Ֆելիետոն՝ միջազգային թեմայով Տեսականորեն պետությունները ստեղծվում են մարդուն ներքին եւ արտաքին վտանգներից պաշտպանելու համար։ Հարց է առաջանում, թե ո՞ր մարդուն՝ բարձրագույն իշխանավորի՞ն, ողջ իշխանական վերնախավի՞ն, հարուստների՞ն, թե՞ ամբողջ ժողովրդին։ Հարցը միանշանակ պատասխան չունի՝ իշխանությունը համարում է, որ ժողովրդին, ժողովուրդը գտնում է, որ միայն իշխանավորներին եւ հարուստներին, իսկ հարուստները ոչինչ չեն հաշվում, քանզի խիստ զբաղված են միայն փող հաշվելով։ Երբ պետությունը հզորանում է եւ համարում, որ հիմնականում լուծել է վերոնշյալ խնդիրը (Հայաստանին դա, ի սեր Աստծո, չի վերաբերում), նա սկսում է փնտրել եւ անգամ ստեղծել նոր ներքին եւ արտաքին վտանգներ ու թշնամիներ, որպեսզի արդարացնի իր ձեռքում հսկայական ուժի կուտակումը։ Որպես օրինակ հիշենք անմոռանալի «Ժողովուրդների հորը» կամ նրա գործընկեր ֆյուրերին։ Երբ գերտերությունները միայն երկուսն են, ապա նրանք իրար հռչակում են «հիմնական թշնամի», եւ վիճակը քիչ թե շատ կայունանում է։ Սակայն երբ Օլիմպոսում մնաց միայն մեկը՝ կացությունը կտրուկ փոխվեց՝ անհրաժեշտ էր շտապ ստեղծել նոր ախոյան, անգամ զինել եւ ֆինանսավորել նրան սեփական միջոցներով, որպեսզի նա կարողանա արժանապատիվ դիմադրություն ցուցաբերել։ Կասեք, որ աբսո՞ւրդ է: Փորձենք մտքում պատասխանել մի շարք հարցերի։ Ո՞վ էր ֆինանսավորում եւ հովանավորում ահաբեկչական կազմակերպությունների զգալի մասին։ Ո՞վ էր օգնում ահաբեկիչ-անջատողականներին Բոսնիայում եւ Կոսովոյում։ Ո՞վ է վերջապես ստեղծել եւ զինել թալիբների բանակը։ Ովքե՞ր են կանգնած համաշխարհային թմրաբիզնեսի ետեւում։ Որտե՞ղ են սովորել ինքնաթիռ վարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության իրագործողները։ Իսկ որտե՞ղ է դպրոց անցել եւ համապատասխան գիտելիքներ ձեռք բերել «թիվ մեկը» (Բուշը չէ, բեն Լադենը, իհարկե)։ Ո՞վ է կառուցել Տորա-Բորա քարանձավների ինժեներական շինությունները։ Վերջիվերջո, ո՞վ է հիմա անկոտրում պայքար տանում այդ ամենի դեմ։ Հայտնի մուլտֆիլմի խոսքերով՝ «Մենք չենք ասի, թե ով է դա արել, բայց բոլորը գիտեն, որ դա փղիկն էր»։ Տեխնիկան՝ տեխնիկայով, կոմպյուտերները՝ կոմպյուտերներով, բայց փոս փորողը միշտ ինքն է փոսն ընկնում։ Ըստ որում, փոսը փորելու մասին որոշումը ընդունում է ղեկավարությունը, իսկ տուժում են անմեղ մարդիկ։ Վերոնշյալ պայքարը կարծես արդեն պսակվում է փայլուն հաղթանակով եւ արդյունքում Աֆղանստանին խոստանում են 15 միլիարդ դոլար տրամադրել տնտեսության վերականգնման համար, որպեսզի նրանք աշխատեն եւ այլեւս «փիս-փիս» բաներով չզբաղվեն։ Միգուցե Հայաստանին է՞լ էր հարկավոր միջազգային (ասենք՝ քրիստոնյա) ահաբեկչության կենտրոն դառնալ, ինչպես դա փորձում էր ներկայացնել Ադրբեջանը։ Սկզբում մեզ «կհաղթեին», ապա կվերականգնեին մեր առանց ռմբակոծությունների ավերված տնտեսությունը։ Թե չէ ի՞նչ է ստացվում։ Մանր-մունր վարկեր են տալիս, որոնք ուղղված են արդյունաբերության անգործության ամրապնդմանը եւ կայունացմանը ու հազիվ բավարարում են մեր իշխանավորների գրպանային «համեստ» ծախսերը։ Մի քանի տարի հետո կարող է ստեղծվել մի շատ «անհարմար» իրավիճակ, երբ Չեչնիան ու Աֆղանստանը կդառնան ծաղկուն եւ բարգավաճ, իսկ մենք այդպես էլ կմնանք անտեր ու թշվառ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ