Էջեւիթն ԱՄՆ-ում կքննարկի Ղարաբաղի հիմնահարցը Բայց ոչ միայն այդ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի՝ հունվարի 14-ին, ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում»,- թուրքական ԶԼՄ-ների հաղորդումները վկայակոչելով նշում է «Արմինֆո» գործակալությունը: Այդ այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Թուրքիայի համագործակցության ծրագրի նոր նախագիծը, որը, թուրքական մամուլի կարծիքով, «ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծում»: Պաշտոնական Անկարան կարծում է, որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Թուրքիան պետք է առավել գործուն միջնորդի դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Դիտորդների կարծիքով, դա պայմանավորված է ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչությունից հետո Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանում: Վերը նշված ծրագրի կետերից մեկը Թուրքիայի ռազմակայանների տեղաբաշխումն է Ադրբեջանի տարածքում: Որոշ տվյալների համաձայն, այդ նպատակով կարող են վերասարքավորվել Ադրբեջանի երկու ռազմական օդանավակայաններ, որոնցից մեկը գտնվում է Բաքվում, իսկ մյուսը՝ Քյուրդամիրում: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ռազմավարական համագործակցության ամրապնդում Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնի է, արդեն պատրաստ է ստորագրման Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ անվտանգության շուրջ համաձայնագրի նախագիծը: