Անբարոյականությունը պետք է բացառվի Օրեցօր փակուղի է մտնում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, իսկ այն իր հսկողության ոլորտում պահող նախագահ Ռ. Քոչարյանը այդպես էլ շարունակում է այդ մասին չխոսել։ Մինչդեռ արդար դատավարությունից վաղուց ձեռքերը լվացած ժողովուրդը, որը առաջինն էր Ռ. Քոչարյանին կասկածել ոճրագործությանը մեղսակցության մեջ, այլեւս չի կարեւորում նրա խոսելն ու չխոսելը եւ, «27»-ի հետ կապված, նախագահի մասին դատում է նրա գործերով, որի կարծիքն էլ արդեն իրեն ուժեղ համարող Քոչարյանի կողմից առանձնապես չի կարեւորվում։ Իսկ դեռեւս 98-ի խորհրդարանական ընտրություններից հետո աչքից աննկատ չէր ժողովրդի վստահության քվեն ստացած հզոր խորհրդարանական ուժի՝ «Միասնության» նկատմամբ նախագահ Քոչարյանի ճնշվածությունն ու խեղճությունը։ Ոճրագործության ցավից ու ափսոսանքից ցնցված ժողովրդի հիշողությունից դա երբեք չի ջնջվում, քանզի նրա կողմից դա դիտվել է ոճրագործության շարժառիթներից ամենահնարավորը։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն փաստեց նաեւ հենց ինքը՝ Ռ. Քոչարյանը, հայտարարելով, թե, եթե խորհրդարանի 2/3-ը իրենը չէ, ինքն այստեղ ինչ է անում, իսկ լրագրողներից որեւէ մեկը չփորձեց երկաթը տաք-տաք ծեծել ու նրան հարցնել, թե պարոն նախագահ, 99-ի հոկտեմբերի 27-ից առաջ ձերը չէր այն խորհրդարանը, որը ղեկավարում էր Կարեն Դեմիրճյանը, գոնե հենց այնքանով, որ շատ կերազեիք այսօրվա խորհրդարանի նման այն ձեր ձեռքին խաղալիք դարձնել, բայց պարզվում է, այն ժամանակ դուք անելիք չունեիք եւ պետք է հեռանայիք։ Սրանից ավելի ինչ պետք է ասեր Ռ. Քոչարյանը, որպեսզի ապացուցեր իր մասնակցությունը «27»-ի ոճրագործության կազմակերպման գործում։ Եվ քանի որ նա շատ լավ հասկանում է, որ «27»-ից հրապարակային խոսելը իրեն ձեռնտու չէ, ուստի միայն գործում է, որի արդյունքում էլ 27-ից հետո մահապատիժը երկրում վերացնելու ոճրագործներին հուսադրող նրա շահագրգիռ հայտարարությունները, իր թիմակիցներ Ա. եւ Հ. Հարությունյաններին ու մյուսներին ոչ թե դատարանում, այլ մինչ դատաքննության սկիզբը կասկածելի արդարացումը, զինդատախազ Գ. Ջհանգիրյանին հովանավորելը, հանրահայտ համաներմամբ վեց ամբաստանյալներին արձակումը եւ դատարանում ոճրագործների ցինիկ պահվածքը գալիս են ժողովրդի կասկածները համոզմունքներ դարձնելու, որ ոճրագործությունը ոչ միայն ուղղորդվել, այլեւ հովանավորվում է նախագահ Ռ. Քոչարյանի կողմից։ Աչքից չի վրիպում, որ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին ոճրագործների վարկաբեկիչ ելույթները հանձնարարված գործողություններ են, որոնց նկատմամբ դատավոր Ս. Ուզունյանի առանձին որոշումներն ու հանդուրժողականությունը շատ կուզենայինք, որ լինեին ՀՀ քրօրենսգրքի սակավ իմացության արդյունք, սակայն, ավաղ, դրանք այդպիսին չեն, նա փորձառու դատավոր է, դրանք նախագահական նստավայրից իջեցված կարգադրությունների կատարման արդյունք են։ Ինչպիսի թողտվություն է տիրում դատարանում նահատակների հիշատակին վիրավորանքներ հասցնող ահաբեկիչների նկատմամբ, որ փաստաբանի կողմից բազմաթիվ անգամ կարգի հրավիրելուց հետո, նրանց բերանը փակելու միակ ելքը մնում է ժամացույց շպրտելը։ Արդյո՞ք հենց այն պահից չեն սկսվել Հունանյանների ցինիզմը, երբ ոչ առանց Ռ. Քոչարյանի գիտության նախաքննության նյութերից անջատվել է դրդիչների մասով գործը, որը նշանակում է ոչ միայն դատարանում ոճրագործներին աջակցել, այլեւ Ռ. Քոչարյանի թիմակիցներին դատավարությունից հեռու պահել։ Այս ամենից թերեւս զարմանալի չպետք է թվա ոչ Ռ. Քոչարյանի թիմակիցների կողմից «27»-ի անբարոյական շահարկումները իրենց քաղաքական հակառակորդներից վրեժխնդիր լինելու համար եւ ոչ էլ Ալեքսան Հարությունյանի՝ «Իրավունք» թերթի աչքից չվրիպող մտերմությունը զինդատախազ Գ. Ջհանգիրյանի հետ, որի պատճառն էլ, ինչպես ենթադրում է թերթը, ոչ միայն 2003թ. նախագահական ընտրություններն են, այլ նաեւ Ազգային ժողովի ամբիոնից զինդատախազի այն հանրահայտ հայտարարությունը, թե երբ դառնա սովորական քաղաքացի, այն ժամանակ կասի «27»-ի ոճրագործության ճշմարտությունը։ Ու հենց այստեղից՝ քանի կա նախագահ Ռ. Քոչարյանը, հա պետք է լինի նաեւ զինդատախազ Ջհանգիրյանը։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ճշմարիտ բացահայտման պահանջը միայն ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության խնդիրը չէ։ Այն համաժողովրդական պահանջ է՝ պետության նկատմամբ հավատի վերականգնման ճանապարհին, իսկ պահանջը, որպես ժողովրդի հրաման, պարտավոր են իրականացնել քաղաքական բոլոր կուսակցություններն ու առավել եւս լրատվամիջոցները։ Շահարկումների բոլոր փորձերը, միեւնույն է, հանդիպելու են ժողովրդի պատնեշին, ուստի այն լրատվամիջոցներն ու քաղաքական կուսակցությունները, ովքեր փորձում են հունանյանական տականքաբանությունները դարձնել լրագրողական հոդվածներ կամ քաղաքական ելույթներ, նրանք արդեն իսկ դատապարտված են հասարակության մերժմամբ։ Մեր կարծիքով, «27»-ի գործում գոնե անբարոյականությունը պետք է բացառվի: Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմկոմիտեի քարտուղար, ՀԺԿ քաղխորհրդի անդամ