր։ Նա հայտնեց, որ դեպքից հետո իրենք պահպանել են տարածքը, մինչ հերթապահ մասից կգան։ Տուժողի եղբայրը հարցրեց. – Տեսե՞լ եք բանալիներ կամ ձեզ հանձնե՞լ են։ Այս վկան տվեց բացասական պատասխան։ Բանալին Պողոսի ավտոմեքենայինն է, որով նա եկել էր «Առագաստ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել