ԱՐԱԲԿԻՐԻ ՇՈՒԿԱՆ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐՈՒՄ Արաբկիրի կամ Կոմիտասի թաղամասի (Հայկոոպի շուկաների հանրապետական վարչության N5) մթերքի շուկան միշտ եղել է կռվախնձոր, շատերն են ցանկացել այն ձեռք բերել եւ երբեմն էլ կոշտ բախումներ են եղել այդ շուկայի համար։ Երեւանյան գրեթե բոլոր շուկաներն արդեն լուծարվել եւ նոր տերերի ձեռքն են անցել, սեփականաշնորհվել կամ վարձակալությամբ տրվել։ Կոմիտասի մթերքի շուկայի նախկին վարձակալողը Երջանիկ Շահինյանն էր։ Օրերս տեղեկացանք, որ այդ շուկայի տերն է ՀՅԴ անդամ Աշոտ Փափազյանը, որ քաղաքականության մեջ հայտնի է դարձել մի քանի առիթներով։ Վերջին անգամ, 98 թ. Դաշնակցության հայտնի հանրահավաքում Ա. Փափազյանն էր ընթերցել-հրապարակել ՀՅԴ կազմած հայտնի ցուցակը, թե նախկին իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ինչպիսի տնտեսական գործունեությամբ են զբաղվել, մի խոսքով՝ ով ինչ ունեցվածքի է տիրացել։ Աշոտ Փափազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզվեց հետեւյալը։ Այն, որ Ա. Փափազյանի «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն «Հայկոոպ» ԲԲԸ-ից Կոմիտասի շուկան վարձակալել է 15 տարի ժամկետով, խառը պայմանագրի հիման վրա։ «Յունիոն սերվիսն», ըստ Ա. Փափազյանի, զբաղվում է օրենքով չարգելված տարբեր տեսակի գործունեությամբ եւ շուկայի հին տերերը չեն համաձայնել «Հայկոոպի»՝ այդ շուկայի համար աճուրդով ստացված գնով աշխատել։ Երեք անգամ աճուրդ է անցկացվել եւ շուկայի գին է հայտարարվել 540 հազար ԱՄՆ դոլարը։ Ա. Փափազյանը, փաստորեն, Կոմիտասի շուկան վարձակալել է 15 տարի ժամկետով՝ հետագայում 540 հազար դոլարով գնելու իրավունքով։ Վարձակալության վճարի չափը Ա. Փափազյանը չասաց, բացատրելով, որ առանց մյուս կողմի՝ «Հայկոոպի» հետ վարձավճարի մասին հայտնելու փոխհամաձայնության, դա չի կարող ասել։ «Հայկոոպում» կարծես ամանորի արձակուրդները չեն ավարտվել։ Փորձեցինք խոսել «Հայկոոպ» ԲԲԸ նախագահ Ռաֆայել Բագոյանի հետ, սակայն աշխատակազմի ղեկավար Սամվել Հարությունյանն ասաց, որ Ռ. Բագոյանի հետ հնարավոր կլինի խոսել միայն 15 օր հետո։ Իսկ շուկաների հարցերը կարգավորող վարչության պետը աշխատանքի է լինում հիմնականում առավոտյան ժամերին (ինչպես ասացին «Հայկոոպից»), քանի որ համարյա բոլոր շուկաները լուծարվել են եւ աշխատանք քիչ է լինում։ Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մթերային շուկաների մեծ մասը սեփականաշնորհվեց եւ դրանց մի քանիսի տերերը դեռեւս միայն գումարի մի մասն են վճարել։ Օրինակ, Նորքի զանգվածի, Պետական հանրախանութի (ԳՈՒՄ-ի) եւ Մաշտոցի պողոտայի շուկաների սեփականատեր Լեւոն Հովհաննիսյանը, որը հայտնի է Սրետինկայի Լյովա մականունով, մինչ օրս դեռ չի վճարել շուկաների համար ամբողջ վճարը։ Սրետինկայի Լյովան նաեւ ցանկանում էր Կոմիտասի շուկան ձեռք գցել, որն իրեն չհաջողվեց եւ այդ կապակցությամբ շուկայի նախկին տերերի հետ մեծ ընդհարումներ եղան։ Ինչպես հայտնի է, վերջինս այժմ արդեն նաեւ «Կրեդիտ Երեւան» բանկի միակ սեփականատերն է։ Վերադառնալով Արաբկիր համայնքի մթերքի շուկային, նշենք, որ լուրեր կան, թե մեծ հաշվով Դաշնակցությանն է այն տրվում, սակայն Աշոտ Փափազյանի անվամբ։ Ա. Փափազյանը սա հերքեց. «Դաշնակցության հետ կապ ունեմ միայն այնքանով, որ ինքս դաշնակցական եմ»։ Մեր տվյալներով, ի տարբերություն մյուս մթերային շուկաների, Կոմիտասի այս շուկայի գինը բավական էժան է։ Ասում են, թե դա պայմանավորված է նրանով, որ հիմնական առեւտուրը շուկաներից դուրս է կատարվում, քան բուն շուկայում եւ այդպիսով շուկաների տերերը վնասով են աշխատում։ Իհարկե, սա լրիվ հիմնավոր կարծիք չէ եւ, մանավանդ, դեռեւս պարզ չէ, այս շուկայի վարձակալության եւ հետագայում՝ սեփականաշնորհման եւ վերջինիս աճուրդի հետ կապված մանրամասները։ Միայն հարց է ծագում, ինչպես եղավ, որ Ա. Փափազյանը, որը 98 թ. միտինգում հրապարակում էր նախկին իշխանությունների ներկայացուցիչներին անուն առ անուն, թե որն ինչպես եւ որքան է թալանել երկիրը, իսկ այսօր ինքը կարող է շուկա վարձակալել 15 տարով՝ հետագայում 540 հազար դոլարով սեփականաշնորհելու պայմանով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ