Մեր հոգեախտաբանությունը Այն, որ մեր հասարակությունը հիվանդ է, կարծում եմ, ոչ մեկի կասկածը չի հարուցում. կասկածները վերաբերում են հիվանդության տեսակի, ընթացքի, ելքի հարցերին: Տնտեսագետն իր ոլորտում է փնտրում հիվանդության ախտանշանները, քաղաքագետն` իր, դե, հոգեբաններն էլ, բնականաբար, հասարակության բնազդների, դիրքորոշումների, արժեքների եւ նմանատիպ հոգեբանական իրողությունների մեջ պետք է փնտրեն ախտաբանական երեւույթներ: Փնտրելու կարիք էլ չկա. այնքան առատ եւ ցայտուն են դրանք սփռված մեր հասարակության գրեթե բոլոր կառույցներում: Առաջին ախտանշանն այն է, որ մեզանում եթե մեկին ինչ-որ պաշտոն կամ դիրք են վստահում, նրա մեջ իսկույն արթնանում է ասիական թագավորիկի բնազդը, եւ նա իր ենթականերին սկսում է ընկալել որպես իր ստրուկները, որոնց ֆունկցիան ընդամենը իր քմահաճույքների կատարումն է։ Թագավորիկի բնազդն իհարկե հասկանալի է եւ տրամաբանական /ով չի ուզի, որ իր բոլոր քմահաճույքները կատարվեն/, բայց անհասկանալի է այն, որ ենթակաների մեջ էլ իսկույն արթնանում է ստրուկի բնազդը, որից դրդվելով նրանք ամեն ինչ ներում ու թույլ են տալիս իրենց թագավորիկին: Արդյունքում՝ իր շահերի համար պայքարի ամեն մի ցանկություն նրա մեջ կորչում է, մարդը դառնում է մեր հայկական անեկդոտի «հարմարվողը» /ըստ անեկդոտի` կեղտի մեջ հայտնվելով, այլ ազգերը փորձում են դուրս գալ, իսկ հայերը` հարմարվում են/: Այս ախտանշանը մեր մեջ երեւի տեսել են օտարերկրյա որոշ կազմակերպություններ եւ ջանքեր են թափում մերոնց բացատրելու, որ մենք էլ իրավունքներ ունենք եւ կարող ենք դրանց համար պայքարել: Բայց կարծում եմ, նախ եւ առաջ մենք մեզ պիտի օգնենք, մանավանդ որ ընդամենը մի տասը տարի առաջ նման փորձ ունեցանք. խորհրդային իշխանություններին հայտարարեցինք, որ այլեւս ստրկական բնազդներով չենք ապրելու. ցավոք դա ընդամենը նշանակում էր, որ ռուս թագավորներին ուզում ենք փոխարինել հայերով։ Արդյունքում ստրկական բնազդը նորից վերականգնվեց: Իհարկե, մամուլը, հեռուստատեսությունը, որոշ կազմակերպություններ ու կուսակցություններ, երբեմն դատարաններն այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարում են, բայց, ըստ երեւույթին, դա քիչ է` ստրկական բնազդի դեմ միավորված, համընդհանուր պայքար է պետք, ազգովին պիտի մեդիտացիա անենք «ես ստրուկ չեմ» գաղափարի շուրջ, իսկ զանազան լիդերների, ղեկավարների հետ լեզվական-բացատրական աշխատանք է պետք տանել` հասկացնելու, որ ղեկավարել՝ նշանակում է տվյալ ոլորտի «ղեկը» վարել եւ ոչ թե սեփական պահանջմունքներն ու քմահաճույքները բավարարել տվյալ ոլորտի հաշվին: Այս թեմայով իհարկե շատ կարելի է խոսել, բայց ավելի լավ է անցնեմ երկրորդ ախտանշանին, մանավանդ որ խոսելու օգուտը չնչին է: Երկրորդ ախտանշանը խաբեությունն է: Խաբեությունն, իհարկե, մարդուն բնորոշ հին, բարի եւ շահութաբեր հատկություն է, սակայն, եթե այդ հատկության քանակն անհատի կամ հասարակության մեջ շատանում է՝ վերածվում է հիվանդության` իր բոլոր կործանարար հետեւանքներով: Մեր հասարակության մեջ այդ հատկությունը հիվանդագին մակարդակի վրա է. խաբելով բուհ են ընդունվում, ավարտում, դեպուտատ են դառնում, պաշտոններ ստանում ու ղեկավարում, խաբում են շուկայում, ոստիկանությունում, դատարանում… մի խոսքով՝ «դիփունքս խաբում ինք ու դիփունքիս խաբում ին»: Ասում են նույնիսկ, որ խաբելը հայի բնավորության գիծ է, բայց ես ոչ միայն դրան չեմ հավատում, այլ ճիշտ հակառակն եմ պնդում` խաբվելն է հայի բնավորության գիծ: Մենք սիրում ենք խաբվել, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն, երբեմն մեզ «էշի տեղ ենք դնում», իբր չենք նկատել, որ մեզ խաբում են, երբեմն էլ գտնում ենք, որ դա ամենեւին ուշադրության արժանի բան չէ: Մենք նույնիսկ խաբվելը խրախուսող դիրքորոշումներ ու ասացվածքներ ենք ստեղծել. «ճիշտ ասողի գլուխը ծակ է»: Ճիշտն ասողին երբեմն գիժ ենք համարում կամ հարբած: Հորինել ենք «մատերիալիստ» բառը, որպեսզի վարկաբեկենք նրանց, ովքեր փորձում են ճշմարտությունը ջրի երես հանել: Այնպես որ, խաբվելու մազոխիստական ցանկության դեմ պիտի պայքարենք: Ի դեպ, խաբեության, որպես կործանարար երեւույթի մասին գաղափարը շատ հնուց է եկել եւ այսօր էլ բազմաթիվ հետազոտություններով հաստատվում է, որ մարդու պրոբլեմների մի ստվար խումբ խաբեության չարաշահման հետեւանք է /այսպես թե այնպես, մի օր մարդը կանգնում է ճշմարտության փաստի առաջ եւ այդ պահից էլ սկսվում են պրոբլեմները/, կարծիք կա նաեւ, որ հոգեկան հիվանդություններն ուղղակի հիվանդագին ինքնախաբեության հետեւանք են: Մյուս ախտանշանը մի բառով կարելի է սեպարատիզմ անվանել… եթե ուղղակիորեն մեզ չեն «կպչում», մենք որեւէ իմաստ չենք տեսնում չարիքի դեմ պայքարելու մեջ: Դրանից հաջողությամբ օգտվում են սրիկաները եւ առանձին-առանձին «կոտրում» կամ շահագործում նրանց, ովքեր կարող էին իրենց հակադրվել: Ավելին, երբեմն մենք ուրախանում էլ ենք, երբ մարդուն «կպչում» են /խոսքը, իհարկե, անարդար «կպչելուն» է վերաբերում/, երբեմն էլ, սադիստական հաճույք ստանալով, աջակցում ենք այդ գործընթացին: Մարմնի մակարդակում այս ախտանշանը կարելի է համեմատել կուրության հետ. մարդը չի տեսնում վտանգը, չի հասկանում, որ եթե այսօր այս մարդու հետ են անարդար վարվում, վաղն իր հետ են այդպես վարվելու: Այս ախտանշանն ազգեր ու պետություններ է կործանել, եւ մենք էլ, որ այսօր «մի բուռ» ենք մնացել՝ մասամբ դրա հետեւանքն է: Հոգեբանական ախտերը շատ վտանգավոր են եւ այսօր, որ մեր երկիրն այս վիճակում է՝ ավելի շատ պայմանավորված է այս ախտերով, քան տնտեսական կամ քաղաքական օբյեկտիվ գործընթացներով: ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու