Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՆԱՊԱՀՊԱՆԻՉՆԵՐԻՆ» ՀԵՐՔԵՑԻՆ

Հունվար 12,2002 00:00

«ԲՆԱՊԱՀՊԱՆԻՉՆԵՐԻՆ» ՀԵՐՔԵՑԻՆ Տարեվերջի իր ամփոփիչ ասուլիսում բնապահպանության նախարար Վ. Այվազյանը ներկայացել էր հավուր պատշաճի՝ է՛լ վարչությունների պետերով, է՛լ բազմաթերթ մամլո հաղորդագրությամբ, ուր մանրամասնորեն ներկայացված էին «բնապահպանիչների» հաջողություններն ու ոլորտի աննախադեպ բարգավաճումը։ Լրագրողների համար էլ պատրաստված հաղորդագրության մեջ չէին մոռացել նաեւ այն անբարեխիղճ պաշտոնյաների ու ընկերությունների անունները, ովքեր հանդգնել էին նորանշանակ նախարարի խուզարկու հայացքի ներքո խախտումներով աշխատել եւ մեծամեծ վնասներ պատճառել հայրենի երկրի հարազատ էկոլոգիային։ Կային խոսուն թվեր, որոնք ստացվել էին մեր երկրի շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատելիս։ Երեւի շատ էին տքնել բնութնախարարությունում՝ այդքան թվեր գումարել-հանելով, այդքան մարդկանց ու կազմակերպությունների անուններ հավաքելով, մանավանդ որ ասուլիսն ամփոփիչ էր, անհրաժեշտ էր, չէ՞, աշխատողի տպավորություն ստեղծել։ Ի թիվս շատ անունների, նշվում էր նաեւ «Ոռոգում» ՓԲԸ-ն, որն ըստ բնութնախարարության բնապահպանական տեսչության տվյալների, շրջակա միջավայրին պատճառել է 31,5 մլն դրամի վնաս։ Փորձեցինք փաստը ճշտել նաեւ մեղադրանքի հասցեատիրոջից՝ «Ոռոգում» ՓԲԸ-ից։ Բնապահպանության նախարարության թվային տվյալը նախ ապշեցրեց «Ոռոգումի» աշխատակիցներին, ապա նրանց զայրույթի պատճառ դարձավ, քանի որ մարդիկ համոզված էին, որ բարձրադիր մեր երկրում էլեկտրաէներգիա ծախսելու գնով պապակ հողերին ջուր հասցնելու մեջ ամենեւին պախարակելի ոչինչ չկա։ «Ոռոգում» ՓԲԸ-ի նախագահ Ա. Խաչատրյանը ոչ միայն հերքեց այդ տեղեկատվությունը, այլեւ այն որակեց անհեթեթություն։ Նա նաեւ ապացուցեց, որ նշված թիվը ստացվել է «առանց» թույլտվության ջրօգտագործումից, իսկ իրենք ջրառի, ջրօգտագործման թույլտվությունները վերաթարմացնելու դիմում-նամակներ ուղարկել են դեռեւս բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին, սակայն այդպես էլ որեւէ արձագանքի չեն արժանացել։ Ու քանի որ, ըստ Ա. Խաչատրյանի, «ստուգողն ուրիշ է եղել, թույլտվություն տվողն՝ ուրիշ», վերցրել ու «տույժերը» հաշվարկել են իբրեւ շրջակա միջավայրին պատճառված վնաս։ «Ոռոգում» ՓԲԸ-ի նախագահի տեղակալ Պ. Ղուկասյանը եւս հերքեց իրենց ընկերությանը վերագրվող բնությանը հասցված վնասի մասին լուրերը։ Նույն ընկերության ջրօգտագործման բաժնի պետ Գ. Հակոբյանն էլ վկայեց, որ իրենք ոչ թե վնաս են պատճառել, այլ ծաղկեցրել են գյուղերը, քանի որ գետերի վրա կառուցված ջրհան կայանների շնորհիվ ոռոգվել են շրջակա գյուղերի, այդ թվում Աղավնաձորի չորացող այգիները։ Ըստ վերջինիս, իրենց ընկերության ցանկացած նախագծված օբյեկտ էլ ի սկզբանե ունեցել է ջրօգտագործման թույլտվություն, որը ընդամենը թարմացվել է ժամանակ առ ժամանակ բնութնախարարության կողմից։ Եվ մի՞թե մեղավոր է «Ոռոգումը», որ շուրջ 2 տարի բարձրացված այդ հարցին լուծում է տրվել ընդամենը վերջերս՝ նախարար Վ. Այվազյանի օրոք։ Մտածելու տեղիք է տալիս մի քանի հանգամանք. մի՞թե բոլորը պիտի ձեռքները ծալած նստեին, այգիներն էլ թողնեին անջրդի, մինչեւ մարդիկ բնապահպանության նախարարությունից բարեհաճեին տալ կամ չտալ ջրօգտագործման բաղձալի թույլտվությունը, որն անհրաժեշտ է սակավաջուր մեր հանրապետության հողերը ոռոգելու համար։ Հետաքրքիր է՝ դիցուք Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում, եթե ջրօգտագործողները ջուր չեն ստանում, ո՞վ է ավելի շատ շահում, բնապահպանության նախարարությո՞ւնը, թե՞ հարեւան հանրապետությունը, ուր առանց այն էլ մեր երկրից հոսում են գետերի ջրերը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել