Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանոր եւ Սուրբ ծնունդ

Հունվար 12,2002 00:00

Ամանոր եւ Սուրբ ծնունդ Որքանո՞վ են քրիստոնեական Շուկաներում ու տոնավաճառներում տիրող եռուզեռ, դրամ չունենալուց անվերջ տրտնջացող մարդկանց կողմից զարմանալիորեն ակտիվ եւ անտրամաբանորեն շռայլ առեւտուր, տոնական պերճաշուք սեղան, բարեմաղթանքներ, փոխադարձ նվերներ, կախարդական տոնածառ ու Ձմեռ պապ, գինարբուք, խրախճանք… Այսպես է նշում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոները հայկական ընտանիքների մեծ մասը։ (Իհարկե, խոսքը չի վերաբերում շքեղ խաղատան պատի տակ ծվարած, ձեռքը պարզած մուրացկանին կամ որեւէ պիտանի բան գտնելու հույսով փողոցային աղբարկղը քրքրող դողդոջուն ծերունուն)։ Գաղտնիք չէ, որ արտաքինից այսքան գեղեցիկ թվացող տոնակատարությունը թե՛ տնտեսական եւ թե՛ առողջապահական տեսակետից այնքան էլ օգտակար չէ։ Բազմաթիվ ընտանիքներում տոնական օրերի առթիվ կատարված ծախսերը բերում են այն բանին, որ առաջիկա ամիսներին ընտանիքի նույնիսկ նվազագույն ծախսերը հոգալու համար դրամ չի մնում։ Ինչպես հավաստում են բժիշկները, որպես կանոն այդ օրերին ավելի հաճախակի են դառնում շտապ բուժօգնության կանչերը սիրտ-անոթային համակարգի եւ ստամոքսա-աղիքային խանգարումների արձանագրմամբ, որոնք առաջանում են ալկոհոլի եւ սննդի ոչ չափավոր օգտագործման հետեւանքով։ Սովորաբար ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նույնպես աճում է այդ օրերին։ Կարծում եմ, հարկ է քննել տոնի իմաստը նաեւ կրոնական տեսանկյունից։ Որտեղի՞ց են գալիս տոնի արմատները։ Հնում հայերի սիրելի աստվածն էր պտղաբերության, այգեկութի, խաղողի, գինու աստված Ամանոր-Վանատուրը (Ամանոր՝ նշանակում է նոր տարի, իսկ Վանատուր՝ հյուրընկալ), որին նվիրված էր բարեկենդանի, այնուհետեւ՝ հայկական տոմարի զարգացման հաջորդ փուլում, Նավասարդի տոնը։ 18-րդ դարում Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով, որպես տարվա սկիզբ եւ Ամանորի տոն հայերն ընդունում են հունվարի 1-ը։ (Ամիսն այսպես էր կոչվում լատինական «Յանուս»՝ ժամանակի, ամեն տեսակ սկզբի եւ վերջի, ելքի ու մուտքի աստծո անվամբ, իսկ հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ հաստատել էր Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թ.)։ Այս տոնը նույնպես ուղեկցվում էր ժողովրդական խրախճանքներով, ծիսական երգ ու պարով։ Քրիստոնեության մուտքից հետո բնության զարթոնքը խորհրդանշող վերոհիշյալ տոները հարմարեցվում են Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնին։ Քրիստոնեական աշխարհը Քրիստոսի ծնունդը նշում է տարբեր օրերի (կաթոլիկները՝ դեկտեմբերի 25-ին, ուղղափառները՝ հունվարի 7-ին, իսկ առաքելական եկեղեցին՝ հունվարի 6-ին)։ Հին աշխարհի շատ երկրագործ ժողովուրդներ «մեռնող եւ հառնող» աստվածների (Ադոնիս, Թամուզ, Միհր, Օսիրիս) պաշտամունքը տոնել են ձմեռային արեւադարձի օրերին։ Քանի որ պարսկական Միհր աստծո ծննդյան տոնն արմատավորված էր հեթանոս հայերի մեջ, ապա քրիստոնեության մուտքից հետո այն հարմարեցվում է Քրիստոսի ծննդյան տոնին։ Վկայակոչելով Աստվածաշունչը, նկատեմ, որ այնտեղ չի նշվում Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, եւ սուրբ գրային արձանագրությունները թիկունք չեն կանգնում այն համոզմանը, որ Քրիստոսը ծնվել է դեկտեմբերի 25-ին, հունվարի 6-ին կամ 7-ին։ Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ հազիվ թե Սուրբ գրքի հեղինակը հավանություն տար Քրիստոսյան շունչ չպարունակող մի տոնակատարության, որի ընթացքում Քրիստոսի ուսմունքը ամենից քիչ է հիշվում։ Ինչ արած, աշխարհի ուղեղն ենք թմբկահարում քրիստոնեական 1700-ամյա պատմությամբ, սակայն հեթանոսությունից սերված եւ ավանդության ներկով շաղախված սովորություններով մենք՝ հայերս մնում ենք անգերազանցելի։ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել