վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: «Ֆրանկների» թվում նաեւ վերջինիս Ժոսլին որդին է եւ դուստրը` Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Նրանք ուղեկցում էին թագավորին, քանի որ վերջինիս ռազմարշավի նպատակը նախկինում գերված իրենց հոր ազատագրումն էր:Շուտով Բեհեսնի է ժամանում նաեւ Եվմորֆիա թագուհին, որը չնայած առաջացած տարիքին, հղի է: Տագնապալի լուր է գալիս, որ թուրքերը պաշարել են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Գժտության եզրին են Ռուբինյան եղբայրները, քանի որ Լեւոնը խախտել է խաչակիրներին չաջակցելու պայմանը, որն ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի նախաձեռնությամբ կնքել էր ամիրայի հետ: Եվմորֆիա թագուհին դժվարությամբ, բայց ծննդաբերում է: Իշխանազն Ռուբենը հաջողությամբ ասպատակում է Բալակի տիրույթները, որպեսզի նրան շեղի Եդեսիայի կոմսության խորքը ներթափանցելուց: Այս իրադարձությունների առթիվ Լեւոն իշխանը խնջույք է կազմակերպում, որի հյուրերին զվարճացնում են խեղկատակներ, ձեռնածուներ, օձահմաներ: Հայ գուսաններն ու վարձակները, «ֆրանկ» ժոնգլյորները ներկայացնում են ասքեր, խաղ-զրույցներ, որոնցից մեկը եզրափակող հարսանիքի տեսարանի կապակցությամբ համընդհանուր պար է սկսվում: 53. Մե՛կ հայկական, մե՛կ հունական կամ ասորական եղանակներ էին հնչում: Ձեռքերն իրար կամար կապած շնորհալիորեն պարեց Բեատրիսը, որի մազերի մեջ փոքրիկ ոսկե թագ էր փայլում: Խմբովի, ոստոստալով` պար բռնեցին գույզգույն շորերով ֆրանկ տիկնայք եւ որպես մաքրության նշան սպիտակ կտավե պարեգոտներ ու փիլոններ հագած ասպետները: Բայց Խաչատուր ազատի կին Դուստրը սովորականի պես բոլորին զգլխեց: Նա մատները խաղացնում եւ արագ ոտնատրոփ էր անում: Երեւի խմած գինուց` կարմրած էր, աչք-ունքը ոլոր էր տալիս` հատկապես բերդապահ Կոստանդինի կողմը, մեջքն այնպես էր ծռում աղեղի նման, հետ ու առաջ ճեմում լեգեոնի զորքի պես, որ հինգ հարյուր մարդ էլ լիներ դահլիճում, բոլորը նրան կցանկանային: Կամավոր ապաշխարանքիս թելադրանքով ես սեղանի մսեղենին ձեռք չէի տվել, բուսական կերակուրներ էլ համարյա չկային: Բայց մի քանի նվագ խմել էի, որպեսզի քաղցս լռեցնեմ, եւ գինին համարձակություն ներշնչեց ինձ կատարելու այն, ինչ նզովքի սպառնալիքի տակ քահանային թելադրում էին կանոնները. հրապարակավ հանդիմանել չարագործներին, մանավանդ «ձեռնածուներին, թովիչներին, դեղահատներին, լերդահմաններին, թիկնագետներին, հուռթողներին, հատընկեցներին եւ չար սատանայի մնացյալ փաթեթը», որոնց եկեղեցին իրավունք ուներ չկնքելու, չպսակելու եւ դիակները չթաղելու, եթե երեք տարի չմեղանչեին ըստ կարգի: Ես կոչ արեցի խուզել, մրել եւ աշխարհալուր ձաղկել նրանց, դրամները խլել ու տալ աղքատներին: Թե՛ հայ ազատները, թե՛ ֆրանկ բարոններն աղմկեցին, որ կարիք չկա զվարճությունը խանգարելու, իսկ իշխանն ավելի հանդարտ, բայց անվերապահորեն պնդեց, որ արժանիներին պատժելը հետաձգենք խրախճանքի վերջին: Մեկ որ ոտքի էի ելել, մտածեցի, թե տեղին էր ծակ ականջներին ուշքի բերել գերեզմանակրկիտի այլաբանությամբ, որը փորձել էր նորաթաղ տիկնոջ զգեստները հանել, բայց նա գողին ապտակել էր, թե` յոթ զավակի մայր եմ, բայց արեւը միայն երդիկից եմ տեսել, Աստծուց վախ չունե՞ս, որ մերկացնում ես ինձ… «Այս երեք գանգը վերցրու…»` ձայնեցին շարունակությունը ոմանք, ավելացնելով, թե մարդ չկա, որ դա չիմանա, եւ ես փոշմանած տեղս նստեցի: Թերեւս ինձ մխիթարելու համար Բեատրիսն ու Թորոսիկը միջնորդեցին, որ իշխանը մեր գուսաններին պատվիրի «Փահլուլ թագավորի պատմությունը»: Այս Փահլուլը մի աստվածավախ թագավոր է եղել, որն իր ապարանքում հանկարծ տեսնում է կորած ուղտերը փնտրող ուղտապանի: Զարմանում է, թե պալատում ինչ գործ ունի ուղտը, ուղտապանն էլ հարց է տալիս, թե` իսկ դու՛ ինչպե՞ս ես ուզում Աստծուն գտնել` «փետրալից բարձին ու մարգարտահեռ ոսկի գահին բազմած»: Փահլուլը հասկանում է, որ իր առջեւ մարդ չէ, այլ` Աստծո հրեշտակը, եւ, իր աթոռին նստեցնելով որդուն, ինքը մուրացիկի տեսքով աշխարհե աշխարհ է ընկնում: Ի վերջո, Բաբելոնի շուկայում սկսում է ջուր կրել, բայց դատած փողն ու հացն աղքատներին է բաժանում: Մի անգամ ունեւոր քաղաքացիներից մեկը միս է տալիս նրան, որ տանի իր տուն, բայց գալիս տեսնում է` չի բերել: Սաստիկ զայրանում է վրան, բայց պարզվում է, որ Փահլուլը միսը տարել է գերեզման, որովհետեւ այն մյուս տունը, ուր մարդն ապրում էր, «չէ մնացական»: Խալիֆի ականջին է հասնում, թե կա մեկը, որը գերեզմանոցում է քնում, քանի որ այդտեղ մուրացիկի հողն ու թագավորինը մի չափի են, կանչում է իր մոտ ու դժվար հարցեր է առաջադրում. – Ի՞նչ է անում այս պահին Աստված: Փահլուլը պահանջում է, որ խալիֆն իր ծառաներին դուրս անի: Երբ բոլորը հեռանում են, ասում է. -Դու իմ էշին նստիր մի պահ, ես` քո թախտին: Այդպես էլ անում են: – Այ, Աստված հիմա խալիֆին իմ էշին է նստեցնում, իսկ ինձ` իր գահին: Խալիֆը ապշած է մնում, իսկ Փահլուլը մի տեսակի բանաստեղծություն է ասում, որը կաֆա են անվանում. «Է մարդ, որ փառացդ հասեր, տեր երկրի եղեր եւ աթոռո, Դու այնպես խնայեցեր ի քեզ, որպես չէ հնար մարդո, Ոչ ունիս երկյուղ ի մահվանե եւ ոչ պատրաստես պաշար գնալո, Զփառս աշխարհիս այլոց թողուս եւ լինիս ափ մի հողո»… Այսպիսի խորհրդաշատ, խրատաբան պատմություն էր սա, որից հետո ֆրանկներն իրենց լեզվով ներկայացրին ինձ անծանոթ մի եղելություն, թե ինչպես Մարկ թագավորի կին Իզոլդային ու զարմիկ Տրիստանին պալատականներից մեկը սիրո դեղ է խմեցնում, որը նրանց երեք տարով կիրք է ներշնչում իրար հանդեպ: Տրիստանը, որը սիրում ու պատվում էր հորեղբորը, եւ գուրգուրվում նրա կողմից, անպատեհ զգացմունքից ազատվելու համար նույնիսկ ամուսնանում է մի ուրիշ Իզոլդայի հետ, բայց դա չի մեղմացնում սիրահարների տառապանքները: Տրիստանն ու Իզոլդան մեծ մասամբ բաժան էին իրարից, եւ նրանց դերերը խաղացողները երկար խոսում էին մեջքերն իրար արած: Մյուս երկու ժոնգլյորները «տղամարդու քնար» էին նվագում, թմբուկ ու ծնծղա խփում` ըստ անհրաժեշտության, կամ թռչունների ձայն նմանակում, երբ թագուհին ու իր ամուսնու զարմիկը քնած էին անտառում, իրար կողքի, բայց` թուրն արանքները դրած: Ժոնգլյորներից մեկը թագավորի տեղն էր խոսում, երբ որ պետք էր, իսկ մյուսը, կանացի քող գցած, երկրորդ Իզոլդային էր պատկերում, թեեւ այնքան կոշտուկոպիտ էր դեմքով, որ ակնհայտ էր` չէր կարող Տրիստանի համար փոխարինել առաջինին, որի դերակատարը գեղեցիկ կին էր: Երբ Տրիստանն ու Իզոլդան մահացան, համարյա ամենքն արտասվեցին, նույնիսկ հայերից նրանք, ովքեր չէին հասկանում ֆրանկների լեզուն: Իսկ քույր Ստեֆանին այնպես աղիողորմ լաց եղավ, որ կողքին նստած Մարգարիտ դը Գրենիեն սկսեց ցնցել ուսերը, որ սթափվի: Երբ ժոնգլյորները հեռացան, թովի՛չը գրավեց ասպարեզը: Նա, պարկի բերանը բացելով, գետնին դրեց եւ կանչեց` «Մանհու էմ սե հոռհու ալազհի եհ թիաթհի մանալ մայեհ ամին», որն ամեն երեխա անգիր գիտի, եւ այնքան կրկնեց «Միսմիլահի ռահման ռահեմ ըռոհըռ ղուտուզ էլահ», մինչեւ խոշորագլուխ օձերը դանդաղ բարձրացան քրձի միջից եւ նրան սեւեռեցին աչքերը: Թովիչին հաջորդեց մի հացկատակ, որը պատմություն արեց, թե ինչպես խոստովանահայրը կախաղան հանելուց առաջ մխիթարում է մի ավազակի, թե շուտով Աստծո ու հրեշտակների հետ նույն սեղանի շուրջն է բազմելու: Սա առաջարկում է հերթը զիջել կրոնավորին, քանի որ դեռ քաղցած չէ` իր ճաշի ժամը չէ: Ամբողջն, իհարկե, սուտ էր. հոգեւորականը չէր կարող գիշերահենին դրախտում պատկերացնել, բայց շատերը քրքջացին: Ես, որ էլի էի գինի խմել, հացկատակին բռունցք ցույց տվեցի, բայց նա ծամածռվեց, թե` «Քառասուն գող մի տկլորի չեն թալանել», եւ այդ սրախոսությունն էլ շատերի դուրը եկավ: Պատրիկ Դամիանոսից խրախուսվելով` հույն ասացողն իրենց հերոս Վասիլի մասին պատմեց, որին Դիգենիս, այսինքն` Երկածին էին կոչում, քանի որ սերում էր հոռոմների Դուկաս անվանի տոհմից եւ Եդեսիայի երբեմնի տեր արաբ ամիրայից, որը նրա մոր հանդեպ սիրուց մկրտվում է: Ասքերից մեկն այն մասին էր, թե ինչպես է Վասիլը գազաններ, այդ թվում եւ առյուծ սպանում, բայց վերջինիս` թրով, եւ ոչ մեր Մհերի նման` ձեռքերով, մյուսը` թե ինչպես է հաղթում ամազոնուհի Մաքսիմոյի ընտիր ասպետներից մեկին` Մելեմենծիսին: Վասիլն ընկճում է նաեւ հիասքանչ ամազոնուհուն, որին տիրում է, բայց` լքում, որպեսզի օրինական կնոջ մոտ վերադառնա: Կուսությունն իր Մաքսիմոն լվաց, հեռանալն իմ նա ծանր ապրեց: Այսպես է հիշում հրաժեշտի պահը Դիգենիսը, որին անվանում էին նաեւ Ակրիտաս` սահմանապահ: Ենթադրելով, թե, հանձին Մելեմենծիսի, հոռոմը Վասիլին համեմատում է Մլեհ Մեծ զորավարի հետ կամ վերնասացյալ սանասունցի Մեծ Մհերին է ավելի թույլ համարում, հայ ազատներն սկսեցին նրան խանգարել` բարձր-բարձր իրար կենաց խմելով: Ասացողը շփոթահար էր, բայց իբր աղմուկը բավական չէր, մի անգամ էլ թագուհին զուգարան գնաց` բոլորը ոտքի կանգնեցին, եւ հոռոմը կարճ կապեց զրույցը: Գերմանացի ուխտավորը սեղանի մոտից վեր կացավ, գինով, եւ առակ պատմեց, թե ինչպես հրեան ընկած է լինում հորը, քրիստոնյան ուզում է պարանով դուրս քաշել: Հրեան հրաժարվում է` թե օրը շաբաթ է, չի կարող գործ անել, իսկ երբ հաջորդ օրն ինքն է օգնություն կանչում, քրիստոնյան է ասում, թե կիրակի է` իր հանգիստն է: Հացկատակը մեջ ընկավ, թե` ես էլ հրեաների մասին առակ գիտեմ, բայց պարզվեց, որ խորամանկել է, որպեսզի ուրիշներից հերթը խլի, քանի որ պատմեց, թե ինչպես մի այր տուն է սարքում` սրբատաշ քարերը դնելով հիմքի մեջ, իսկ պատերը գլաքարերով է շարում: Երբ հարցնում են, թե ինչու է այդպես անում, պատասխանում է, թե շուտով ամուսնանալու է, եւ կինը, միեւնույն է, տունը հիմնիվեր կշրջի: Իշխանը նրան ընդմիջեց, որ ասորիներին էլ խոսք հասնի: Մուդադ ու Տելզեմա գյուղերի երեցը հունարեն մի կռվասեր ու գող մարդու մասին պատմեց, անունը Կուտրիգո, որը ջրմուղից դուրս գալով եւ կողոպուտը նորից այնտեղ տանելով` բազմաթիվ հանդուգն ասպատակություններ էր կատարել պարսիկների դեմ, երբ սրանք գրավել էին Ամիդ մեծ քաղաքը, որը հայտնի է նաեւ որպես Տիգրանակերտ ու Դիարբեքիր: Նրան չթողնելով հեռանալ` Ռուբենը հանելուկ արտասանեց. – Հանց բազե է նա սավառնում, Որսի գնում, դատարկ դառնում, Հանց ասորի երեց կարդում, Սատակներ ու չոր քաք ուտում: Ով միամիտ էր, չհասկանալով իշխանազնի ակնարկը, գոռաց` «ագռավն է», իսկ ֆրանկները, որ քամահրում էին ասորիներին զենք ու զինվորություն չսիրելու համար, սկսեցին հռհռալ դեռ երեցին վերաբերող տողից: Ապա Ռուբենը սյուներից մեկի ետեւից գերի արաբի երեւան բերեց, որի կողքին կարմրաքիթ Կարպիսը կանգնեց, որ թարգմանի: Արաբը հատակին նամազի փոքրիկ գորգ փռեց, ծնկեց, դիմացը պղնձադրամից երկու անգամ մեծ ութանկյուն քար դրեց, եւ ճակատը նրան կպցնելով, ինչպես անում են իրենց մզկիթներում, երկրպագեց Ալլահին: Բոլորս սպասում էինք, որ Անթարի պատմությունը կանի կամ Աբու Զաիդի, որը կոչվում էր նաեւ «Ասք բանու հիլալ ցեղի մասին», բայց նա մի անծանոթ սուրահ սկսեց. – Ինչ-որ լսել եմ, այն եմ պատմում Սայֆ էմիրի մասին` Զու Յազանի որդու, անհավատների, հեթանոսների ու չարագործների կորուսիչի, կախարդների ու խառնակիչների սարսափի: Արմանք-զարմանք դեպքերը ձեր ականջներին հասցնելու համար թող զորավիգ լինի ինձ Ալլահը` միակ երկրպագության արժանին, նախնիների սուրբ գործերը սերունդներին խրատ դարձնողը, անցած-գնացած ժողովուրդների ասքերը ներկա ապրողներին ավանդողը: Բարի աղոթք ու հավերժ հանգիստ` նրա պատվարժան սրբերին ու բոլորին, ովքեր իր ուղիով են գնում. թող օրհնյալ լինեն մինչեւ Դատաստանի օրը: Ծեր ու վաղեմի մարդկանցից է լսել սա ասացող Աբու-ալ-Մահալին, որն էլ ինձ է զրուցել կյանքն ու վարքը Սայֆի, ով վայելում էր կյանքը Կահիրեի բերդում, բայց իր հպատակների աղաչանքը լսելով, կողքին հիմնադրեց Մըսըր երեւելի քաղաքը, որն այդպես կոչեց իր ավագ որդու պատվին, ուրիշ քաղաքներ` ուրիշ որդիների անունով, եւ ստիպեց, որ եթովպացիների աշխարհից մեր երկիրը հոսի Նեղոս գետը, որի ակունքում գտնվող ջրհորից են սկիզբ առնում Եփրատ ու Տիգրիս, Սիրդարյա եւ Ամուդարյա գետերը, Ալլահը մեզ օգնական: – Այդ գետերը նույն ջրհորից սկիզբ չեն առնում,- թարգմանելուց հետո ասաց Կարպիսը: Եգիպտացին մերժեց դիտողությունը, թե` գետերն այնտեղից են սկսվում, որտեղից ալլահը կամենում է` մարդիկ չպետք է հակառակվեն դրան, ապա շարունակեց այսպես. – Հին-հին ժամանակներում մի մեծ ու հզոր արքա էր ապրում, որին պատվում էին քաղաքացիներն ու գյուղացիները, բոլոր երկրների ու կողմերի բնակիչները: Հպատակները խոնարհվում էին նրա իշխանության առաջ, իսկ հարեւան թագավորները, որ նստում էին Պալատների ու Յոթ ամրոցների քաղաքում, Սեւամորթների երկրի Աստեղաբերդում, որտեղ ապրում էին Նոյից անիծված Քամի ժառանգները, որոնք պետք է միշտ սպիտակների ստրուկը լինեն, Մարմարաքաղաքում, Ալմաստե կղզում, Լույսի հովտում, Երկաթե քաղաքում, Կարմիր քաղաքում, ամազոնուհիների երկրում, որ այստեղից հեռու չէ, անչափ հարգում էին նրան, քանի որ վճռական էր ու կորովի, եւ այդ ժամանակներում իրեն հավասարը չուներ: Նա փառապանծ ցեղից էր` հիմյարներից, որոնց համբավը թնդաց աշխարհի չորս ծագում, արքայի գործերն ու սխրանքներն էլ բերնեբերան անցան, եւ թագավորների ու տիրակալների կողմից կրկնվեցին: Նրա անունը Զու Յազան էր, եւ եմենական երկրում էր ապրում: Ուներ մի իմաստուն վեզիր, որն օժտված էր բոլոր արժանիքներով ու առաքինություններով, պետական գործերին տեղյակ էր, ամենքի մասին հոգացող, հարգալիր ու պերճախոս: Արքայի տնեցիները սիրում ու պատվում էին վեզիրին ու սրբորեն հետեւում էին տված խորհուրդներին: Նա նաեւ թագավորական զորքերի վրա էր նշանակված, որոնց վարժ ու խելացի էր հրամայում, եւ նրանք ենթարկվում էին ու կատարում էին նրա հրամանները: Եվ չկար այդ վեզիրի նմանը ո՛չ Արեւելքում, ո՛չ` Արեւմուտքում: Նրա անունն էր Յասրիբ: Շատ հին գրքեր ու հզորների մասին պատմություններ էր կարդացել եւ թե՛ Թորայի մեջ, որին դուք Հնգամատյանք եք ասում, թե՛` Կտակարանում, թե՛` Աստծո զրուցակից Իբրահիմի գրվածքներում, ում դուք կոչում եք Աբրահամ, թե՛ Դաուդի սաղմոսներում, հանգստություն բոլոր թվածներիս, նա գտել էր մեր տեր Մուհամեդի անունը` Ալլահի օրհնությունը նրան: Եվ` իմացել, որ կուրայշ ցեղի Հաշիմ տոհմից է, որ Հիջազում են ապրում, Մեքքայի մոտ: Եվ այդ գրքերից քաղեց Մուհամեդի նկարագրությունն ու իմացավ, որ նրան է տրված ազդարարելու ճշմարիտ հավատը` իսլամը, ոչնչացնելու հեթանոսներին ու նեղիչներին ամբողջ աշխարհում: Եվ երբ Յասրիբն այդ բոլորը կարդաց եւ սովորեց տարբերել ճշմարտությունը ստից, մի կողմ գցեց այն, ինչ որ այդ գրքերում ստապատիր էր, եւ իրեն նվիրաբերեց ճշմարտությանը, հավատալով ճշմարտության նախակարապետին` մեր տեր Մուհամեդին,- Աստված օրհնի նրան,- եւ մյուս մարգարեներին ու առաքյալներին: Հասկացավ, որ նրանց ուղին արդար է, եւ որոշեց հետեւել այն բանին, ինչ իրեն հաղորդվել էր, եւ դարձավ Ալլահի ուղղահավատ ստրուկներից մեկը: Բայց թաքցրեց իր բոլոր հավատալիքները եւ ոչ մեկին չպատմեց ո՛չ իր իսլամի, ո՛չ էլ այն մասին, թե ինչպես գնաց մարգարեների ճանապարհով: Անցան օրեր, ամիսներ ու տարիներ, եւ մի անգամ, երբ տոն եղավ, Զու Յազան թագավորն իր բոլոր հպատակների, մերձավորների, պահնորդների եւ զինվորների հետ դուրս եկավ քաղաքից` այնտեղ թողնելով միայն կանանց ու երեխաներին… – Սարակինոսին լռեցրե՛ք: Կտրե՛ք ձայնը, եթե չեք ուզում, որ ես կոկո՛րդը կտրեմ,- հանկարծ նստած տեղից գռմռաց հյուրընկալ ասպետը: – Իսկապես էլ` «Հազար ու մի գիշերը» դարձրեց: Կարծես թե գլխատելու ենք, եթե կարճ պատմի,- անսպասելի ձայնակցեց նրան թագուհին` բարձր հորանջելով: «Ես չէի խանգարում, չէ՞, երբ որ ձեր ժոնգլյորներն ինչ-որ Տրիստանի էին ողբում, իսկ սա նոր-նոր սկսում էր պատմության հետաքրքիր մասը»,- հյուրընկալ ասպետին մոտեցավ Ռուբենը: «Դու մուսուլմանի՞ն ես ինձանից պաշտպանում: Որ մի քիչ էլ թողնենք ալլահին գովի, արդեն կուզենա, որ մենք էլ թլպատվենք»,- մոլեգնեց ասպետը: Նրանք սկսեցին հրել իրար կրծքի, Ռուբենը ֆրանկին հիշեցրեց, որ երկու օր առաջ որսի ժամանակ անհաջող նետահարելով փախցրել է իր հալածած քարայծին: Հետո երկուսն էլ հանեցին սրերը, բայց Ամորի դը Լուսինյանը մեջտեղները մտավ, որ խանգարի: Ես նույնպես վեր կացա, որ հանդերձներիցս ամաչեցնելով` կանխեմ կռիվը, բայց, երեւի սոված փորիս շատ գինի խմելուց էր, գլուխս պտտվեց: Դիմացի պատին նկարած որսի տեսարաններն ու սուսերամարտիկները կենդանացան, մի քանի ակնթարթ հմայված նայում էի այդ շարժվող որմնապատկերներին, մինչեւ դանդաղ հետ նստեցի: Բայց վիճաբանողնե՛րը չհանգստացան, Ռուբենը նույնիսկ կարողացավ քերծել հյուրընկալ ասպետի ձեռքը: Ես ինձ ստիպեցի վեր կենալ-քայլել, եւ հասնելով սյուներից մեկին բռնվեցի ու աղաղակեցի. – Հանգստացե՛ք, իրար հետ սիրով եղե՛ք: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Իշխանն ու Թովմասն միայն ուժով կարողացան մի կողմ քաշել Ռուբենին, բայց հիմա էլ դահլիճի մյուս թեւում զվարճակիցների միջեւ քաշքշոց ծայր առավ: Իշխանի արարողապետն ու բերդապահն էին իրար օձիք բռնել: «Ի՞նչ ես աչքերդ չռել կնոջս վրա»,- գոռում էր Խաչատուրը, իսկ Կոստանդինն հայհոյում էր թե՛ նրան, թե՛ կնոջը: Հիշոցապետը կողքից բղավեց, որ բերդապահն անմիջապես դուրս գնա, բայց Կոստանդինը նրան արմունկով այնպես խփեց, որ սա շնչահեղձությունից սկսեց բերանը բացուխուփ անել: «Պապանձվե՛ք, իրար հետ սիրով եղե՛ք, նզովյալներ»,- բղավեցի ես, բայց միակ արձագանքն այն եղավ, որ զգացի մեկը քաշում է թեւս, ասելով` «Գնանք, տեր Մատթեոս, սա մեր տեղը չէ»: Տեսա` քույր Ստեֆանին է, եւ ենթարկվեցի: 54. դրսում ես պահանջեցի, որ գնանք եկեղեցու սեղանատուն եւ ընթրենք մեզ վայել ժուժկալ կերակուրով: Միանձնուհին համոզում էր, որ ժամն արդեն ուշ է, բայց հետս եկավ ճաշի տաճար: Այն դատարկ էր. խոհարարն ու լվացարարը նույնիսկ զարմացան` մեզ տեսնելով: Խոհարարը հաղորդեց, որ այսօր չորս-հինգ հոգի է ճաշել` սովորական քսանհինգ-երեսունի փոխարեն, եկեղեցու մյուս սպասավորները, աղքատներն ու գաղթականները հյուրասիրվել են տներում, շուկայում ու փողոցներում: Ոսպնաթան շատ էր մնացել` առաջարկեց երկու պնակ տաքացնել, բայց ես մտքափոխվել էի, քանի որ քաղցս անցել էր, բացի այդ` արդեն տանը մոտ էի: Եթե իրիցկնոջ կերակրից ճաշակեի, կհասկանար, թե ինչ անարժեք էին ինձ համար հանրային ճոխ խնջույքները, մանավանդ որ կատարված խաղքերն էլ կպատմեի: Միայն թե, չգիտեմ` ինչպես, տան կողմը չգնացինք, այլ շրջեցինք տարբեր փողոցներով, մինչեւ մտանք պարտեզ: Գլուխս պտտվում էր, թեթեւ սրտխառնուք ունեի` կրկնեցի, որ ժամն է տուն գնալու: Քույր Ստեֆանին միանգամից տխրեց, կանգնեց դիմացս ու բռնեց ձեռքերս: Նայում էր ուղիղ աչքերիս մեջ: Ես գրկեցի նրան ու այդպես մնացինք երկար: Հետո ես էի ուզում աչքերին նայել, բայց, ամուր մեջքիս փաթաթվելով, չթողեց: Ես գցեցի նրան խոտերին ու համբուրեցի բերանը: Հետո շորերը հանեցի, ինքս էլ համարյա լրիվ մերկացա ու ամուր գրկեցի մարմինը: Սեղմում էի ինձ ավելի ու ավելի ուժեղ, մինչեւ մեղմ ասաց` Մատե՛, այսինքն` Մատթեոս: Առանց «տեր»-ի, «տեր հայր»-ի: «Մատե՛, կամա՛ց»: Ես ինչ-որ բարձր հառաչ արձակեցի, հանբուրեցի ուսերը, կուրծքը, հետո բացեցի ոտքերն ու մտցրի: Երկու անգամ ճանաչեցի նրան: Համարյա առանց դադարի: Հետո` եւս մեկ անգամ… Շատ լավ էր: Դե, քսան տարեկան չէի, ի վերջո, քառասուն էի: Ստեֆանին աչքերը փակ, կզակը բարձրացրած հետամուտ էր իմ գործողություններին: Դեմքի արտահայտությունից դատելով` իրեն նույնպես հաճելի էր: Մանավանդ որ կույս չէր, եւ թերեւս վայելքի փորձառություն ուներ: Երբ արդեն պառկած էինք կողք-կողքի, իրարից քիչ հեռու, գլուխս շուռ տվեցի իր կողմը: Լուսնի տակ մարմինը փայլում էր հայելու պես: Մաշկը նոր մագաղաթի պես սպիտակ էր` նաբաթեական շաքարի մեղրագույն երանգով: Ստինքները գնդաձեւ էին: Ինչպես հույն ասացողն էր ամազոնուհուն նկարագրում` հասած խնձորի էին նման: Ես թեւից հրելով շրջեցի նրան: Մեջքը նեղ էր, հետույքը` կլորիկ, մի փոքր թիկնեղ էր, ինչպես գեղջկուհիներն են լինում: Ես նորից սկսեցի համբուրել մարմինը` տեղ-տեղ շուրթերիս զգալով թեթեւ աղվամազը, բայց նա հետ պահեց` ասելով, որ հագնվելու ժամանակն է: Եվ իրոք` պարտեզում մեզ ով ասես կարող էր նկատել, եթե արդեն իսկ չէին տեսել: Տան ճանապարհի փողոցներն ամայի էին: Միայն շուկայի հրապարակի մոտերքում ձիու խրխնջոց ու էշի զռռոց առանք, բայց երեւի նմանակումներ էին, քանի որ յուրաքանչյուրին բազմության քրքիջ էր հաջորդում: Ապա մի նրբանցքից հարբածի երգ լսվեց: Թե` տեսա կողքիս քնած թուխ աղջկա, որից վարդի ու մրգի, նաեւ մանուշակի հոտ էր գալիս. Վար կեցա, ըզնա պագի, Նա պագն անո՜ւշ էր, Նա պագն անո՜ւշ էր: Պագն անուշ էր, պագն անուշ, Քանց նուշն անուշ էր, Քանց նուշն անուշ էր: Իմ այգու դռան մոտ Ստեֆանին պատվիրեց որոշ հապաղումով հետեւել իրեն: Ես մինչեւ հազարը հաշվեցի, հետո մտա ներս: Ջանացի շորերս անշշուկ դասավորել, բայց ակամայից դնդնում էի` «Պագն անուշ էր, պագն անուշ»: Իրիցկինը քնաթաթախ հարցրեց. «Այդ ի՞նչ ես երգում, Մատթեոս», «Բան չկա, փողոցում երգում էին, գլուխս է ընկել»` պատասխանեցի: Հույս ունեի, որ արագ կքնեմ ու ամեն ինչ կմոռանամ, բայց ինչ-որ մեկի բղավոցները եկան. «Հե՜յ», «Արի մի տեսնեմ` ո՞վ ես», «Հե՜յ», «Արի տեսնեմ` ո՞վ ես»: Մեկ էլ հիշում եմ, որ նույն մարդը հայհոյեց պարզ չէ թե` ում, իսկ քիչ անց հայերենից հունարենի անցնելով, ասաց` «Ազնիվ խոսք»: Շարունակելի: