Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հունվար 12,2002 00:00

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ «ԶՎԱՐԹ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ Երգ Հիշողությո՞ւն է, երազա՞նք է սա – Երբ խավար տարին նոր է բոլորել – Կյանքի խորհուրդը այն չէ՝ ինչ տեսար, Եղել են նաեւ խնդության օրեր, Որ գրառել է մի հին տարեգիր, Բայց հիմա կենաց մատյանը գոց է – Չե՛ն կենդանանա հույզերը երգից, Չի՛ հառնի հուշը, բայց արժե փորձել Ու կերպափոխել վիշտը խնդության «Զվարթ գիտությամբ» ապրել ու բեմել, Իրար հետ կիսել եւ բերկրանք, եւ ցավ, Զի հարազատ ենք, զի «եղբայր եմք մեք»: Թեթեւ՜ անցնել մեր փորձության ուղին, Մինչեւ վե՜րջ կյանքի գավաթը քամել, Լիուլի ըմպել տխրություն եւ խինդ, Եվ զվարթությամբ երգն այս արարել, Որ հնչի բոլոր ասպարեզներում Որ ներս թափանցի հարկերից բոլոր, Ու դու հագենաս՝ խնդությամբ զեղուն, Ու հարստանաս քո ապրած օրով: *** … Ու մեր օրերում դեմքերն ու մարդիկ Ծածկված են ստի այնպիսի շերտով, Որ օրերն անգամ դարձել են մատնիչ, Եվ հուշարար են ամեն գիր եւ տող: Ու դու էջերն ես թերթում պատմության, Փնտրում ես բառեր – նոր ուղի հարթող, Փնտրում ես անհայտ մարդկանց մի ցուցակ, Մի հղացք – դարի սահմանը հատող, Որ ստի շավղից գեթ դուրս է վիժել – Մի ներքին իմաստ – կյանքից արտաքին – Դժվարանում ես դու մի դեպք հիշել Որ վեր բարձրանա կյանքի հատակից: Ու չես հասկանում, որ դրա համար Հենց այս ժամանակ աշխարհ եկար դու, Երբ տխրություն է քո շուրջը համակ, Եվ ամեն ոք իր վախճանն է կարդում, Փոխվում է կյանքում, իրոք, ամեն բան, Իրողությունը այլեւս այն չէ, Չես հիշում հիմա մի դեպք կամ կերպար, Որ ողջ հասակով կանգներ քո առջեւ: Որ վեր բարձրացնես կյանքի հատակից Այս տասնամյակը – մեր մեջ խորտակված – Խելահեղ կիրքը – բեմահարթակին, Կյանքի հեղեղն այդ – որ քեզ խորթ անգամ, Բայց քո միջով է եկել ու անցել Ու տարիներդ իր հետ է տարել… Ու դու փորձում ես մատյանն այդ բացել Այն էջից, որտեղ կանգ էիր առել: Գովք արարման Հիմա ուզում ես փոխել հետքերդ Կամ ջնջել իսպառ – մի նոր երգ է սա – Չունենալ անցյալ, ոչ անուն, ոչ դեմք – Եվ չգոյության օդով հագեցած՝ Շնչել լիաթոք եւ հանգիստ առնել, Ազատված մի պահ քո հոգու բեռից, Որ քո կյանքին է կպել առհավետ, Քեզ հետ ծնվել է, որ քեզ հետ մեռնի: Իսկ դու փորձում ես ապրել ու խոկալ, Երբ անհեթեթ է կյանքը հարաճուն, Երբ հօդս է ցնդում մեր կյանքը ոգած, Երբ գոյության կույր հողմերն են շաչում… Երբ չես ճանաչում ինքդ քեզ անգամ, Երբ քո ոչ մի հետք չես կարող ջնջել, Ու այս պահին լոկ այն է իրական, Որ նման մի երգ երբեք չի հնչել… Ու ճարահատյալ փորձում ես հիմա Անիմաստություն խառնել քո երգին – Որը դառնում է գերագույն իմաստ Պատմության համար – եւ մատյան, եւ գիր, Եվ մի նոր պատգամ գոյության մերո – Եվ տեղապտույտ մի նոր մաքառման, Գոյության միակ իմաստն այն մեռնող, Որ մեզ մղում է մի նոր արարման… Սոսինձ … Ու խտանում է սոսինձը կյանքի, Ու նրա մեջ ենք ապրում ու շնչում, Նյութն է դառնում մեր բախտը կրկնակի Այս օրերի մեջ՝ պղտոր ու կպչուն: Օրերի հոսքը այս խուճապահար, Այնքան հեղհեղուկ, այնքան ճահճացած – Ու դու ջնջում ես սկիզբ ու ավարտ, Ու դու մերժում ես գալիք ու անցյալ: Ասես օտարված ինքդ քեզանից՝ Փորձում ես ճեղքել պատյանը պահի, Փորձում դեմքերը գեթ զանազանել, Ու անունները – քարացած ահից: Պոկել օրերի սոսնձից անգույն Դեմքդ – ու կպչուն հայացքդ պոկել Իրականության սառը ապակուց – Իրերի կյանքը նրանցն է – ովքեր Նրան են ձուլվել ի հնուց անտի, Շուրթերի նման համրացած կռոց, Բայց նրանք չեն, ո՛չ, տերերը բախտի, Ոչ էլ քուրմերն այս քաղաքը կռող – Այլ այս սոսինձը ծորացող, կպչուն, Որ ծոր է տալիս բոլոր դեմքերից, Ու էլ ոչ մի բառ այստեղ չի հնչում, Ու սոսնձված են արդեն երգերն իմ: Խեղկատակը … Բայց պատմությունն այս մենք վաղուց գիտենք, Ու ծանոթ է մեզ ի հնուց անտի – Օրը դարձել է կեղծավոր մի դեմք, Բառերը՝ ծախու, խոսքերը՝ մատնիչ: Բայց ի՞նչ արարեն խոսքերն անիմաստ, Որ բարձրանում են կյանքի հատակից, Երբ բարբառում է ամեն մի հիմար, Տառերը կերն են մի խեղկատակի, Որ համառորեն ճգնում է խոսել, Սակայն բերանից բառ դուրս չի գալիս, Դա ժամանակն է, որ ետ է հոսում, Դա ծաղրում են մեզ օրերը գալիք… Ո՞ր պատմիչներն այս ողբը երգեցին, Ո՞ր ճիվաղներն են այսպես խարդախել, Այս պատմությունը նրանք երկնեցին, Որ անհավատ են ու կրոնախեւ: Խաչի անկումը … Երբ արդեն ամուլ օրերն են գաղթում, Որ առանց խոսքի չեն կարող ապրել, Մենք բարի բախտ ենք բառերին մաղթում Եվ հորինում ենք մի նոր Տոնապետ: Որ նա ճառ ասի ու մխիթարի, Երբ մերձավորի կաշին են քերթում, Որ բարի դառնա մեղավոր տարին Այս աղաղակող կյանքի շքերթում: Որ ազատի մեզ բանդագուշանքից, Աչքի լույս տա մեզ, երբ կույր ենք աչոք, Որ մեզ ոգեղեն գալիք գուշակի Ու դարը հատենք ահռելի խաչով: Բայց խոսքին – իբրեւ խաչակիր ասպետ Մենք անարգանքի սյունին ենք գամել. Ոչ ոք չգիտի՝ ինչո՞ւ է այսպես Այս տարեմուտին տարին կարկամել: Ու պատմությունն այս – իբրեւ անբառ ճիչ Կրկնվելու է, բայց վերջին ան գամ, Իբրեւ շառաչող անկումը խաչի – Խայտառակություն – հրապարակավ: Ուղերձ ընկերոջս Վանո Սիրադեղյանին «Վախճանն իսկույն է եւ հանկարծակի, Ինչպես ծնունդը, որ չենք զգացել»… Սակայն օրերը դարձել են հակիրճ, Եվ օրագիրն այդ ես դեռ չեմ բացել: Մատյանն օրերի ես դեռ չեմ թերթել – Մնացել է փակ, մնացել է գոց, Թեեւ հուշագիր չեմ եղել երբեք: Հատորներն ամուլ ու գրքերը գորշ Մեր տարիներից ի՞նչ են ամբարել, Թե՞ մնացել են դատարկ կազմի պես, Կխոսե՞ն նրանք ու կբարբառե՞ն, Ու մեր օրերին մենք կհանդիպե՞նք, Ուղիները մեր կխաչվե՞ն կրկին – Խոսքերն այս բոլոր թվում է՝ հին են, Վերարթնացումը նրանց կփրկի՞, Ու վախճանից ետ մեզ հետ կլինե՞ն Մեր ընկերության նշխարներն անգին, Ու հին հույզերը կրկին կհորդե՞ն, Որ անցան արագ ու վաղվաղակի – Չգիտեմ, թե երբ, չգիտեմ՝ որտեղ… Ու ես կրկին քո վիպակն եմ կարդում, Փորձում եմ շարժվող տողերն ընթերցել, Որ դեպի խորքն են ձգում ինձ թաքուն, Ու ձեռագիրն այդ չի լինի կեղծել: Ասես բառերն են հարություն առնում Դողէրոցքի պես շարժվող մատներիդ, Քեզ հետ կլինեն գրառումներդ Անգամ խոհերդ մահվան մատնելիս, Ու հիմա կրկին կյանքին կապելով Փորձում ես նրանց հոսքը կռահել – Գուցե բառե՞ր են դրանք ավելորդ, Բայց մանկիկի պես հասակ է առել, Մեզ հետ ապրել է, իբրեւ առեղծված Լինելությունը – խոսքի պես հոսող, Այդ ակունքները վաղուց են եղծված, Մեզ համակել է – իբրեւ ոգու սով Իրականության մի նոր առասպել, Որ մենք ենք սեպել որմերին դարի, Որ մենք ենք կերտել, որ մենք ենք հաստել, Ու մեր մեջ ապրող դահիճն ընտանի: Այսպես անցել են տարիներն անգույն, Ու օրն օրին է այսպես հաջորդել – Ու պատմությունը դարձել է անգո, Ու մեր մտքերը – կենդանի ճորտեր: Անցահուները մեռցնելով կյանքի, Իրենց գոյությամբ պղծելով ներկան՝ Դարձել են աղետ ու ճակատագիր, Բայց մենք ապրում ենք, ու քանի դեռ կանք Մենք պիտի փորձենք բառը ապրեցնել, Ավետել ծնունդն ու ճիչը մանկան, Նա պիտի լինի ամեն պահ մեզ հետ, Պիտի պահպանենք մենք նրան, անգամ Երբ հանկարծակի մենք վեր ենք թռչում Մեր քնից – ասես մահվան երազից, Երբ թվում է, թե մահ ենք անրջում, Ու գոյությունը կախված է մազից… … Ահա այսպիսի մի ուղերձ դարձավ Ընթերցումը քո խաղաղ տողերի – Արարող կարոտ, լսելի մի ձայն, Ծանոթ քայլերը ծանր խոհերի, Որ անհնար է երբեւէ ջնջել, Ու թող հանդիպեն էջերն այս երկու. Առջեւում Խոսքն է, որ դեռ չի հնչել, Քեզ առաջվա պես իմ ձեռքն եմ մեկնում, Իմ հին բարեկամ, եղբայր հարազատ, Ու թող քո խոսքը ճանապարհ հարթի, Ու թող արարեն տողերը արձակ Ոլորանները մեզ անհայտ բախտի: Ու թող նա հասնի ժամանակներին, Ու զգաս քիմքիդ համը մանկության… Ինչպես ծնողը իր ժառանգներին՝ Այդպես անցյալն է կյանքիդ հանգուցված… 23.12.2001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել