«ՍՊԱՐՏԱԿԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Սպարտակը» նույնպես «Մրցաշրջան-2002»-ում իր առջեւ լուրջ եւ հեռուն գնացող նպատակներ է դրել։ DCA-ն տեղեկացնում է, որ առաջնության ավարտին հաջորդած կարճատեւ հանգստից հետո ֆուտբոլիստները ձեռնամուխ են եղել, հավանաբար, մարտ ամսին մեկնարկելիք Հայաստանի հերթական առաջնությանը։ Բժշկական համապատասխան ստուգում անցնելուց հետո «Սպարտակը» գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ հունվարի 4-ից 10-օրյա ուսումնամարզական հավաք պետք է աներ Ծաղկաձորում, որից հետո նախատեսված էր, որ հունվարի 22-ին պետք է մեկներ Կիպրոս՝ Դոնեցկի «Մետալուրգի» հետ համատեղ հավաքի։ Ի դեպ, ակումբի ղեկավարության հավաստմամբ բարեկամական լավ հարաբերություններ են հաստատված Ուկրաինայի այս ակումբի հետ, որի փոխնախագահը Վարդան Իսրայելյանն է։ Ասենք, որ «Մետալուրգում» է «Սպարտակի» նախկին խաղացող եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Արա Հակոբյանը, որի խաղից այդ թիմի մարզիչները գոհ են։ Նախապատրաստության գործընթացի սկզբին «Սպարտակի» կազմում շատ մեծ փոփոխություններ չկային։ Միայն կիսապաշտպան Ֆելիքս Խոջոյանն էր 10-օրյա փորձարկման մեկնել Կրասնոդարի երկրամասի «Կուբան» թիմ։ Ընդ որում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ուրիշ ակումբներ նույնպես հետաքրքրվում են Խոջոյանով (մասնավորապես, «Ռոստսելմաշը»), ինչպես նաեւ սպարտակցիներ Հայկ Գեւորգյանով, Արկադի Դոխոյանով եւ Արամ Հակոբյանով։ Այնպես որ, եթե այս ֆուտբոլիստները Կիպրոսում իրենց լավագույն կողմերով ցուցադրեն, կարող են պայմանագրեր ստորագրել մերձավոր արտասահմանի ակումբների հետ։ Սակայն «Սպարտակի» ղեկավարությունն էլ իր հերթին է մտադիր թիմի կազմն ուժեղացնել ռուսաստանցի եւ ուկրաինացի խաղացողներով, քանի որ թիմը հանդես է գալու ոչ միայն Հայաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում, այլեւ մասնակցելու է «Ինտերտոտոյի» գավաթի մրցաշարին։ Եվ ինչպես DCA-ի թղթակցին ասել է «Սպարտակ» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, իրենք ցանկանում են արժանապատիվ հանդես գալ եւ անել հնարավոր ամեն բան՝ արմատախիլ անելու Եվրագավաթների խաղարկություններում Հայաստանի թիմերի անհաջող հանդես գալու վատ ավանդույթը։ «Սպարտակի» ղեկավարությունը մարզիչների առջեւ դրել է նաեւ հետեւյալ կարեւորագույն առաջադրանքը. առանձնահատուկ ուշադրություն դարձնել ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությանը եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որն օգնի բարձրացնել թիմի հեղինակությունը։ Իսկ ակումբի ղեկավարությունն էլ իր հերթին կաշխատի ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ իրենց իսկ առաջադրած նպատակներին հասնելու համար։ Ա. Հ.