ԱՎԱՐ ԿԱՄ ԿԿՈՒՆ ԱԾԵՑ, ՊՈՒՊՈՒՆ ՏԱՐԱՎ 1997թ. գարնանը ավարտվեցին արհմիության տարածքային խորհուրդների հաշվետու-ընտրական կոնֆերանսները: Երբ արդեն ավարտվեցին հանրապետական խորհուրդների եւ ՀԱՄԿ-ի համագումարները, պետհիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա Դերենիկ Քամալյանը հիշեց իրենց տարածքային խորհուրդների հաշվետու-ընտրական կոնֆերանսների մասին եւ «առաքելական» շրջագայություններ սկսեց կատարել հանրապետության նախկին շրջանները։ Նրա առաքելությունն այն էր, որ բոլոր շրջաններում անօրինական հիմունքներով՝ մի գավաթ սուրճի շուրջ, ստեղծում էր պետական հիմնարկների աշխատողների արհմիության տարածքային խորհուրդներ։ Հերթը հասավ նաեւ Ապարանի շրջանին, որի կապակցությամբ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում նրա մասին «Առաքյալը կամ կեցցե կատուն, որն իր փորի համար մուկ է որսում» վերնագրով հոդված տպվեց։ Ինչեւիցե, բարձրաստիճան պաշտոնյան շախմատային ձիու քայլ կատարելով հեռացավ շրջանից։ Ո՞րն էր այդ գաղտնի քայլի էությունը։ Նա իր ծրագրին համահունչ Ապարանի տարածքում նույնպես իր իսկ կողմից ստեղծած պետհիմնարկների աշխատողների արհմիության տարածքային խորհրդում հասարակական կարգով հաշվապահ «կնքեց» Ապարանի տարածքային գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) հաշվապահ Սուսաննա Ալոյանին։ Թվում էր, թե անմեղ մի քայլ էր։ Ինչ կա որ։ Առանց այն էլ միջոցները սուղ են, ինչու ավելորդ հաստիք սահմանել։ Բայց արի ու տես, որ առաջին հայացքից անմեղ թվացող այդ քայլը հեռավոր նպատակներ ուներ։ Գյուղապետարանները կախման մեջ են ՏԳԲ-ներից։ Օգտագործելով «իշխանական» իրենց լծակները, նրանք այլ արհմիությունների հաշվին կատարվող արհմիութենական անդամավճարների փոխանցումները ձեւակերպում են պետհիմնարկների աշխատողների արհմիության տարածքային խորհրդի հաշվին։ Զորօրինակ, Ապարանի ՏԳԲ-ն (տնօրեն՝ Թամարա Սանթրոսյան, հաշվապահ՝ Սուսաննա Ալոյան) ճարպկորեն է օգտվում այդ հնարավորությունից։ Ինքնիշխան այդ «իշխանուհի» Սուսոն իր ձեռի հետ տարվող հասարակական այդ աշխատանքով փաստի առաջ է կանգնեցրել ագրոաշխատողների արհմիության Ապարանի տարածքային խորհրդին։ Առաջնորդվելով ավարառուի իր հոգեբանությամբ ու շահով, հաշվի չառնելով այն փաստը, որ գյուղապետարանները կոլեկտիվ պայմանագրեր ունեն ագրոաշխատողների արհմիության Ապարանի տարածքային խորհրդի հետ եւ սահմանված կարգով կիսամյա հաշվետվություններ են ներկայացնում վերոհիշյալ խորհրդին, ինչպես նաեւ այն փաստը, որ մինչեւ իրենց լույս աշխարհ գալը այդ կազմակերպությունները սպասարկվել են ագրոաշխատողների տարածքային խորհրդի կողմից, միանձնյա այդ «իշխանուհին» գյուղապետարանների կողմից կատարվող արհմիության անդամավճարների փոխանցումները գրանցում է համարյա իրեն պատկանող պետհիմնարկների արհմիության տարածքային խորհրդի հաշվին։ Այստեղ են ասել՝ կկուն ածեց, պուպուն տարավ։ Սա կոչվում է կողոպուտ օրը ցերեկով, քանզի հաշվապահի թրի առաջն էլ է կտրում, հետեւն էլ։ Ինչ պայմանագիր, ինչ բան։ Դրանք ամենազոր հաշվապահի համար նշանակություն չունեն։ Հապա թող փորձեն չփոխանցել, պորտները էնպես տեղը կդնի, որ… կզրկվեն ե՛ւ աշխատավարձի ձեւակերպումից, ե՛ւ մյուս տեսակ գործարքներից, թող գնան ու ամիսներով սպասեն։ Ու այս խեղճերը (գյուղապետները եւ հաշվապահները) ստիպված հլու հնազանդ կատարում են «իշխանուհու» բոլոր քմահաճույքները։ Համարձակվողները կարժանանան նրա զայրույթին։ Եվ իրեն բոլոր լիազորություններով օժտած հաշվապահի օրինազանցություններին լուռ տեղի է տալիս գանձապետը։ Մեր բազմաթիվ ահազանգերը ոչ մի արդյունք չտվեցին։ Ստիպված մեր վերադաս հանրապետական խորհրդի միջոցով դիմեցինք ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանին։ Սակայն վերջինիս գրավոր պարզաբանումն էլ չազդեց ամենակարող ՏԳԲ-ի վրա։ Պարոն Ա. Ջանջուղազյանը իր 05.09.01 N 3/7-1672 գրությամբ հստակ պարզաբանում է տվել այն մասին, որ ՀՀ «Տեղական ինքնակառավարման» օրենքին համապատասխան, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո, պատգամավորների գյուղական եւ քաղաքային խորհուրդները դադարեցրել են իրենց լիազորությունները, իսկ նոր ստեղծված տեղական ինքնակառավարման մարմինները նշված օրենքով իրավահաջորդ չեն հանդիսանում։ Ելնելով դրանից, տեղական ինքնակառավարման մարմինները չեն հանդիսանում պետական մարմիններ եւ նրանց կողմից վճարված արհմիութենական անդամավճարները չպետք է մուտքագրվեն պետական հիմնարկների արհմիության հանրապետական խորհրդի հաշվին։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Ցավոք, Ապարանի ՏԳԲ-ն չի կատարում անգամ իր վերադասի ցուցումը։ Վերը շարադրված օրինազանցությունների պատճառով ագրոաշխատողների արհմիության Ապարանի տարածքային խորհուրդը հայտնվել է անելանելի վիճակում։ Շուրջ երկու տարի չի վճարվել աշխատավարձը, զբաղեցրած սենյակի վարձը, վաղուց անջատված է հեռախոսը։ Պետհիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական խորհուրդը զանց է առել օրինականության բոլոր սահմանները։ Մի՞թե այստեղ չգիտեն, որ զինվորական ծառայության մեջ գտնվող անձը արհմիության անդամ չէ եւ իրավունք չունի ընտրվել արհմիության տարածքային խորհրդի նախագահ՝ խախտելով ՀՀ արհեստակցական միությունների մասին օրենքի վեցերորդ հոդվածը, որում պարզ ասվում է, որ արհեստակցական կազմակերպության անդամ չեն կարող լինել ՀՀ զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ծառայողները։ ՂՈՒԿԱՍ ԱՎԴԱԼՅԱՆ Ագրոարդի համակարգի աշխատողների արհմիության Ապարանի տարածքային խորհրդի նախագահ