Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Հունվար 15,2002 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Երեկ «Սոցիալիստական Հայաստանի» եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ քննարկվեց դրանից դուրս գալու ուղղությամբ հնարավոր համատեղ գործողությունների հարցը: Հանդիպման ժամանակ ՀԺԿ ներկայացուցիչ եւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե կան հարցեր, որոնց շուրջ սկզբունքորեն հնարավոր է համատեղ գործունեություն ծավալել, նաեւ փոխադարձաբար աջակցել միմյանց նախաձեռնություններին: ՀԺԿ ներկայացուցիչը հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Սահմանադրության՝ հինգ կուսակցությունների ներկայացրած, այլընտրանքային տարբերակին, որով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի: Պարոն Մկրտչյանը նշեց, որ ՀԺԿ-ն սկզբունքորեն կողմ է կառավարման նախագահական համակարգին, բայց միաժամանակ կօժանդակի, որ այլընտրանքային տարբերակը եւս քննարկման առարկա դառնա եւ դրվի հանրաքվեի, քանի որ, ի վերջո, ընտրությունը ժողովրդինն է: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի դաշինք կամ միավորում ձեւավորելուն՝ ՀԺԿ ներկայացուցիչներն այն կարծիքին էին, որ կուսակցությունների դաշինքի ձեւավորումն ինքնանպատակ չպետք է լինի: Վ.Մկրտչյանը, խոսելով դաշինքների ձեւավորման մասին, կարծիք հայտնեց, թե դրանց մասին այսօր խոսելը վաղ է եւ ժամանակավրեպ, նաեւ, որ այն ունի ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական կողմեր: Նրա տեսակետն այն էր, որ կուսակցությունների գործունեության արդյունավետությունը դաշինք կազմել-չկազմելով չէ, որ որոշվում է: «Համոզված եմ, սովորաբար տարաձայնություններ առաջանում են այն պահին, երբ հերթը հասնում է կոնկրետ՝ ինչ անելուն: Այդ իմաստով ես կողմ եմ, որ կոնկրետ հարցերի, ասենք, սոցիալական խնդիրների շուրջ համագործակցության հնարավորություններն ավելի լուրջ քննարկենք: Խոսեցինք «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին: Այդ հարցը մեզ էլ է մտահոգում: Մենք որոշակի ծրագրեր ունենք այդ իմաստով: Ներկայացնենք, քննարկենք միասին, գուցե, միանաք դրան»,- ավելի գործնական առաջարկով հանդես եկավ ՀԺԿ ներկայացուցիչ Ս.Զաքարյանը: Նա կարեւորեց, որ տեսական խոսակցություններն ավելի գործնական կիրառում ունենան: Փոխադարձ առաջարկ եղավ նաեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից: ՀԺԿ-ին առաջարկվեց մասնակցել Միավորման հանձնախմբերի աշխատանքներին՝ թեկուզ իրենց գործողությունների ու մտադրությունների մասին փոխադարձ տեղեկություններ կուտակելու համար: «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչը կարեւորեց քաղաքական ուժերի՝ ժողովրդի առաջ պատասխանատվություն ստանձնելու հարցը: «Երբ կուսակցությունները համագործակցում են, հասարակությունը դա ընկալում է իբրեւ դաշինք, որտեղ այդ ուժերը միավորվել են միմիայն իշխանության հասնելու համար: Այսօր մենք խոսում ենք համակարգի փոփոխության շուրջ համագործակցության մասին»,- փորձեց համագործակցության սահմանները ճշգրտել Միության ներկայացուցիչներից մեկը: Հանդիպման ավարտին մենք դիմեցինք «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանին եւ խնդրեցինք ամփոփել տեղի ունեցած հանդիպման արդյունքները: «Հանդիպումը նպատակ ուներ ճշտել մեր դիրքորոշումները, քննարկել համագործակցության հնարավորությունն առանձին ոլորտներում, նաեւ պայմանավորվել տեղեկատվության փոխանակման մասին եւ պարզել, թե ՀԺԿ-ն ու «Սոցիալիստական Հայաստանը» որ ոլորտներում կարող են համատեղ գործունեություն ծավալել: Այս հանդիպման ընթացքում հստակ դարձավ, որ համագործակցության հեռանկարներ, այնուամենայնիվ, կան»: ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանն էլ, անդրադառնալով հանդիպման արդյունքներին, նկատեց. «Խոսք էր գնում առանձին՝ սոցիալական, իրավական հարցերի շուրջ ավելի սերտ համագործակցության մասին, որին մենք դեմ չենք: Այն ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում, պետք է կատարեն ժողովրդի պատվերը, բայց նաեւ ժողովուրդը պետք է վստահի նրանց: Այդ վստահության բացակայությունն այսօր կա, ուստի պետք է ամեն ինչ անել՝ ժողովրդին ցույց տալու, որ ընդդիմադիր ուժերը միայն իշխանության համար չեն կռվում: Կոնկրետ հարցերի շուրջ, իհարկե, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ: Միաժամանակ պետք է շատ բան ավելի մանրակրկիտ պայմանավորվել, քանի որ շատ դեպքերում գաղափարն ընդունվում է, բայց երբ դրա իրագործման ուղղությամբ սկսում ես կոնկրետ քայլեր անել՝ տարաձայնություններ են առաջանում իրագործման ձեւերի մեջ, ու հասարակությունը հիասթափվում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հիասթափությունը չլինի: Եթե կա կոնկրետ խնդիր, պետք է նշվի նաեւ դրա լուծման մեխանիզմը: Հուսով եմ, որ ՀԺԿ-ի եւ «Սոցիալիստական Հայաստանի» համագործակցության հեռանկար կա եւ հանդիպումից հանդիպում դրա շուրջ քննարկումները զրույցից կվերածվեն գործի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել