ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍ Է՝ ՇՈՒՏ ԱՆՑԻՐ Իր որոշ թերություններով հանդերձ, խորհրդային դպրոցն, այնուամենայնիվ, ավելի կուռ էր ու կազմակերպված։ Կարծես թե չկային կարեւոր եւ երկրորդական առարկաներ կամ դրանց այդ վիճակի մեջ դնող պաշտոնյաներ ու պայմաններ։ Դպրոցներում խանդավառությամբ ՊԱՊ համալիրի նորմաներ էին հանձնում, ֆիզկուլտուրայի դասերին պարտադիր էր համազգեստը։ Ավելին, շատ դպրոցներ դասերը սկսում էին բակում կազմակերպվող լիցքային վարժություններով։ Նույնիսկ տարվա մեջ կային հատուկ օրեր, երբ դասացուցակի բոլոր ժամերին ֆիզկուլտուրա էին պարապում, քանզի կարեւորվում էր առողջ մարմինը ու, նրա մեջ՝ առողջ հոգին։ Այսօր, ցավոք, աշակերտները խուսափում են մասնակցել ֆիզկուլտուրայի, երգեցողության, նկարչության եւ նման այլ առարկաների դասաժամերին։ Դրանք վաղուց համարվում են երկրորդ «սորտի» առարկաներ։ Պատճառը, իհարկե, միայն ուսուցչի կամ աշակերտի քմահաճույքը չէ, այլ համապատասխան նյութերի, գույքի, ծրագրերի բացակայությունը։ Երկրորդ «սորտին» են դասվում նաեւ գեղագիտությունը, գծագրությունը եւ ինֆորմատիկան, որոնց նույնպես մատների արանքով են նայում թե «վերեւում», թե «ներքեւում»՝ դպրոցներում։ Մի խոսքով, դասագրքերի, ծրագրերի ու դիդակտիկ նյութերի պրոբլեմը շարունակվում է մնալ հանրակրթության գորդյան հանգույցը։ Ու եթե «գլխավոր» առարկաների համար դասագրքերի, ծրագրերի ու ժամաքանակների անհամապատասխանության խնդիրն է ամենացավոտը, ապա «երկրորդական» առարկաների առումով պրոբլեմն ավելի բարդ է։ Քանզի լավ է ունենալ վատ ծրագիր, քան ընդհանրապես ոչինչ չունենալ։ Վերցնենք թեկուզ «ճանապարհային երթեւեկության կանոնները», որը բառացիորեն առանց ծրագրերի ու դասագրքերի՝ փաթաթված է դպրոցների վզին։ Քավ լիցի, բնավ հակված չենք թերագնահատելու նրա դերը, մանավանդ որ ստույգ գիտենք, թե որքան շատ են խախտում մեր երկրում ճանապարհային երթեւեկության կանոնները թե՛ հետիոտնը, թե՛ վարորդները։ Գիտենք նաեւ, որ որեւէ մայրիկ, հայրիկ կամ քեռի երբեք «գլուխ չի դնի» երեխայի հետ, սովորեցնելու համար նրան այդ կանոնները։ Ու լավ կլիներ, եթե այդ բացն իսկապես լրացվեր գոնե դպրոցում։ Բայց ինչպե՞ս կամ ինչո՞վ, երբ դպրոցին, բացի թեմաների վերնագրերով բարալիկ բրոշյուրից ոչինչ չի տրվում, որով հնարավոր լիներ առաջնորդվել։ Ամենաշատը դասամատյանում էջ է հատկացվում, որտեղ ուսուցիչը պարտավոր է ամիսը մեկ անգամ լրացնել «անցած» թեմաների վերնագրերը։ Ու սրանով գործը փակվում է։ Աշակերտներն էլ, «սերտած» կանոնները, ամեն օր դպրոց են գալիս միայնակ կամ ծնողի հետ, խախտելով այդ կանոնները, լուսացույցի կարմիր լույսի ներքո հատելով փողոցը։ Կամ էլ, եթե փողոց անցնելու հարկ չկա, հնարավորություն են ունենում մայթից հանգիստ դիտել, թե ինչպես են խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները մյուսները։ Եթե, իհարկե, հասկանան, որ դրանք խախտվում են։ Մեր առաջիկա համարներում շատ ավելի մանրամասն կներկայացնենք, թե «երկրորդական» համարվող առարկաները որքանով են կարեւորում կրթական համակարգի պատասխանատուները, կոնկրետ ինչ քայլեր են արվում այդ առարկաների հեղինակությունը վերականգնելու, համապատասխան ծրագրերով, մեթոդական ուղեցույցներով մանկավարժներին ապահովելու ուղղությամբ։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ