Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրեթե լենինյան մրցանակ

Հունվար 15,2002 00:00

Գրեթե լենինյան մրցանակ Պետականը ըստ նախագահի «ավելի սոլիդ» է հնչում Վերականգնվեց պետական մրցանակ հասկացությունը։ Այսուհետեւ արվեստի եւ գրականության մշակները ստիպված կլինեն աշխատել ոչ միայն մշակույթ ստեղծելու համար, այլեւ՝ պետական մրցանակ ձեռք գցելու նպատակով։ Շաբաթ օրը նախագահական նստավայրում առաջին մրցանակները հանձնվեցին ութ արվեստագետների։ Երաժշտության բնագավառի ներկայացուցիչներից պետական մրցանակ հանձնվեց կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին, նկարիչներից մրցանակ տրվեց Ռուբեն Ադալյանին, կինոարվեստում՝ Ալբերտ Մկրտչյանին՝ «Ուրախ ավտոբուս» ֆիլմի համար, նույն ֆիլմի համար պետական մրցանակներ ստացան նաեւ բեմադրող օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Քոչարյանը (նախագահի հետ ազգակցական կապ չունի)։ Ճարտարագիտության եւ քաղաքաշինության բնագավառում մրցանակը տրվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծի հեղինակ Ստեփան Քյուրքչյանին, ճարտարագետ Յուրի Դալլաքյանին եւ շինարարական աշխատանքների ղեկավար Վազգեն Պողոսյանին։ Յուրաքանչյուր մրցանակակրի տրվեց 2,5 միլիոն դրամ։ Ի դեպ, տրվեց ոչ այնքան ներկայացուցչական ձեւով։ Նախագահական հրավիրված բազմաթիվ արվեստագետների համար բավականին անշուք հնչեց երկրի հիմնը, հետո նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը մի երկու խոսքով շնորհավորեց «սիրելիների» ամանորը, նախագահին էլ խնդրեց, որ պարգեւները հանձնի։ Նախագահը ողջույնի խոսք էր պատրաստել, որում հարկ համարեց հստակեցնել, թե պետական մրցանակի գաղափարն իրենը չէ, այլ մի երիտասարդ բանաստեղծուհու, որը Ծաղկաձորում գրողների եւ նախագահի հանդիպման ժամանակ է առաջարկել մրցանակի ստեղծման մասին։ Որպես առաջին քայլ, «Ոսկե եղեգն» էր, բայց արվեստագետների պահանջով մրցանակն ընդլայնվեց եւ արդյունքում, ի հեճուկս գրականության ներկայացուցիչների՝ առաջին պետական մրցանակ չտրվեց ոչ մի գրողի եւ թատերական աշխարհի ոչ մի ներկայացուցչի։ Հանձնված 5 միլիոնի համար նախագահը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին, բայց որպեսզի չափից դուրս ժլատ չերեւա, խոստացավ, թե այդ գումարը վաղ թե ուշ կտրվի վերոհիշյալ ոլորտներին։ Նախագահի խոսքը ակնհայտորեն պատրաստված էր արվեստից մի փոքր գլուխ հանող մեկի միջամտությամբ։ Առաջին անգամ տեխնոկրատ մտքի փայլատակումներ չեղան, ավելին, փորձ արվեց արվեստագիտությամբ ներկայանալ։ Օրինակ, նախագահն ասաց, որ «արվեստը ընկալում է, իսկ ցանկացած ընկալում սուբյեկտիվ է լինում, եւ այստեղ միգուցե շատ ավելի օբյեկտիվ ցուցանիշների վրա հիմնվել եւս հնարավոր չէ»։ Իսկ, ասենք, աշխատատեղերը սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ ընկալում են եւ որքանո՞վ են դրանք օբյեկտիվ ցուցանիշների վրա հիմնված։ Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունից հետո մրցանակակիրները եւ մյուս արվեստագետները հրավիրվեցին ալաֆուրշեթի։ Մինչ այդ մենք փորձեցինք կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչյանից հետաքրքրվել, թե ի՞նչ է մտածում ինքը երկրի ներքաղաքական մթնոլորտի մասին։ Պետական մրցանակ ստացած ռեժիսորը խուսափեց քաղաքականությունից խոսել, իր ասելով՝ չուզեց բարդացնել. «Չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, որովհետեւ ես արվեստագետ եմ, մանավանդ, այսօրվա հայ քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, որովհետեւ դրանք ընդամենը խաղեր են եւ ուրիշ ոչինչ»։ Ի դեպ, պետական մրցանակի հանձնման արարողության ժամանակ նախագահի շուրջն էին մոտավորապես նույն արվեստագետները, ովքեր սեպտեմբերի 24-ին «Պապլավոկում» ջազ էին ունկնդրում մինչ Պողոս Պողոսյանի սպանությունը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել