Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ծանր կացության մեջ է

Հունվար 12,2002 00:00

Ադրբեջանը ծանր կացության մեջ է Օրերս Ադրբեջանի մի քանի ընդդիմադիր կուսակցություններ համատեղ հայտարարություն էին ընդունել, որով դատապարտել էին այդ երկրի իշխանություններին՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ երկրի վարկն ու պետական շահերը վտանգելու մեջ: Վերջիններս Ադրբեջանի չկատարած պարտավորությունների շարքում նշել էին խորհրդարանական ընտրությունների կեղծումը, ընդդիմադիր կուսակցությունների գործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը, նաեւ քաղբանտարկյալներին ազատ չարձակելը: Այդ վերջինը, ինչպես ադրբեջանական «Զերկալո» թերթն է տեղեկացնում, այս շաբաթ դարձել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քննարկման առարկան եւ Ադրբեջանին ԵԽ անդամությունից զրկելու մասին խոսակցությունների պատճառը: Ինչպես ադրբեջանական փորձագետներն են արձանագրում, այդ երկրի եւ Եվրախորհրդի հարաբերությունները լուրջ ճգնաժամ են ապրում, որոնք, ի դեպ, նույն փորձագետների պնդմամբ՝ սկսվել է այդ կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությունից անմիջապես հետո: Այդ ժամանակից ի վեր Եվրախորհրդի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ բանավեճեր են եղել մասնավորապես այն հարցի շուրջ, թե արդյոք Ադրբեջանում իրականում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Թե ինչով է, ի վերջո, ավարտվել այդ բանավեճը՝ վկայում է հունվարի 7-ին ԵԽ ԽՎ Փարիզում կայացած նիստում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին Ժորժ Կլերֆայտի զեկույցը, որտեղ նշված է, թե, դառնալով ԵԽ անդամ, Ադրբեջանը կամովին պարտավորություն է ստանձնել ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, ովքեր ճանաչված են իբրեւ քաղբանտարկյալներ, կամ նրանց գործերով նոր դատաքննություններ սկսել: Ադրբեջանի ԶԼՄ-ների համար առավել մեծ հարված է եղել ԵԽ Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդունած 13 կետ պարունակող բանաձեւը, որում ասվում է, թե Ադրբեջանի իշխանություններին հայտնի է եղել, որ ԵԽ անդամակցությունը հնարավոր է միայն նրա առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում: ԵԽ ԽՎ-ն նշել է, թե դեռ անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները, ճիշտ է, ազատ են արձակել որոշ քաղբանտարկյալների, որոնց թվում սակայն ներառված չի եղել ԵԽ ԽՎ փորձագետների պատրաստած ցանկում ընդգրկված 17 քաղբանտարկյալներից որեւէ մեկը: Ադրբեջանում, ի դեպ, պնդում են, թե դրանց մեծ մասը իրականում ոչ թե քաղբանտարկյալներ, այլ իսկապես քրեական հանցագործներ են, ում անունները անգամ ադրբեջանական մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կազմած ցանկում նույնիսկ հիշատակված չեն: Ինչեւէ: ԵԽ ԽՎ-ն վերստին հիշեցրել է Ադրբեջանին, որ ԵԽ անդամ երկրում քաղբանտարկյալներ լինել չեն կարող: Ավելին, այդ կազմակերպությունն իր հանձնաժողովում ընդունված բանաձեւում մասնավորապես նշել է. «Վեհաժողովը իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ Ադրբեջանի իշխանություններին ԵԽ անդամակցության պահին ստանձնած պարտավորությունները կատարելու եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը պարտադրելու համար»: Բանաձեւի ընդունումից հետո, ի նշան բողոքի, ադրբեջանական պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի դահլիճը: Վերլուծելով ստեղծված իրավիճակը, ադրբեջանական «Զերկալոն» նշում է, թե այդ նիստում հայաստանյան պատվիրակությունը կարողացել է իր շահն առաջ տանել եւ հայտարարել է, որ եթե Ադրբեջանում չեն հարգվում հենց ադրբեջանցիների իրավունքները, ապա փոքրամասնություն կազմող հայերի իրավունքների պաշտպանության մասին խոսելն անգամ ավելորդ է: Թերթը նաեւ եզրակացրել է, թե Ադրբեջանը հայտնվել է դժվարին կացության մեջ. նա կամ պետք է ընդունի ԵԽ-ի պահանջն ու ազատ արձակի այն կալանավորներին, ում այդ կազմակերպությունը ճանաչել է իբրեւ քաղբանտարկյալ, ինչը կարող է անհարմար դրության մեջ դնել Ադրբեջանի իշխանություններին, կամ պետք է գնա մինչեւ վերջ՝ պնդելով իրենը եւ վտանգվելով՝ ԵԽ-ում կորցնել իր ձայնը: Երկրորդ դեպքում, ըստ «Զերկալո»-ի, կարող է ընկնել Ադրբեջանի միջազգային հեղինակությունը: Պատրաստեց Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել