Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակնարկի հերոսը նախարարն է

Հունվար 12,2002 00:00

Ակնարկի հերոսը նախարարն է Լույս է տեսել Հրանտ Աբրահամյանի «Ճակատագրին ընդառաջ» փաստավավերագրական ակնարկը։ Ակնարկի հերոսը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանն է, հեղինակի նախկին աշակերտը։

«Արցախյան հերոսամարտի ճանապարհով անցել են հարյուր հազարավորները։ Համլետը նրանցից մեկն է։ Նա արցախյան շարժման ողնաշարի մի ողն է։ Գրել նրա մասին՝ նշանակում է գրել շարժման պատմությունը, խոսել շատերի մասին, ովքեր իրենց անձը նվիրել են հայրենիքի ազատագրության սրբազան գործին եւ մոտեցրել մեզ հաղթության այս բաղձալի օրվան»,- նախաբանում գրում է հեղինակը։

Ի դեպ, գրքում օգտագործված նյութը հարուստ է. ժամանակի մամուլ, փաստաթղթեր Կենտրոնական պետական արխիվից, Հայաստանում եւ Ադրբեջանում տպագրված գրականություն, ռազմաճակատային նամակներ ու լուսանկարներ, նաեւ՝ Համլետ Գրիգորյանի հուշերը։

Ակնարկի մասին իր գնահատականն է տվել նաեւ հրապարակախոս, գրող Զորի Բալայանը. «Պատահական չէ, որ Պոլյանիչկոյի, հատկապես Սաֆոնովի, ինչպես եւ միմյանց հաճախակի փոխարինող մյուս պարետների սեւ ցուցակներում Համլետի անունը առաջիններից մեկն էր։ Պատահական չէր նաեւ այն, որ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի արցախցի 5 պատգամավորներիս կողքին միշտ տեսնում էինք Համլետին, որն օգնում էր մեզ մոսկովյան այդ դաժան պայքարի օրերին։ Պատահական չէր եւ այն, որ առաջիններից մեկը Համլետին նստեցրին բանտ՝ վախենալով նրա ելույթներից եւ պատգամավորի իրավունքից»։

Հեղինակը (երբ ընթերցում ենք գիրքը) հասել է իր նպատակին. իր բազում փաստերով-փաստարկներով մեզ հնարավորություն է տալիս անաչառորեն գնահատել իր պատումի հերոսներին, հերոսին՝ Համլետ Գրիգորյանին, որի բոլոր քայլերի ականատեսն ենք դառնում յուրովի։ Հատկապես հուզիչ է նկարագրվում 1990թ. հոկտեմբերի 10-ը, երբ ՀՀ ԳԽ պատգամավոր Համլետ Գրիգորյանին, Ստեփանակերտ հասնելուն պես, ձերբակալում են։ Կար այդ ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահության որոշումը՝ «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ից ՀՀ ԳԽ-ում անօրեն ընտրված անձանց վրա պատգամավորական անձեռնմխելիությունը չտարածելու մասին»։

«Հենց օդանավակայանում,- պատմել է Հ. Գրիգորյանը,- շարժասանդուղքի մոտ ինձ շրջապատեցին, ձերբակալեցին, խցկեցին ավտոմեքենայի մեջ եւ տարան Ստեփանակերտի մոտ գտնվող մեկուսարանը… Մեզ ոչ մի լուրջ մեղադրանք չէին ներկայացնում, չէին ասում, թե ուր են տանում»։

Առհասարակ արժե կարդալ այս գիրքը, այստեղ ուռճացված ոչ մի տող չկա, սա հիշողություն է իրական հերոսների մասին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031