Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեմուտի հեքիաթ

Հունվար 12,2002 00:00

Տարեմուտի հեքիաթ Բոլոր մարդիկ նոր տարում սիրում են նվերներ ստանալ, դա բնական է: Ի տարբերություն շարքային մահկանացուների՝ նախարարները սիրում են նվերներ ստանալ կլոր տարին: Կատարելագործված տարբերակն էլ կա՝ սիրում են իրենք իրենց նվերներ տալ: Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը այդ գործը հատկապես սիրում է: Մանավանդ երբ՝ նվերները մեծ են ու գաղտնի: ՀՀ կառավարության 31.12.2000 թ. թիվ 896 որոշումով հաշվեկշռային մեթոդով գնահատված 203484 հազար դրամ ակտիվներ ունեցող «Արագած» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վճռվել է մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով՝ վերակազմակերպելով «Արագած» բաց բաժնետիրական ընկերության: Սահմանվել է ընկերության մեկնարկային գին՝ 169579 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169579 հատ մեկնարկային քանակին, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 169579 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169579 հազար հատ մեկնարկային քանակի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Սահմանվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահման՝ 50 տոկոս: Նույն որոշումով՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնարարվել է 3 ամսում օրենսդրությամբ սահմանված կարգով «Արագած» ԲԲԸ արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման եւ գրանցումից հետո հրապարակել մամուլում: Սա գործողության առաջին արարն է, երկրորդ արարում ի հայտ են գալիս հավանական գնորդները: Նրանցից մեկը՝ ԱՄՆ-ի քաղաքացուհի Դիռա Ռուզաննան օգոստոսին նախարարություն է ներկայացնում գրություն՝ հայտնելով ընկերության բաժնետեր դառնալու պատրաստակամությունը, բիզնես-ծրագիրը, առաջարկությունները բաժնետոմսերի վաճառքի գնի, ներդրումների իրականացման եւ սոցիալական երաշխիքների ապահովման համար: 2001 թ. օգոստոսի 22-ին նախարարությունից նրան պատասխանում են, որ կառավարությունը համապատասխան որոշում չի կայացրել, բայց նախապես հայտնի է գնորդը՝ «Միջազգային բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն: Գործողության երրորդ արարում ճշտվում է, որ այդ «նախապես հայտնի գնորդը» ներկայացրել է շատ ավելի թույլ առաջարկներ: Բայց, ըստ նախարար Դավիթ Վարդանյանի ստորագրած պաշտոնական պատասխանի՝ «Արագած» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նախատեսվում է մասնավորեցնել «Միջազգային բիզնես- կենտրոն» ՓԲԸ-ին, որն իր հերթին ձեռք է բերել նաեւ «Ալմաստ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, քանի որ նշված ձեռնարկությունների տեխնոլոգիական պրոցեսները շաղկապված են եւ արդյունավետ չէ նրանց գործունեությունը միմյանցից անջատ»: Միջազգային բիզնես-կենտրոնի շահերի այս փայլուն պաշտպանությունից չընկճված մեր հայրենակցուհին դիմում է նաեւ վարչապետին, ներկայացնում է իր առաջարկները, հավաստում իր եւ ամուսնու՝ Ռոբ Դիռայի, որ 1992-1993 թթ. ՄԱԿ-ի կողմից գործուղվել է Հայաստան եւ ղեկավարել 40 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնության ծրագիրը եւ լավ ծանոթ է Հայաստանին ու ուզում է նոր աշխատատեղեր ստեղծել՝ ձեռնարկության հետագա ընդարձակման ծրագրերով, աջակցությունը օտարերկրյա այլ գործարարների եւս շահագրգռելու, որ ներդրումներ անեն Հայաստանում: Անդրդվելի Դավիթ Վարդանյանը 2001 թ. հոկտեմբերի 11-ին վերստին մերժում է Դիռաների առաջարկը, փոխարենը խոստանում է «հետագայում համագործակցել պետական գույքի մասնավորեցման գործընթացում»: Մինչ այդ Դիռաները ստիպված են լինում գալ Հայաստան՝ նախարարի հետ հանդիպման, որը տեւում է կես րոպե՝ պետական գործերով խիստ զբաղված նախարարը տեղեկացնում է, որ ասելիք չունի ու վերջ: Գործողության նախավերջին արարում պարզ է, որ Դավիթ Վարդանյանը ընդամենը կանխում է առաջին տարում 70 աշխատատեղի ստեղծումը՝ 27000 դրամ միջին աշխատավարձով, երկրորդ տարում՝ 100 աշխատատեղի ստեղծումը՝ 35000 դրամ միջին աշխատավարձով, երրորդ տարում՝ 130 աշխատատեղի ստեղծումը՝ 50000 միջին աշխատավարձով: Փոխարենը ոչինչ չի ստեղծում՝ բացի սեփական բարեկեցությունը, որովհետեւ մինչեւ օրս էլ «Արագածի» ճակատագիրը օդից կախված է, բայց հաստատ երաշխիքներ կան, որ նոր տերերը ոչ միայն ոչ մի աշխատատեղ չեն ստեղծելու ու ձեռնարկությունը չեն աշխատեցնելու, այլեւ վաճառելու են հաստոցները: Ինքներդ եք հասկանում, որ նոր տերերը ամբողջ գումարի գոնե կեսը փոխանցելու են Դավիթ Վարդանյանի անձնական հաշվին: Ահա այսպես է կառավարվում պետական գույքի մասնավորեցումը: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է նախարարի հերոսական գործունեությունից: ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել