Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻԶԱԲԵԹ II-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 12,2002 00:00

ԷԼԻԶԱԲԵԹ II-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 2002 թվականը հոբելյանական տարեթիվ է Բրիտանիայի Միացյալ Թագավորության եւ Վինձորների արքայատան համար: Էլիզաբեթ II թագուհին բոլորում է իր հիրավի փառահեղ գահակալության 50-ամյակը: Նա գահ է բարձրացել Գեւորգ 6-րդ արքայի մահից հետո, 26-ամյա հասակում: Արքայի մահը անսպասելի էր, արքայադուստր Էլիզաբեթը հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանում է ուղղակի Քենիայից, ուր ավանդաբար ամառն է անցկացնում անգլիական ազնվականությունը: Հանգամանքների տնօրինմամբ Էլիզաբեթը այլեւս չի վերադառնում Քենիա, քանի որ ստանձնելու էր Թագավորության գահը: Գահը, թագը եւ գավազանը ժառանգականության իրավունքով առաջարկվում են նախ ավագ արքայադստերը՝ Մարգարետին: Կառավարությունը, Լորդերի պալատը եւ նույնիսկ Քենթրբերիի արքեպիսկոպոսը /անգլիկան եկեղեցու գերագույն հովվապետն է/ Մարգարետին հիշեցնում են ու համոզում, որ ինքը պարտավորություններ ունի պատմության եւ իր հպատակների առջեւ, չի կարելի հանուն սիրո դրանք անտեսել: Սակայն բոլոր հորդորներն ու պարսավանքները մնում են անարձագանք: Ճիշտ ինչպես իր հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հանուն սիրած կնոջ՝ Ուոլիսի, հրաժարվեց գահից, այնպես էլ արքայադուստր Մարգարետը գերադասում է «դրախտը հյուղակում»: Արքայադստեր սիրելին բելգիական բանակի սպա էր, իսկ թշնամական բանակի սպային ընդունել իբրեւ թագուհու ամուսին, նույնիսկ մարգինալ ամուսնության տարբերակով, բրիտանական հասարակությունն անկարող էր: Մարգարետը հեռանում է. նա, ինչպես եւ սպասելի էր, իր երջանկությունը գտնում է սիրած տղամարդու հայրենիքում, նրա տանիքի ներքո: Կրտսեր արքայադուստրը՝ Էլիզաբեթը այլեւս ընտրության հնարավորություն չուներ՝ պատմությունը նրան հարկադրում էր գահ բարձրանալ: Նախախնամությունը, ինչ-որ առումով, բարյացակամ էր գտնվել Էլիզաբեթի հանդեպ՝ նա մատնված չէր սիրո տվայտանքների, չէր ապրում ներքին երկվություն՝ արքայական դերակատարության ու մարդկային դժբախտության բախումից: Էլիզաբեթ թագուհուն կարելի է նույնիսկ երջանիկ նկատել, եթե անշուշտ ընտանեկան անդորրը երջանկություն համարվի: Համենայն դեպս կյանքն այնպես անմարդկայնորեն դաժան չի վարվել ներկա թագուհու հետ, ինչպես նրա վսեմաշուք անվանակցի՝ Էլիզաբեթ I-ի, որ սեփական ձեռքով սիրած տղամարդու մահավճիռն է ստորագրել: Կամ Վիկտորիա թագուհին, ում գահակալության շրջանը բրիտանական կայսրության փառքի ու հզորության բարձրակետն էր, սակայն ինքը գրեթե ողջ կյանքն ապրեց մեկուսի եւ սեւազգեստ՝ ողբալով սիրելի ամուսնու անժամանակ մահը: Ի հակադրություն իր մեծն նախորդների, ներկա թագուհուն նույնիսկ ընտանեկան գժտություններ չեն վիճակվել, հետեւաբար Էլիզաբեթ II-ի հաջողություններում իր վճռորոշ դերն ունի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Իսկ Էլիզաբեթ թագուհին հիրավի հեղափոխական ժամանակներում է իշխել, թե՛ ներքաղաքական առումով, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ արքունիքի կերպարանափոխման: Ներքաղաքական կյանքում կարեւորագույն իրադարձությունը Լորդերի պալատի բարեփոխումն է, որ վերանայում է 8 հարյուրամյակների դրվածք: Արտաքին քաղաքական կյանքում շռնդալից հաղթանակ էր 1997-ի Ավստրալիայի հանրաքվեն, երբ մասնակիցների բացարձակ մեծամասնությունը բրիտանական գահի հպատակ լինելը գերադասեց Ավստրալիան անկախ հռչակելուց եւ պետության գլուխ ընտրելուց: Ընդսմին միայն շարքային մահկանացուների համար չէ բրիտանական գահի հպատակ լինելը պատիվ եւ մեծարանք: ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը իր հուշագրություններում պատմում է, թե ինքը եւ նախագահը պատիվ են ունեցել Ատլանտիկում ծովային զբոսանք կատարող Էլիզաբեթ թագուհուն մի երեկո հյուրընկալել ռանչոյում: Եվ Ռեյգանը, բարձրացնելով ֆուժերն, ասել է՝ «Նենսի, ես քեզ անգամ երկնքից աստղեր եմ խոստացել, բայց որ երբեւէ կընթրենք Բրիտանիայի թագուհու հետ՝ չէի համարձակվի հուսալ»: Անգամ ԱՄՆ նախագահի համար է թագուհու հետ հաղորդակցվելը պատիվ: Վերջապես Էլիզաբեթ թագուհին փայլուն կերպով կարողացավ ներդաշնակել արքունիքի ավանդական պահպանողականությունը արքայական ընտանիքի անդամների մատչելիության հետ: Բրիտանիայում ու նրա ափերից դուրս ծփացող սերը Լեդի Դիանայի հանդեպ, որ վերջինիս կուռքի էր վերածել, հենց այդ մատչելիության արդյունքն էր: Իսկ այն, ինչ առանձնակի վեհություն է հաղորդում Էլիզաբեթ թագուհուն եւ ակնածանք ներշնչում նրա հանդեպ, հիրավի ընտրյալ մարդու սառնասրտությունն ու հաստատակամությունն է կյանքին տիրապետելու: Նա վեր է անգամ թուլությունից, ինչպիսին մարդկանց ապրիորի հիացումն է սեփական զավակներով: Թագուհին իր զավակներին է անգամ գնահատում ըստ արժանվույն: Եվ թերեւս արքայավայել այդ պահվածքն է բացատրությունը, որ, չնայած առաջացած տարիքին իր հպատակների համար նա մնում է գերապատվելի եւ գերադասելի գահակալ՝ նույնիսկ սեփական զավակների համեմատությամբ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել