Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՏԵՍՆՈՂՆ ԷԼ ԳՏՆՎԵՑ

Հունվար 12,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՏԵՍՆՈՂՆ ԷԼ ԳՏՆՎԵՑ Անցած տարվա սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության առիթով դատական նիստը շարունակվում է։ Հանրապետության գլխավոր դատախազը դատավարությունից շատ առաջ չզլացավ լրատվամիջոցներին խորհուրդ տալ, որ դատավարության ընթացքում հարկավոր է ուշադրություն դարձնել «դատաբժշկական փորձագետի եզրակացության եւ հարցաքննության վրա, եւ արդեն ձեզ համար շատ բան պարզ կլինի»։ Առայժմ պարզ բան քիչ կա, սակայն դեռեւս մինչ դատավարությունն էր հայտնի, որ մինչեւ սեպտեմբերի 26-ը (մինչ ՆԳ նախարարի եւ գլխավոր դատախազի «վերեւից» ցուցմունք ստանալը) շրջանառության մեջ էր նետվել վարկած, ըստ որի, Պողոս Պողոսյանը մահացել է ինֆարկտից։ Երեկ հարցաքննվածներից շտապօգնության բժիշկ Արմեն Շահինյանը չէր ուզում հիշել, որ դեպքի վայր հասնելով եւ զուգարանի դռան առաջ պառկած մարդուն տեսնելուց հետո ինքն ասել է, թե հանգուցյալը կարծես հանկարծամահ է եղել։ Մեղադրողի հարցին՝ մահվան պատճառը տեղում պարզելու մասին, բժիշկը պատասխանեց, ասելով, թե ինքը դատական բժիշկ չէ։ Պողոս Պողոսյանի եղբայր Անդրանիկ Պողոսյանը փորձեց ճշտել՝ «Հնարավո՞ր է, դուք հայտնած լինեք, որ ինֆարկտից է մահացել»։ Բժշկի ասելով՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր հետ եկածներից որեւէ մեկը իր ներկայությամբ նման բան չի ասել։ Աղամալ Հարությունյանի պաշտպան Յանիկյանը փորձեց իր կողմից հարցը պարզեցնել. «Դուք ինֆարկտ բառը չեք օգտագործել, բայց ուրիշ բան եք ասել, ես կարող եմ հիշեցնել՝ հանկարծամահ է եղել»։ Վկան չառարկեց, թե նման բան է ասել։ Վկա բժիշկը պնդում էր նաեւ, որ մահացածի վրա բռնության որեւէ հետք չի տեսել եւ արյան հետք նույնպես, սակայն նրան հիշեցրին, որ առաջին ցուցմունքում ինքն ասել է, թե կարծեմ բերանի մեջ արյան հետքեր կային։ Բժշկի ասելով, երբ ինքը տեսել է հանգուցյալին, այնպիսի տպավորություն է ստացել, որ վերջինս զուգարանում վատացել է եւ իրեն հազիվ է դուրս գցել։ Ի դեպ, հարցաքննված մյուս վկան՝ «Առագաստ» սրճարանի տնօրեն Գեւորգ Շահինյանը, կրկնեց ցուցմունքում հայտնած այն միտքը, թե շտապօգնության բժիշկն է կարծիք հայտնել, թե հանգուցյալը մահացել է ինֆարկտից. «Ոնց որ ինֆարկտ է խփել»։ Սրճարանի տնօրենին, որքան էլ զարմանալի է, իր աշխատակիցներից որեւէ մեկը որեւէ բան չի պատմել կատարվածի մասին մինչ այն պահը, երբ տնօրենն ինքն է նախագահին ու Շառլին ճանապարհելուց հետո տեսել կատարվածը։ Փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին՝ դեպքից հետո խոհանոցի աշխատակիցները, մատուցողները մյուս օրերին որեւէ բան չեն պատմե՞լ, Գ. Շահինյանը պատասխանեց. «Ով ինչ ունի պատմելու՝ ցուցմունք է տվել»։ Ըստ տնօրենի ներկայացրած տվյալի, սրճարանում 12-15 մարդ է աշխատում՝ կապված աշխատանքի ծանրաբեռնվածության հետ։ Երեկ հարցաքննվող վկաներից ոչ մեկը չհիշեց այն «սիրունատես», կարճաթեւ ջինսով երիտասարդին, որի մասին նախորդ նիստի ժամանակ հիշատակել էր վկաներից մեկը։ Հանգուցյալի ընկերը՝ Հակոբ Մաթիլյանը, պատմեց այն, ինչ իրեն դեպքից հետո պատմել էին Յուրա Նավոյանը եւ Ստեփան Նալբանդյանը։ Ըստ Մաթիլյանի, մինչեւ որոշակի պահ երկու ընկերների պատմածները համընկնում են, սակայն հետո որոշ տարբերություն է նկատվում։ Փաստորեն ե՛ւ Ստեփան Նալբանդյանը, ե՛ւ Յուրա Նավոյանը նշում են, որ Պողոս Պողոսյանն ասել է՝ «Վայ, Շառլը», հետո՝ «Բարեւ, Ռոբ»։ Սակայն ըստ Հակոբ Մաթիլյանի, Ստեփան Նալբանդյանը պատմել է, որ «Յուրայի թիկունքից կոստյումով, սեւ մազերով մեկը, նախագահի թիկնազորից (որովհետեւ ականջակալներ կային ականջին) Պողոսին շատ քաղաքավարի սեղանից դուրս հրավիրեց։ Ես վատ բան զգացի։ Քանի որ Յուրան ավելի «սոլիդ» էր հագնված, կոստյումով, փողկապով էր եւ դաշնակցական էր, առաջարկեցի հետեւել, որ անախորժություն տեղի չունենար»։ Ըստ Յու. Նավոյանի, «մի քանի քայլ շարժվելուց հետո Պողոսին եւ տանողին են մոտեցել եւս 5-6 հոգի, ու սկսվել է քաշքշուկը, ծեծը»։ Պատասխանելով փաստաբան Ռ. Սահակյանի հարցին՝ «Յուրան կամ Ստեփանը ձեզ չե՞ն ասել, թե ովքեր էին Պողոսին քաշքշող մարդիկ», Հ. Մաթիլյանը ասաց. «Եղել են կոստյումով, ականջակալներով մարդիկ»։ Հետաքրքիր է, որ Հ. Մաթիլյանի ցուցմունքներում ոչինչ չի գրված այն մասին, ինչ նա պատմեց դատարանի դահլիճում, այսինքն՝ Ստեփանի եւ Յուրայի պատմածները։ Ինչո՞ւ ցուցմունքներում այս մասին չի գրված։ Ռուբեն Սահակյանի հարցին պատասխանելով, վկան ասաց. «Քննիչը չուզեց, որ գրեմ, ասաց՝ դու այդ մասով ականատես չես, մի գրի»։ Վկաներից մեկը փորձեց զարմանալ, թե ինչո՞ւ են իրեն կանչել. ինքը դեպքի հետ կապված ասելիք չունի։ Ստեփան Ռոստոմյանը շարունակ շեշտում էր, որ ինքը գնացել էր Շառլին տեսնելու, որ իրեն ուրիշ ոչինչ չի հետաքրքրել։ Վկան այնքան ոգեւորվեց իր «չգիտեմ, չեմ տեսել, կապ չունեմ»-ով, որ խոստովանեց, թե ինքը նախագահին էլ չի նկատել։ Երեկվա հարցաքննվելիք վկաներից դատարան չներկայացան Արմեն Մարտիրոսյանը եւ սրճարանի մատուցողուհի Բելլա Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինիս ցուցմունքներում նշված է. «Մյուս երեք հոգին (նկատի ունի Պողոս Պողոսյանին եւ նրա սեղանակիցներին.- Մ. Ե.) խոսում էին գավառական ակցենտով, բայց չեմ կարող ասել, որ տարածքի ակցենտն է։ Իմ ներկայությամբ նրանք միմյանց անուններով չեն դիմել։ Պատվիրված մեկ շիշ օղին խմել էին մինչեւ վերջ, իսկ կոստյումով տղամարդը խմեց երկու հատ կոնյակ»։ Սա, թերեւս, կարող է հետաքրքրություն ներկայացնել, քանի որ ո՛չ Ստեփան Նալբանդյանը, ո՛չ Յուրա Նավոյանը (Պողոս Պողոսյանի սեղանակիցները) «գավառական բարբառով» չէին խոսում ո՛չ դատարանի դահլիճում, ո՛չ դրանից դուրս եւ գավառական արտաքին կարծես չունեին։ Անդրանիկ Պողոսյանի կարծիքով, այս ցուցմունքը որոշակի նպատակ է հետապնդել։ Ասենք, որ հաջորդ նիստին չներկայանալու դեպքում վերոհիշյալ մատուցողուհին, հավանաբար, բերման կենթարկվի։ Հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել