Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է

Հունվար 12,2002 00:00

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է Հանրապետությունում բարձր լարման մալուխների միացման կապարե կցորդիչների տարեկան սպառման ծավալը 5000 հատ է /մոտ 60 մլն դրամ/: Համաձայն ՀՀ կառավարության օրենքի ուժ ունեցող որոշման (31.12.98), սահմանված են բնապահպանական վճարի դրույքաչափեր: Դրանք պարտավոր են մուծել ձեռնարկությունները, որոնք շրջակա միջավայր են արտանետում թափոններ՝ հեղուկ, պինդ թե գազային վիճակում: Բնապահպանական վճարի չափը հաշվարկվում է ըստ արտանետված վնասակար նյութերի ծավալի եւ սահմանված դրույքաչափի: Ընդ որում, համաձայն գործող օրենքների, արտադրություն կազմակերպողը պարտավոր է արտադրության նախագիծը ներկայացնել բնապահպանական փորձաքննության, իսկ գործող արտադրության դեպքում՝ ստանալ բնապահպանության նախարարության կողմից հաստատված սահմանային թույլատրելի արտանետումների նախագիծ։ Սրանով, փաստորեն, հաստատվում են արտանետվող թունավոր նյութերի կազմն ու քանակը եւ օրինականացվում է արտանետման իրավունքը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման, հաստատված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների գները եւ դրույքաչափը, որոնց համաձայն այդ ապրանքներն արտադրողները կամ ներմուծողները վճարում են բնապահպանական վճար: Այսպիսով, բնապահպանության նախարարությունը, որպես կառավարության լիազորված կողմ, վերահսկում է ձեռնարկությունների գործունեությունն արտանետումների եւ բնավճարների մասով: Կապարե կցորդիչների համալիրներ արտադրողները պարտավոր են մուծել բնապահպանական վճար թե արտադրության ընթացքում կատարվող արտանետումների, թե կապար պարունակող արտադրանք արտադրելու համար: 2001 թվականին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին հարցում էինք արել, թե Երեւանում մալուխների կապարե կցորդիչների արտադրությամբ քանի՞ կազմակերպություն է զբաղվում: Նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարզպետ Քամալյանը մեր հարցմանը պատասխանել է, որ «մինչեւ 2000 թ. վերջը մալուխների կապարե կցորդիչներ արտադրում էր «Բուրգ-95» ՍՊԸ-ն: Այժմ Երեւանում նման արտադրությամբ զբաղվում է «Տիգրան Յափուջյան» ՍՊԸ-ն: Ձեռնարկության տնօրինությանը հանձնարարված է կազմել եւ ՀՀ բնապահպանության նախարարության հաստատմանը ներկայացնել սահմանային արտանետումների նախագիծը… Երեւանի ՏԲՊՏ կողմից հաշվառված նմանատիպ այլ ձեռնարկություն Երեւան քաղաքում չկա»: Ստացվում է, որ բնապահպանության նախարարությունը մինչ մեր հարցումը կամ տեղյակ չէր, որ այս արտադրությամբ զբաղվողները պետք է հարկվեն շրջակա միջավայրին վնաս պատճառող նյութեր օգտագործելու համար եւ որ առանց իրենց թույլտվության չեն կարող արտադրությունը սկսել: Կամ էլ՝ միայն մեր նամակից հետո են հետաքրքրվել «Տիգրան Յափուջյան» ՍՊԸ-ի արտադրությամբ եւ նոր են զբաղվելու դրա «սահմանային արտանետումների նախագծով»: Համաձայն ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13 հոդվածի վերջին պարբերության պահանջի, «եթե սահմանված չեն համապատասխան նորմատիվներ», արգելվում են մթնոլորտի վրա ներգործությունները: Տվյալ պարագայում տեսչությունը պարտավոր էր արգելք դնել արտադրության վրա, որովհետեւ այն ապօրինի է: Այժմ ներկայացնենք մեր նմանատիպ հարցման պատասխանը, որը ստացել ենք էներգետիկայի նախարարությունից: «Էներգահամակարգի ընկերություններին բարձր լարման մալուխների կապարե կցորդիչների համալիրներ մատակարարում են «Արենի» արտադրական կոոպերատիվը, «Տիգրան Յափուջյան» ՍՊԸ172ն»: Էներգետիկայի նախարարության պատասխանից պարզվում է, որ նման արտադրությամբ զբաղված է նաեւ մեկ այլ ընկերություն, որի մասին բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ: Կա բացատրության այլ տարբերակ էլ. բնապահպանության տեսչության նախկին աշխատակիցներից մեկի խոսքերով՝ «գնում ենք այդ արտադրամասեր, գրում ենք համապատասխան տույժերը, բայց հետո «հարցերը փակում են»: Ըստ երեւույթին «հարցերը փակելու» տարբերակով է գնացել նաեւ «Տիգրան Յափուջյան» ՍՊԸ-ի տնօրենը, որը, մեր ունեցած տվյալներով, մեկ տարուց ավելի է՝ առանց թույլտվության արտադրում է կապարե կցորդիչներ: Դա հաստատում է նաեւ այն փաստը, որ մեզ զանգահարեց «Տիգրան Յափուջյան» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Նիկոլյանը եւ ասաց՝ իր արտադրամաս գնացած «նախարարության տղերքը ասել են, որ իրենք մեղք չունեն, այս տղան / այսինքն ես՝ Է.Բ./ երկու անգամ նամակ է գրել մեզ, այնպես արա, որ էլ չգրի»: Ինչու՞ ենք հարցումն ուղղել բնապահպանության նախարարությանը: Մենք ունեինք տվյալներ, որ այս արտադրությամբ զբաղվող եւ օրինական դաշտում գործող «Բուրգ-95»(այժմ «Հրաչիկ Միրզոյան եւ ընկ.») ՍՊԸ-ի համար 2000 թ. այնպիսի պայմաններ են ստեղծել, որոնց պատճառով այն դադարեցրել է արտադրությունը: Կապարե կցորդիչները մինչ այդ արտադրում էր «Բուրգ-95» ՍՊԸ-ն «Բուրգ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մասնագիտացել էր բարձր լարման /1-10 կվ լարվածության/ մալուխների միացման կապարե կցորդիչների համալիրների արտադրության մեջ եւ մինչեւ 2000 թ. վերջը Էներգետիկայի նախարարության ձեռնարկություններին վաճառել է շուրջ 100 մլն դրամի արտադրանք: 3,8 մլն դրամի արտադրանք արտահանել է Ռուսաստան: Իր գործունեության տարիներին ՍՊԸ172ն վճարել է 30 մլն դրամ հարկեր: Արտադրանքի որակի բողոքարկման որեւէ դեպք երբեւէ չի եղել: «Բուրգ-95» ՍՊԸ-ն դրամական ներդրումներ է կատարել արտադրության մեջ եւ կուտակել է հիմնական միջոցներ: Ունենալով կնքված պայմանագրեր՝ կազմակերպությունը ձեռք էր բերել նաեւ մեծ քանակությամբ հումք: 2000 թ. օգոստոսին գնորդները՝ մարզային բաշխիչ էլեկտրացանցերը, անսպասելիորեն, առանց պատճառաբանության միակողմանի դադարեցրել են պայմանագրերը եւ մատակարարված ապրանքների դիմաց վճարումները: «Ինձ հաջողվեց ազգային ժողովի պատգամավորներից մեկի հորդորանքով Էներգետիկայի նախարարի կարգադրությամբ «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲ-ից ստանալ մատակարարված ապրանքի վճարը»,- պատմում է «Բուրգ-95» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչիկ Միրզոյանը:- Իսկ «Կենտրոնական էլեկտրացանցին» մատակարարած ապրանքի գինը ընկերությունը 2001 թ. մարտին ստացել է միայն դատարանի որոշումով: Շուտով շուկայում հայտնվեցին կապարե կցորդիչների համալիրներ: Մասնագետների (մալուխային գծերը սպասարկողներ) կարծիքով այդ կցորդիչները անորակ են: Սկզբնական շրջանում մեր բոլոր ջանքերը պարզելու՝ ով է արտադրում դրանք, անարդյունք էին: Բնապահպանության նախարարությունը երկու ամիս չէր պատասխանում մեր հարցումներին: Մենք փորձեցինք պետեկամուտների նախարարության միջոցով դա անել: Ովքե՞ր են այդպիսի արտադրությամբ զբաղվում եւ որքա՞ն հարկեր են վճարում: Պետեկամուտների նախարարությունից գրավոր պատասխանեցին, որ առանձին հաշվարկներ չեն արվում, եւ հնարավոր չէ տրամադրել այդ արտադրությամբ զբաղվողներից մուտքագրված հարկերի չափը: Այս պատասխանն էլ տարօրինակ է, որովհետեւ հայտնի է, որ ձեռնարկությունները հարկերի այդ տեսակների մասին հաշվետվություններում ներկայացնում են առանձին տողով: 2000 թվականի օգոստոսին Էներգետիկայի նախարարությունում կատարվեցին կադրային փոփոխություններ: Նախարար Կարեն Գալուստյանը նշանակեց իր եւ իրեն «պարտադրված» մարդկանց: Հենց այս ժամանակ էլ միանգամից, ինչ-որ մեկի հրահանգով, բոլոր էլցանցերը ստացան հրահանգ՝ «Բուրգ-95»-ից այլեւս չգնել կապարե կցորդիչներ: Ո՞վ էր հրահանգ տվողը: Նախկին նախարա՞րը: Ըստ երեւույթին նա կատարել է ինչ-որ մեկի ցուցումը: Երեւի պաշտոնյաները զարմացել էին, թե ինչպես կարող է Հայաստանում աշխատել օրինական հարկեր վճարող մի ձեռնարկություն: Դա դեմ էր գործող օրինաչափությանը: 2000 թվականի օգոստոսին «Երեւանի էլեկտրացանցը», իսկ հետո՝ «Կենտրոնական էլեկտրացանցը» եւ «Հյուսիսային էլեկտրացանցը» առանց պատճառաբանության եւ տեղեկացնելու չեղյալ հայտարարեցին «Բուրգ-95» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրերը եւ դադարեցրին վճարումները: Հրաչիկ Միրզոյանը դիմում է գնորդներին՝ բոլոր էլցանցերին, իր ապրանքի գներն իջեցնելու առաջարկով: Նամակները այդպես էլ մնացել են անպատասխան: Հ. Միրզոյանը նամակներ է ուղարկել նաեւ Էներգետիկայի նախարարին, Էներգետիկայի անկախ հանձնաժողովին, ՀՀ վարչապետին: Արդյունքում ոչինչ չի փոխվել, Հ. Միրզոյանը չի ստացել նույնիսկ նամակների պատասխանները: «Իրականում մեր ձեռնարկությունը պարտվել է մրցակցային պայքարում, սակայն մեկ ուրիշի հաղթանակից պետությունը եւ շուկան չեն շահել: Խնդիրը մրցակցության պայմաններն են, որոնք թափանցիկ եւ հավասար չեն»,- վարչապետին հղած նամակում գրել է ձեռնարկատերը: Արտադրանքը ոչ մի տեղ չի գրանցվում «Հավասարաչափ մրցակցային դաշտ չկա եւ չի էլ կարող լինել: Մրցակիցները թափանցիկ տվյալներ չունեն: Եղել է իմ առաջարկը, քանի որ այս բնագավառի մեծ մասին, մասնավորապես մալուխային արտադրանքին պարտադիր սերտիֆիկացման պահանջ է ներկայացվում, եկեք սերտիֆիկացնենք նաեւ այս արտադրանքը: Ինձ վրա դա կնստեր երկու հազար դոլար, բայց ես պատրաստ եմ դա անել, որպեսզի վստահ նայեմ շուկային: Այսօր մալուխները միացնող կցորդիչների համար սերտիֆիկատ չի պահանջվում, ինչ էլ պատահի՝ կարող են գնել: Հետեւաբար էլեկտրացանցերը դա կարող են գնել շուկայից, որեւէ մեկի անունով: Իսկ հարկային մարմինները ի վիճակի չեն ստուգել, թե Պողոսին որտեղից այդ, մեղմ ասած, լայն սպառման համար չնախատեսված ապրանքը: Կա օրենք՝ որոշակի ծավալից ներքեւ չի հարկվում: Արդյունքում ստացվում է, որ ապրանքը մտնում է շուկա եւ չի հարկվում: Իմ հարկայնության տոկոսը կազմել է համախառն արտադրանքի մոտ երեսուն տոկոսը: Դա ծանր հարկ է: Այսօր ես համոզված եմ, այդ հարկը ոչ մեկը չի տալիս»,- նշեց մեր զրույցի ժամանակ Հ.Միրզոյանը: Օրինական դաշտում աշխատող արտադրողը Հայաստանում դուրս է մնում մրցակցությունից: Մեծ ներդրումներ կատարած եւ արտադրական պոտենցիալ ունեցող գործարարը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ անել, որպեսզի իր ապրանքը մրցունակ լինի: «Ես տեսել եմ վարչապետին գրած իմ նամակը էներգետիկայի նախարարությունում: Փաստորեն, ում բարքերը քննադատվում են, վարչապետը նրան էլ ուղարկել է այդ նամակը: Ինձ կանչեցին, տեղեկանք պահանջեցին, որ դուք ասեք՝ ում եք մատակարարել, երբ եք մատակարարել եւ այլն: Դա անիմաստ աշխատանք էր, բայց ես դա կատարեցի»: Ինչո՞ւ է Հ. Միրզոյանը դա համարում անիմաստ: Որովհետեւ 2000 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նրա ողջ շրջանառությունը ստուգվել է վարչապետի վերահսկողության ծառայության կողմից, ապա նաեւ պետեկամուտների նախարարության աշխատակիցների կողմից: Ստուգվել է եւ մաքուր է եղել: Նման դեպքեր շատ հազվադեպ են պատահում Հայաստանում: Հ. Միրզոյանի ղեկավարած ընկերությունում ստուգումներ է անցկացրել նաեւ տարածքային հարկային տեսչությունը: Մաշտոց Էլեկտրացանցի մասնաճյուղի փոխտնօրեն Յուրա Նիկոլյանը «Տիգրան Յափուջյան» ՍՊԻ-ի տնօրենն է: «Նիկոլյան Յուրան անձամբ եկավ իմ արտադրամաս, դա մասնավոր խոսակցություն էր, ինձ ասաց, դու արտադրիր, ես ծախեմ: Ես էլ ասացի, ես արտադրում եմ, պայմանագրեր ունեմ, ես էլ ծախում եմ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Հ.Միրզոյանը: 2001 թվականի նոյեմբերի 26-ին մեզ զանգահարեց Յուրա Նիկոլյանը. «Եղբայր, ի՞նչ ես ուզում մեզնից, ինչո՞ւ ես այդքան նամակներ գրում բնապահպանության նախարարին: Եկել են իմ արտադրամասը պլոմբել, ինչ-որ թղթեր են ուզում: Բնապահպանության նախարարությունից ասում են՝ մենք մեղք չունենք, էդ տղան նամակներ է գրում, դրա համար էլ մենք գալիս ենք ստուգման»: Բնապահպանության նախարարությունում չգիտեն նաեւ, որ նման արտադրությամբ հանրապետությունում զբաղվում է եւս հինգ գործարար: «Վեց հոգի այդպիսի արտադրանք է տալիս, ինչո՞ւ միայն մեր մասին եք գրել Ձեր նամակում»,- բողոքում էր Յուրա Նիկոլյանը: Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ այս ստվերային, հարկային դաշտից դուրս գործող արտադրության թիկունքում կանգնած է հայտնի մի պաշտոնյա, որը ժամանակին եղել է էներգետիկայի նախարար: Առայժմ դրա բավարար ապացույցները չունենալու պատճառով նրա անունը նպատակահարմար չենք գտնում հրապարակել: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել