Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ

Հունվար 15,2002 00:00

ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ Սահմանադրական բարեփոխումների առաջարկված տարբերակներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատկերը եւ երեկ տեղի ունեցած հապճեպ քվեարկությունը (խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ) ավելորդ անգամ հաստատեցին, որ այս խորհրդարանից առայժմ որեւէ լուրջ ցնցում հնարավոր չէ ակնկալել։ Ասում ենք՝ առայժմ, քանի որ վստահաբար տարվա կեսից խորհրդարանը կդառնա նախընտրական թատերաբեմ եւ պոպուլիստական ելույթների պակաս չի զգացվի։ Ինչեւէ, լսումներ անցկացնելու Շավարշ Քոչարյանի առաջարկը չանցավ 5 «կողմ», 5 «դեմ»-ի պարագայում, Արշակ Սադոյանի ձայնն էլ, խորհրդակցական լինելով, ոչ ոք հաշվի չառավ։ Հանձնաժողովն, ըստ էության, բաժանված է երկու թեւի՝ ԱԺԿ, «Հանրապետություն», ՍԻՄ, ՀԿԿ, ՀԺԿ + Արշակ Սադոյան։ Մյուս թեւում են «ՕԵ»-ն, ագրարայինների խումբը, «Ժողովրդական պատգամավորը», ԺԴԿ-ն, ՀՀԿ-ն։ Դաշնակցության խնդիրն, արդեն նշել ենք, որ նուրբ է, սակայն նաեւ անկասկած է, որ ՀՅԴ-ն նախագահականի հետեւից կգնա։ Ըստ էության, երեկ ավարտվեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու Սահմանադրական տարբերակի քննարկումը։ Եզրակացություն դեռեւս հանձնաժողովը չունի, քանի որ նախագիծը Շավարշ Քոչարյանը միայն երեկ էր հասցրել բաժանել հանձնաժողովի անդամներին։ Կատարված քննարկումների մասին եզրակացություն ներկայացնելուց հետո հանձնաժողովը կանցնի նախագահին առընթեր հանձնաժողովի ներկայացրած բարեփոխումների քննարկմանը։ Եթե հիշում եք, ինքը՝ նախագահ Քոչարյանը, այս վերջինից բացի, այլ տարբերակ չի էլ ուզում տեսնել, եւ նրա վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած գնահատականները պատահաբար չարվեցին։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ իմաստ ունի՞ քննարկել հնգյակի նախագիծը, եթե նախագահի թելադրանքով այն կարող են «չտեսնել» նրա կամակատարները։ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, նախագահը «փորձ կատարեց նախահարձակ լինել Սահմանադրության հարցում, քանի որ խորհրդարանական նախագիծը մոտ երկու տարի շրջանառության մեջ էր, եւ ինքն այս առումով բավականին հետ էր։ Դա նաեւ հրահանգ էր օրենսդիր իշխանությունում նախագահի հրահանգները կատարող ուժերի համար։ Եթե մենք համարում ենք, որ նախագահի բոլոր հրահանգները կատարվում են բոլոր օղակներում այնպես, ինչպես ինքը հրահանգում է, ապա, այո, անիմաստ պետք է համարել այս քննարկումները»։ Սակայն Հր. Խաչատրյանը հույս է փայփայում, որ քաղաքական դաշտն այսօր հստակեցում չունի եւ ճիշտ չի լինի հավատալ, թե նախագահի բոլոր հրահանգները կկատարվեն իր կամակատարների կողմից, «որովհետեւ կամակատարների թիվն էլ այդքան մեծ չէ եւ կամակատարության ժամկետներն էլ չեն ձգտում մինչեւ 2003 թվականը։ Քաղաքական դաշտն այս տարվա ընթացքում կհստակեցվի»։ Հանձնաժողովի աշխատանքներից բացակայողների եւ քննարկումներին չմասնակցողների վերաբերյալ ՀԿԿ խմբակցության անդամ Ֆրունզե Խառատյանի անձնական կարծիքը խիստ սկզբունքային էր՝ չեն գալիս կամ չեն մասնակցում, որովհետեւ հրահանգ ունեն դեմ քվեարկել հնգյակի նախագծին։ ՀՀ նախագահի մասով պրն Խառատյանը եւս խիստ սկզբունքային էր. «Իր ասելով հո չի՞, մենք էլ ուզում ենք ասել, որ ուրիշ նախագիծ էլ կա։ Վատ է, որ ինքն այդպես ասաց, բայց մենք ուզում ենք ապացուցել, որ էնքան էլ այդպես չի»։ Հնգյակը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հանրաքվեի դրվի ոչ միայն նախագահական նախագիծը, այլեւ իրենցը։ Ֆրունզե Խառատյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, եթե հանձնաժողովի եզրակացությունից առաջ նախագիծը քննարկվեր նաեւ մյուս հանձնաժողովներում. «Ամբողջ մտավախությունն այն է, որ, հնարավոր է, բացասական կարծիք տրվի, իսկ այդ դեպքում ի՞նչը քննարկենք։ Սա բարբարոսություն է եւ ժողովրդավարության հետ կապ չունի»։ Ֆրունզե Խառատյանը, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության եւ դաշինքների հարցին, կրկնեց, որ քաղաքական մեծամասնության քայքայման, պառակտման պարագայում տվյալ խորհրդարանը պետք է լուծարվի, քանի որ չկա այն ուժը, ում ծրագրերին ժողովուրդը տվել է իր քվեն եւ, պատգամավորական մանդատի դնել-չդնելու բարոյականության մասին խոսելով, պրն Խառատյանն ասաց, թե «մանդատի խղճով առաջնորդվելս ո՞րն է. եթե խղճով են առաջնորդվում, թող գնան որեւէ կրոնական միավորման անդամ դառնան, դրա համար բոլորովին պարտադիր չէ պատգամավոր դառնալը»։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ուզեց հիշեցնել, որ, եթե ասում ենք, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա չի նշանակում, թե բոլոր հարցերը պետք է տանենք եւ ժողովրդին մատուցենք, որ ինքը որոշի. «Լիազորություններ կան ըստ Սահմանադրության, եւ այդ լիազորությունները պետք է փորձենք իրականացնել»։ Պրն Թորոսյանը հենց այստեղ հիշեցրեց, որ այդ լիազորություններն իրականացնելու համար է ժողովուրդն ընտրել նախագահ եւ խորհրդարան։ Ըստ Տ. Թորոսյանի, այսպես թե այնպես, կիսանախագահականից գնում ենք դեպի խորհրդարանական։ Օրինակը հետեւյալն է՝ վարչապետ նշանակվեց խորհրդարանական մեծամասնություն ունեցած քաղաքական ուժի ներկայացուցիչը։ Պրն Թորոսյանը գուցե մոռացավ, որ այդ մեծամասնության մի թեւը ժամանակին չտվեց համաձայնություն այդ նշանակման համար եւ հենց այդ պատճառով զրկվեց գործադիրում ունեցած լծակներից։ Բայց սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել