Բուհի ղեկավարությունը ե՞րբ երկրորդ հարկից կբարձրանա Ձմեռային քննաշրջանի այս եռուն օրերին մենք մտադիր չենք լուսաբանել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում ընթացող քննությունների ընթացքը։ Մեզ հուզում է տարբեր մասնաշենքերում տիրող անմխիթար վիճակը, անշուք լսարաններն ու կիսաքանդ մանրահատակը։ Երբ մոտ մեկ տարի առաջ համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ, ուսանողները թեթեւացած շունչ քաշեցին եւ ասում էին միմյանց. – Վերջապես, երեւի բուհն ավարտելուց առաջ մեզ էլ վիճակվի գեղեցիկ կահավորված լսարաններում դասեր անցկացնել։ Ավաղ, նորոգումը երկրորդ հարկից վերեւ չբարձրացավ։ Պարզվեց, որ հենց այդ հարկում է գտնվելու ինստիտուտի կարգավիճակից համալսարան դարձած նոր կրթօջախի ռեկտորատը։ Սկսված թոհուբոհի ավարտից հետո ամեն ինչ մնաց նախկինի պես. առանց բռնակների եւ փականների դռներ, քանդված պատեր (լի փորագրություններով), իրենց դարն ապրած սեղան-նստարաններ, ծեփաթափ միջանցքներ… Վիճակն անտանելի է հատկապես վերջին՝ չորրորդ հարկի լսարաններում, ուր տանիքից մշտապես թափվող անձրեւաջրերը ստիպում են ուսանողներին դասերի ժամանակ նստել հովանոցներով։ Սա դեռ բոլորը չէ։ Ամենաարտառոցը երրորդ եւ չորրորդ հարկերի զուգարաններից փչող մշտական գարշահոտն է եւ ներսում տիրող հակասանիտարական վիճակը։ Նման վիճակ դժվար է պատկերացնել անգամ մեր հանրապետության ամենահեռավոր մարզի գյուղական դպրոցներում։ Մինչդեռ մասնաշենքի երրորդ հարկում գործում է միայն ռեկտորատի աշխատակիցների համար նախատեսված՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող զուգարան։ Երբ շենքի մուտքից ներս ես մտնում, աչքի են զարնում դրամարկղի մոտ առաջացած հերթերը։ Դրանք այն ուսանողներն են, որոնք մուծում են ուսման վարձավճարը, քանզի չվճարելու դեպքում բուհից հեռացվելու վտանգ կա։ Օրինական հարց է ծագում. մի՞թե այսքան գումար վճարող ուսանողների համար չպետք է ստեղծվեն գոնե նվազագույն բարեկեցիկ պայմաններ։ Ե՞րբ պետք է բուհի ղեկավարությունը երկրորդ հարկից վեր բարձրանա եւ ականատես լինի այն ամենին, ինչը տարիներ շարունակ հուզել է եւ հիմա էլ հուզում է բոլոր ուսանողներին։ ԻՆԳԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ