ԱՇՆԱՆ ԱՆՁՐԵՎ Այն գիշերը եկավ։ Մութի մեջ անձրեւակաթիլները սկսեցին դանդաղ թափվել՝ օդը լցնելով իրար քսվելուց առաջ եկած խշշոցով, մեղմիկ տմբտմբացնելով պատշգամբների բազրիքներին ու այսպիսով ստեղծելով մի գիշերային մեղեդի։ Անտեղյակ դրսում եկող անձրեւին, մարդիկ խաղաղ ու անխռով քնել էին իրենց բնակարաններում ու երազներ էին տեսնում։ Օրը հոգնեցրել էր նրանց… Առավոտյան, նոր զարթնած քաղաքի մեջ նրանք շտապել էին գործատեղերը՝ մի կերպ խցկվելով հնամաշ քաղաքային տրանսպորտամիջոցները ու իրենց այդ խցկվածության մեջ նեղսրտելով՝ հայհոյել այդ պահի կառավարությանը։ Մի մասի բախտն իհարկե բերել էր. կանգառներում հանդիպել էին մեքենայատեր ծանոթ-բարեկամներին ու գոհունակությամբ տեղավորվել իրենց համար անհասանելի այդ շքեղության մեջ՝ արհամարհանքով նայելով համընթաց ավտո-տրոլեյբուսների ու տրամվայների միջիններին, մոռանալով, որ երեկ ու վաղը կամ ամենաշատը մի երկու օրից նրանց կողքին են լինելու։ Մարդկային ինչպիսի կարճ հիշողություն… Իսկ գործատեղերը հասնելով՝ նրանք սուրճ են խմել հաստատ, զրուցել դեսից-դենից, անցյալ օրվա աշխարհի ու իրենց քաղաքի նշանավոր դեպքերից, ավելի շուտ քաղաքի, որ իրենց աշխարհի կենտրոնն է ու միակ պատուհանը, որի միջով կարելի է դիտել ու հասկանալ ինչ-որ բան։ Ապա, դեմքերին լրջմիտ արտահայտություն տալով, նրանք անցել են աշխատանքի։ …Մի կերպ եկած միջօրեն դժվարահաս է եղել ու ցանկալի։ Ոմանք հանել են տնից բերած, հին լրագրերի մեջ փաթաթած կերակրակապոցները՝ մեջը խաշած ձու, կանաչեղեն ու մի կտոր պանիր, մյուսները բավարարվել բուֆետում մի բան ծամելով կամ շրջակայքում զբոսնելով։ Անշտապ ուտելով՝ նրանք երեւի դատողություններ են արել իրենց այդ խնայողության մասին, ինչպես այդ խառն ու խրթին ժամանակներում մի կարեւոր հերոսության… Այդպես ահա… հետճաշյա նիրհի մեջ ծույլ ու խաղաղ, նրանք մի կերպ գլորել են մնացած ժամերը մինչեւ աշխատավերջն ընկած ու երեկոյան՝ հոգնած ձանձրույթից ու բավարարված նրա թվացյալ ավարտով, մղվել են այդ մարդիկ կահավորված, կիսակահույք բնակարանները՝ մտովի գուշակելով սպասող ընթրիքի բաղադրությունը, նախապես սակայն լավ իմանալով այն։ Հետո, քաղաքին քնքշորեն փարված երեկոյի մեջ, բայց անհաղորդ նրա հրապույրներին, նրանք սեղանի շուրջ լուրջ դիտողություններ են արել իրենց երեխաներին՝ չփչացնելու, դպրոցում հերթական անկարգության ու վատ սովորելու համար, ու այս ամենը ամփոփել հեռուստահաղորդման՝ պատշաճ ու օգտակար ընտանեկան դիտումով։ Գիշերը մահիճներում պառկած, այնպես հաճույքով, կարծես մի 30-40 տարի հետո այդ իրենք չեն մաքառելու ամեն ավել ապրած օրվա համար, լսել են կողակիցների փսփսոցները՝ տնային զանազան ծախսերի, հարեւանների արարքների ու որոշ բարեկամների հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ. փսփսոցներ, որ ի վերջո հրահանգներ ու ցուցումներ են դառնում… Իսկ հետո նրանք քնել են, գիշերային անձրեւին չսպասած՝ դեմքերի նույն լուրջ արտահայտությամբ՝ ժպիտից համառորեն խուսափելով… Այնինչ, աշնան գիշերանձրեւի այդ մեղեդուն մի ժպիտ է պակաս եղել ու պետք. պատուհանից այն կողմի ապակուն հենված մի հայացքաժպիտ… Բայց թե աշխարհից ձանձրացած ու նրան ձանձրացրած մարդիկ որտեղից իմանային այդ մասին. աշնան անձրեւի՝ իրենց կարոտելու մասին, իրենց անհրաժեշտության մասին։ Գալիք առավոտյան, ննջեցյալ կյանքի մի օր էլ հաղթահարած, երկրագնդի փոքրիկ մի կետի այդ տարօրինակ բնակիչները կրկնելու են իրենց ամենօրյա ուղերթը՝ մտքում զարմանալով փողոցային ասֆալտի վրա անձրեւից հիշողություն մնացած ջրափոսերի վրա՝ «Էս ե՞րբ հասցրեց»… Չէ՞ որ իրենք այդպես էլ ոչ մի բան չեն հասցնելու… Նույնիսկ՝ մի աշնան անձրեւ զգալ… ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ