ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿԱՐՈՒՍԵԼՈՒՄ Մեր ազգաբնակչությունը մոտ 70 տարի ապրեց կոմունիստական դիկտատուրայի հասարակարգում։ Չնայած իր բազմաթիվ թերություններին՝ ազգաբնակչության համար ապահովված էին ապրելու նորմալ պայմաններ։ Ժամանակները փոխվեցին։ Անկախ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում էր 800 ռուբլի, որը ամենաբարձր աշխատավարձն էր հանրապետության ղեկավար այրերի շրջանում։ Միջին աշխատավարձը կազմում էր 231 ռուբլի, աշխատանքային բարձր թոշակը կազմում էր 132 ռուբլի, միջին թոշակը՝ մոտ 120 ռուբլի։ Այսինքն՝ հանրապետության նախագահը ստանում էր հանրապետությունում միջին աշխատավարձից մոտ 3,5 անգամ եւ թոշակից մոտ 6 անգամ բարձր։ Չկային մեծահարուստներ, դառը աղքատներ, մուրացկաններ եւ արտագաղթ եւս գրեթե չկար։ Բերեմ մի կոնկրետ օրինակ։ 1990թ. 3 սենյականոց բնակարանի, որի մակերեսը կազմում էր 45 քմ եւ ընտանիքը կազմված էր 4 հոգուց, կոմունալ եւ այլ ծախսերը կազմում էին ամսական 22 ռուբլի (բնակարանի վարձ, ջեռուցում, աղբահանում, կոմունալ ծախսեր, հեռախոս եւ այլն)։ Այսինքն, բնակարանի եւ այլ կոմունալ ծախսերը կազմում էին միջին աշխատավարձի մոտ 9,5%-ը եւ միջին թոշակի մոտ 18,5%-ը։ Այնուհետեւ, իբրեւ թե շուկայական հարաբերություններին անցնելով, սկսվեց «բարեփոխումների» ծրագիրը։ Արդեն մոտ 10 տարի է, ինչ հանրապետությունը անցնում է այդ հարաբերություններին։ 2000թ. նոյեմբեր ամսին թերթերից մեկում կար մի հոդված «Ամենահաջող լրացումների եւ փոփոխությունների մասին», որում նշված էր, որ հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է մոտ 19860 դրամ, բյուջետային աշխատողներինը՝ 13045 դրամ, արվեստի աշխատողներինը՝ 10381 դրամ, մշակույթի աշխատողներինը՝ 9586 դրամ, միջին թոշակը՝ մոտ 4500 դրամ։ Նույն թերթի 2000թ. հոկտեմբերի մի համարում կար մի հոդված՝ «Գերբարձր աշխատավարձեր», որում նշվում է, որ կառավարությանն առընթեր բացված նոր գնումների գործակալության աշխատակազմը բաղկացած է 41 հոգուց եւ տրված էին աշխատավարձի չափերը. գործակալության տնօրենի աշխատավարձը՝ 400 հազար դրամ, տնօրենի տեղակալներինը՝ 350 հազար, վարչության պետերինը՝ 280 հազար, բաժնի պետերինը՝ 160 հազար եւ այլն։ Իհարկե, այդ հիմնարկը կունենա մի քանի ծառայողական ավտոմեքենա։ Այսինքն, այդ հիմնարկի պետի աշխատավարձը մոտ 20 անգամ բարձր է հանրապետությունում միջին աշխատավարձից, մոտ 32 անգամ՝ արվեստի եւ մշակույթի աշխատողների միջին աշխատավարձից, մոտ 90 անգամ՝ միջին թոշակից։ Մոտ 10 տարվա բարեփոխումների հետեւանքով վերեւում նշված 3 սենյականոց բնակարանի եւ կոմունալ ծառայությունների սակագները 2000թ. վերջին ամսական կազմում էին 14380 դրամ։ Փաստորեն, միայն ամսական կոմունալ եւ այլ առաջին անհրաժեշտության ծախսերը կազմում են միջին աշխատավարձի մոտ 72%-ը, արվեստի աշխատողների աշխատավարձի 103%-ը, բյուջետային աշխատողների աշխատավարձի 110%-ը, միջին թոշակի՝ 320%-ը։ Բայց չէ՞ որ մարդը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նորմալ մարդկային պայմաններում ապրելու համար պետք է սնվի, հագնվի, վճարի կոմունալ եւ այլ ծառայությունների համար, բուժվի, օգտվի տրանսպորտից եւ այլն։ Միայն սննդի սպառողական նվազագույն զամբյուղը ներկայումս կազմում է մոտ 17 հազար դրամ՝ մեկ մարդու համար։ Եթե սրան գումարենք կոմունալ վարձերը եւ այլ ծառայությունների հարկերը, ապա կստացվի մոտ 20.800 դրամ։ Եթե սրան գումարենք տրանսպորտի, հագուստի, կուլտուր-կենցաղի եւ այլ ծախսեր, ապա դա կկազմի մոտ 28-30 հազար դրամ։ Այստեղ հաշվի չեն առնված բուժման ծախսերը, որովհետեւ դրանք մեծ գումարներ են։ Եվ այս բոլորը օրենսդիր մարմիններն ու հանրապետության ղեկավարությունը համարում են «բարեփոխումներ» եւ շուկայական հարաբերություններին անցնել։ Ինչպես կարելի է պետական հիմնարկի ղեկավարին նույն բյուջեից վճարել մոտ 24 նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք դրամ, բյուջետային աշխատողներին՝ 0,7, արվեստի եւ մշակույթի աշխատողներին՝ 0,6, իսկ թոշակառուներին՝ մոտ 0,26։ Ներկա ժամանակում մեր ազգաբնակչությունը եւ արդյունաբերության մեծ մասը սնանկացած են՝ անվճարունակ լինելու պատճառով։ Բնակչությունը միլիարդների անհուսալի պարտքեր ունի ջեռուցման, խմելու ջրի, աղբահանման, բնակվարձի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի, ռադիոյի եւ այլ ծառայությունների դիմաց։ Նշված ծառայություններն ունեն անհուսալի պարտքեր իրենց ծախսած գազի, էլեկտրաէներգիայի, վառելանյութի դիմաց եւ իրենց ծառայություններն ապահովելու նպատակով տարբեր նյութեր եւ սարքավորումներ գնելու համար։ Ամիսներով եւ անգամ տարիներով չեն կարողանում աշխատավարձ վճարել իրենց աշխատողներին։ Հիմնարկ-ձեռնարկությունների մեծ մասը չվճարված հարկերի պատճառով ունի միլիարդների անհուսալի պարտքեր՝ հարկային տեսչությանը, կենսաթոշակային հիմնադրամին։ Այդ պարտքերը տույժ ու տուգանքների հետ միասին անգամ գերազանցում են բազմաթիվ ձեռնարկությունների ունեցվածքին։ Եթե ձեռնարկությունները պարտք են հարկային տեսչությանը եւ կենսաթոշակային հիմնադրամին եւ այդ պարտքը վճարելու հարցը լսվել է դատարանում, կալանք է դրվել ձեռնարկությունների դրամարկղերի վրա, ապա այդ ձեռնարկությունները իրավունք չունեն աշխատողներին վճարել աշխատավարձ՝ նախկինում կատարած աշխատանքների համար։ Պետությունը եւս միջազգային կազմակերպություններին եւ արտասահմանյան պետություններին մոտ մեկ միլիարդ դոլարի անհուսալի պարտքեր ունի։ Պետության պարտքերը վճարելու համար հարկավոր է, որ մեկը մյուսին վճարեն վերոհիշյալ պարտքերը։ Եվ այսպես, անհուսալի պարտքերի կարուսելը պտտվում է։ Այս բոլորի պատճառը շուկայական հարաբերությունների եւ հարկային սխալ քաղաքականության կիրառումն է։ Այս բոլորի հետեւանքների ականատեսը մենք ենք։ ՎԱՂԻՆԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ