ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ Ինչո՞ւ է ինքն իրեն խոսեցնում Գ. Եղիազարյանը Հայաստանում իշխանությանը տիրացած վարչախումբը ձախողվում է բոլոր ասպարեզներում. սա ընդունում են անգամ վարչախմբի ներկայացուցիչները: Սակայն ուղեղները շարժելու, համապարփակ ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ որոնելու փոխարեն՝ վարչախումբը արդեն չորս տարի նույն երգն է երգում՝ զրպարտությունների ու կեղծ լուրերի միջոցով նսեմացնելով նախկին քաղաքական իշխանությանը: Իրենց մոլագար քարոզչությանը արժանահավատություն հաղորդելու նպատակով նրանք թերթերի էջերն ու եթերը հեղեղել են ՀՀՇ-ի իշխանության տարիների եւ նրա հնարավոր վերադարձի սարսափազդու տեսարանների նկարագրություններով: Այս գործում վարչախումբը լավագույնս օգտագործում է ինչպես պալատական մտավորականների (Ս.Կապուտիկյան, Ս.Սարգսյան, Հ.Իգիթյան, Պ.Զեյթունցյան, Ա.Սահինյան եւ այլք), այնպես էլ Ազգային ժողովի պատրաստակամ պատգամավորներին (Հմայակ Հովհաննիսյան, Ֆիլարետ Բերիկյան, Գուրգեն Եղիազարյան եւ այլք): Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է ասում Գ.Եղիազարյանը, փորձենք նախ պատասխանել մի կարեւոր հարցի՝ ո՞վ է Գուրգեն Համբարձումի Եղիազարյանը: Մեզ հայտնի է հետեւյալը. նա 54 տարեկան է, միլիցիայի գնդապետ, նախկին կոմունիստ: 1990-93թթ. աշխատել է Երեւանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժնի պետ, ՆԳ նախարարության 7-րդ հետախուզական վարչության պետ, Երեւանի Շենգավիթի շրջանի ՆԳ բաժնի պետ, ՆԳ նախարարության քրեական վարչության պետ, 93թ. հունվարին նշանակվել է Արարատի տարածաշրջանային ՆԳ վարչության պետ, սակայն հրաժարվել է մեկնել նոր նշանակման վայր եւ փոխադրվել «կադրերի տրամադրության տակ»: Այդ վիճակում մոտ մեկ տարի մնալուց հետո 1994-ի ապրիլին նշանակվել է Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ եւ գործուն մասնակցություն ունեցել դաշնակցական ահաբեկչական ցանցի բացահայտման մեջ: Եղել է 1994թ. դեկտեմբերի 28-ին ՀՅԴ «Դրո» կառույցի ջախջախման ու հարուցված քրեական գործի նախաքննության ղեկավարներից մեկը: 1995թ. հունիսին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անէությունից նրան կյանք է վերադարձրել Կարեն Դեմիրճյանը՝ «Միասնության» ցուցակով դարձնելով ԱԺ պատգամավոր: Այսպիսի կենսագրության տեր մարդը, բնականաբար, շատ բան գիտի մի շարք աղմկալի սպանությունների մասին. չէ՞ որ նրա անմիջական պարտականությունների մեջ էր մտնում այդ սպանությունների հետաքննությունը եւ ի պաշտոնե առնչվել է դրանց հետ առնչվող նյութերին: Նա գիտի՝ թե ո՞վ եւ ու՞մ հանձնարարությամբ է սպանել Մարիուս Յուզբաշյանին, ապա՝ ո՞վ եւ ո՞ւմ հանձնարարությամբ է հետքերը ծածկելու նպատակով սպանել Յուզբաշյանին սպանողին: Նա գիտի՝ թե ո՞վ եւ ու՞մ հանձնարարությամբ է սպանել Համբարձում Գալստյանին: Ըստ իրենց իսկ առաջարկած հիմնական վարկածի, Երեւանի քաղաքապետ Գալստյանի եւ նրա խորհրդական Յուզբաշյանի սպանություններն իրար հետ կապված էին եւ իրականացվել են մեկ կենտրոնից, քանի որ Յուզբաշյանը (ոչ առանց Գալստյանի հորդորների) հաստատել էր ՀՅԴ-ԽՍՀՄ ՊԱԿ համագործակցության մասին Կալուգինի մերկացումները: Այսպիսով, 1990-95թթ. լինելով պետության ոստիկանական ու հատուկ ծառայությունների առանցքային պատասխանատուներից մեկը, եւ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Սերժիկ Սարգսյանի առաջարկով «իր դիմումի համաձայն» ազատվելով զբաղեցրած պաշտոնից՝ Գ.Եղիազարյանը 1998թ. պետական հեղաշրջումից հետո ինքնադրսեւորվեց որպես «նախկինների» ոխերիմ թշնամի, որը առանձնակի անպատասխանատու ձեւեր է ընդունել 2000թ. ապրիլից հետո: Գ.Եղիազարյանն այժմ մասնագիտանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ՀՀՇ-ի վրա բարդելու գծով: Եվ այդ գործում, «չգիտես ինչու», կենտրոնանում է ութ զոհերից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անձի վրա: Ահա Գ.Եղիազարյանի հարթ մտքերի սխեման՝ քանի որ ՀՀՇ-ն ղարաբաղյան շարժման հենց սկզբից հակադրվեց Հայկոմկուսին եւ նրա առաջնորդ Կ.Դեմիրճյանին, ուրեմն ՀՀՇ-ն շահագրգռված էր նրա սպանությամբ: Մեթոդի հիմքը մեկն է՝ քաղաքական կուսակցությունը պետք է սպանի. դա է հուշում նրա նախկին եւ ներկա փորձը: Պատմական իրողություն է Կ.Դեմիրճյանի նկատմամբ ՀՀՇ-ի բարյացակամ վերաբերմունքը. պաշտոնաթողությունից հետո նրա հասցեին որեւէ անհարգալից խոսք չի ասել, իր իշխանության հաստատվելուց հետո նրան նշանակել է խոշորագույն գիտաարտադրական միավորման տնօրեն, որը որեւէ քաղաքական խնդիր չի ունեցել նախկին կառավարությունների հետ: Կ.Դեմիրճյանն էլ իր հերթին ընդդիմադիր գործունեություն չի ծավալել ՀՀՇ-ի իշխանության դեմ, եղել են փոխադարձ հարգանքի հարաբերություններ՝ տնտեսական զարգացման սոցիալիստական եւ ազատական մոտեցումների էական տարբերություններից անկախ: Գ.Եղիազարյանն օգտագործում է այսօրվա մեր իրականության ամենանողկալի երեւույթներից մեկը՝ մահացած մարդուն վկայակոչելը: Դա նա անում է իր անձի կշիռը բարձրացնելու համար՝ իբր ինքը Կ.Դեմիրճյանին զգուշացրել է, որ նրան կարող են սպանել: Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին եւ մյուս զոհվածներին սպանողները եւ նրանց հովանավորները հայտնի են ժողովրդին: Նրանք Վազգենին սպանեցին, որովհետեւ վերջինս ուզում էր ինչ-որ ձեւով ուղղել իր կատարած սխալը: Նա փորձեց ձեռք բարձրացնել ոմանց սրբության սրբոցի՝ անձնական ու կլանային շահերի վրա, հայտարարելով, որ իր ձեռքում է Հայաստանի առավել խոշոր կաշառակերների ցուցակը եւ այն հրապարակելու է: Ցուցակը գլխավորողի անունը այդ ժամանակ տպագրվեց Բոստոնի թերթերից մեկում: Ահա Վազգենի սպանության գլխավոր պատճառը: Սպանությունը կազմակերպողները հաշվի էին առել, որ Վազգենի սպանությունից հետո Դեմիրճյանի հեղինակությունը շեշտակի բարձրանալու է եւ դա իրենց համար մահացու վտանգ է: Դեմիրճյանը պետք է սպանվեր հենց Վազգենի հետ: Հանցագործության տրամաբանությունը եւ բացահայտված բազմաթիվ հանգամանքներ այս են վկայում: Իսկ հոկտեմբերի 27-ից սկսած հանցագործներին հովանավորողներն աշխատում են մեղքը բարդել ուրիշների վրա, եւ «չեկիստ» Գ.Եղիազարյանն օգնում է նրանց՝ հանցագործությունը պարտակելու: Հայտնի է, որ դաշնակցությունը չի մերժում ահաբեկչությունը եւ տարբերակում է «լավ» ու «վատ» ահաբեկչություն: Ահաբեկչության ալիքները Հայաստանում համընկնում են դաշնակցության ազատ գործունեության ժամանակահատվածների հետ՝ 1991-1994 եւ 1998-ից սկսած: Իսկ Գ.Եղիազարյանը արդեն «պարզել է» ահաբեկչության առաջին ալիքի մեղավորներին եւ այժմ մատնանշում է երկրորդ ալիքի մեղավորներին. «Հոկտեմբերի 27-ը» նա արդեն բարդել է ՀՀՇ-ի վրա: Գիտենալով նրա մտքերի կանխորոշված ընթացքը՝ սպասում ենք, որ Մավրիկ Ավետիսյանի, Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խոռխոռունու, Հենրիկ Խաչատրյանի, իր մերձավոր ընկեր Արամ Կարապետյանի, Գագիկ Պողոսյանի, Պողոս Պողոսյանի սպանություններն ու «ինքնասպանությունները» նա նույնպես կբարդի ՀՀՇ-ի վրա: (Իսկ կհետաքրքրի՞ արդյոք արդարություն որոնող որեւէ մեկին, թե Հենրիկ Խաչատրյանի սպանության օրերին Երեւանում ի՞նչ էին անում դրսում օղի արտադրող գլուխգովան մեկը եւ Լաս Վեգասում կազինո ունեցող պակաս հայտնի, բայց ոչ պակաս գլուխգովան մեկ ուրիշը: Կամ՝ այդ ի՞նչ ծառայությունների համար նրանք գլխավոր դատախազի սպանությունից մի քանի օր անց պարգեւատրվեցին անվանական նվերներով… Խոստանում ենք՝ այս պատմությանը դեռ կանդրադառնանք:) Գ.Եղիազարյանի նպատակը ոչ միայն իշխանությանը հաճոյանալն է, թեեւ դա նրա համար կորած շանս է: «Դրո» գործի գլխավոր բացահայտողն ավելի ծանրակշիռ անձնական պատճառներ ունի՝ ինչ-որ կերպ մեղմացնել դաշնակցության ցասումն իր նկատմամբ: Ըստ ամենայնի, դաշնակցությունը նրանից պահանջում է հավասարազոր հատուցում, եւ Գ.Եղիազարյանը գնում է իրեն պարտադրված միակ ճանապարհով՝ ՀՀՇ-ին վերագրել այն, ինչ բացահայտել էին ինքն ու իր գործընկերները ՀՅԴ-ի առնչությամբ: ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ «Արմատ» շաբաթաթերթ, թիվ 49/54, 2001 թ.