Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակնությունը մեզ համար չէ

Հունվար 12,2002 00:00

Բազմակնությունը մեզ համար չէ Միշտ ընդունվել է այն գաղափարը, որ ամուր ընտանիքները պետության հիմքն են։ Սակայն դարեր շարունակ հայ ժողովուրդը պետություն չի ունեցել, բայց գոյատեւել է հանձին հոգեւոր իշխանության, որն էլ կատարել է պետության կարեւոր դերը։ Այսօր մենք անկախ պետություն ենք եւ Հայ Առաքելական եկեղեցին իր անխախտ սկզբունքներն ունի ընտանիքի ամրության հարցում։ Իր պարզորոշ մեկնաբանություններն է տալիս Ստեփանակերտ քաղաքի աղոթատան քահանա Մինասը։ – Եկեղեցին ընդհանրապես ընտանիքի ամրության հարցում շատ կարեւոր դեր ունի։ Եկեղեցում կատարվող ամուսնական արարողությունը հավաստում է նրանց միությունը մինչեւ կյանքի վերջ եւ ամուսնալուծություն՝ կենցաղային որեւէ պատճառներով, չի ընդունում։ Մատթեոս ԺԹ գլխի 5-6 համարներում ասվում է՝ «Թե նա, որ սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը եւ մորը, ու պիտի գնա իր կնոջ ետեւից, եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մի մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Միայն բացառիկ հիվանդության դեպքում է հնարավոր ամուսնալուծությունը։ – Ժողովրդի մեջ այն մտավախությունը կա, թե ամուսնությունները մայիս ամսին դժբախտություն կարող են բերել եւ այդ պատճառով բոլորովին չեն կատարվում։ Ինչպե՞ս եք այդ փաստը բացատրում։ – Ժողովուրդը ճիշտ չգիտի։ Ըստ քրիստոնեական կրոնի՝ մայիսին թույլատրվում է ամուսնանալ։ Մայիսը բնության զարթոնքի, ինչպես նաեւ մարդկային զգացումների արտահայտման ամիս է։ Ամուսնությունն արգելվում է հարության տոնից (Մեծ զատիկ) 40 օր առաջ եւ այդ տոնից մեկ շաբաթ հետո։ – Տարիներ առաջ, եթե համեմատելու լինենք, երիտասարդները շատ քիչ էին ամուսնանում եկեղեցական ծեսով, իսկ այսօր դրանց թվի աճը ինչպե՞ս եք բացատրում։ – Այո, խորհրդային տարիներին ամուսնությունները մեր եկեղեցիներում կատարվում էին շատ քիչ, այսօր խիստ աճել է եկեղեցիներում կատարվող ամուսնությունների թիվը։ Պետք է ասել, որ հայ ժողովուրդը միշտ էլ ապրել է հավատքով՝ անկախ այն փաստից, եկեղեցի հաճախում է, թե ոչ, կարդում, մեկնաբանում է «Աստվածաշունչը», թե ոչ, մի կողմ թողնենք փիլիսոփայական քրիստոնեությունը, կարեւորը ժողովրդի քրիստոնեության պահպանումն է։ – Փաստորեն հայ ժողովուրդը պահպանողական ընտանիք կազմելու կողմնակիցն է, որն էլ իրեն հայ պահելու կարեւոր ուղու վրա է դրել։ Սակայն այսօրվա սոցիալական ծանր պայմաններն արդյո՞ք չեն խարխլում մեր ընտանիքի բարոյական հիմքերը։ – Ցավոք, ոչ միայն սոցիալական վատ պայմանները, այլեւ ոչ ազգային բարքերն արդի մտահոգող խնդիր են ոչ միայն ընտանիքների, այլեւ այն երիտասարդների համար, որոնք նոր են ընտանիք կազմելու։ Սակայն բարոյականության հիմքը հավատն է։ Եթե մարդը գիտի, որ կատարած ամեն քայլի համար պետք է պատասխան տա, կաշխատի վատ բան չանել, կխուսափի։ Պետք է զորացնել մեր հավատը։ Այս հողը մեզ համար սրբություն պետք է լինի, որտեղ հաց, այնտեղ կաց՝ չպետք է լինի։ – Մարդ զերծ չէ գայթակղություններից եւ ինչպես Նարեկացին կասեր՝ ներիր բազմամեղիս։ – Համամիտ եմ, սակայն, մարդիկ մեղքերի թողություն՝ խոստովանելու հնարավորություն ունեն։ Շատերն իրենց մեղավոր չեն ճանաչում, սակայն կան շեղումներ՝ անիմաստ նախանձ, բամբասանք, ագահություն (նաեւ մարդ, որ բարիք անել չգիտի) եւ այլն, որոնք նույնպես մեղքեր են համարվում։ – Ո՞րն է ընտանիքի ամենակարեւոր հենասյունը։ – Ընտանիքի հիմնական կռվանը՝ պատվիր հորդ ու մորդ սկզբունքն է, որը փոխադարձաբար շարունակվում է սերնդեսերունդ։ Սոցիալական ծանր պայմանները չպետք է խախտեն մեր գրված ու չգրված օրենքները։ – Մեր հավատը, երբ համեմատում ենք մյուս կրոնների հետ, ի՞նչ բացառիկ առավելություններ ունի։ – Եթե համեմատելու լինենք, օրինակ՝ մուսուլմանական աշխարհն ընդունում է բազմակնություն, որը մեզ մոտ ոչ միայն անընդունելի է, այլ մեզ մոտ կարեւորը հավատարմությունն է, որն անխախտ սկզբունքներից մեկն է եւ հիմնված է ամենաթանկ զգացումի՝ սիրո վրա։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՅԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել