Երբ թիկունքն ուժեղ է… «Նաիրի» կինոթատրոնի սեփականաշնորհման մասին պայմանագրում, որտեղ կինոթատրոնի հետագա գործունեության շրջանակների վերաբերյալ բազմաթիվ պայմաններ կան ամրագրված, նաեւ արձանագրված է, որ 2002 թ. հունվարի 1-ին պետք է տեղի ունենար կինոթատրոնի բացումը։ Սակայն, ինչպես տեսնում եք, կինոթատրոնը ոչ միայն չի բացվել, այլեւ դեռեւս շինարարական աշխատանքները չեն ավարտվել։ Պայմանագրում նաեւ նշվում է, որ եթե նշված օրը, նշված ժամկետում «Նաիրի» կինոթատրոնը չսկսի իր գործունեությունը, ապա՝ այն ներկայիս սեփականատիրոջ ձեռքից հետ կվերցվի եւ նորից կներկայացվի սեփականաշնորհման։ Անգամ առանց որեւէ փոխհատուցման՝ կատարված եւ ներդրված շինարարական ծախսերի դիմաց։ «Նաիրի» կինոթատրոնի սեփականաշնորհման համար ձեւավորված հանձնաժողովի անդամներից մեկը ուրախությամբ նշեց այդ փաստը, ասելով, թե դա պայմանագրի «ամենալավ» կետն է եւ այն չկատարելու դեպքում գրեթե ամբողջությամբ վերանորոգված վիճակում շենքը հետ կվերցնեն եւ արդեն շատ ավելի մեծ գումարով կվաճառեն։ Սակայն դա այնքան էլ իրագործելի չէ, քանի որ «Նաիրի» կինոթատրոնի տերը իրականում ոչ թե «Ուլիս» շինարարական կազմակերպության տնօրեն Միքայել Ղազարյանն է, որը ներկայանում է իբրեւ իրական սեփականատեր, այլ՝ «Կոնվերս» բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը։ Իսկ Ս. Նասիբյանի թիկունքում, ինչպես բազմիցս մամուլում հիշատակվել է, Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանն է։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեց հանձնաժողովի անդամ մեր զրուցակիցը, իրենք չեն կարողանում պայմանագրային այդ խախտմանը ոչ միայն գործնականում միջամտել, այլեւ՝ արձագանքել։ Ի դեպ, կինոթատրոնը սեփականաշնորհման ներկայացնելիս պայմանագրում նշված է եղել, որ սեփականատեր դառնալ ցանկացողը պետք է 500 հազար ԱՄՆ դոլար ներդնի՝ շենքի վերանորոգման եւ գործարկման համար։ «Ուլիս» ֆիրման, համաձայն պայմանագրի պահանջների, խոստացել է ներդնել 500 հազար դոլար, սակայն հանձնաժողովը քննարկումների արդյունքում չի վստահել այդ ֆիրմային եւ հրաժարվել է կինոթատրոնը վաճառել «Ուլիսին»։ Եվ այդ ժամանակ արդեն «Կոնվերս» բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը, որը չի ցանկացել եւ ցանկանում ներկայանալ որպես կինոթատրոնի սեփականաշնորհմամբ շահագրգիռ անձ եւ այժմ արդեն իրական սեփականատեր, այսպես ասած, ջրի երես է դուրս եկել՝ խոստանալով եւս 100 հազար դոլար վարկ տրամադրել «Ուլիս» ֆիրմային, որպեսզի վերջինիս այն սեփականաշնորհելու հնարավորություն տան։ Այսպիսով, հանձնաժողովը վստահելով Նասիբյան «գարանտին», որոշել է կինոթատրոնը վաճառել «Ուլիս» շինարարական կազմակերպությանը։ Միայն այդ պատճառով։ Եվ նաեւ միայն այդ պատճառով է, որ հունվարի 1-ին կինոթատրոնը չբացվելով (ինչպես նշված է պայմանագրում), դեռեւս այն մնացել է նույն սեփականատիրոջ ձեռքում։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ