Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԶԱՆԳԸ

Հունվար 12,2002 00:00

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԶԱՆԳԸ 2000 թ. մայիսի 18-ին արդեն ազատության մեջ գտնվող Հարություն Հարությունյանը հարցաքննության ընթացքում պնդել էր իր նախաքննական բոլոր ցուցմունքները, բացառությամբ փետրվարի 1-ին տվածի։ Նշենք, որ մինչ մայիսի 18-ի հարցաքննությունը Հարություն Հարությունյանն ավելի քան մեկ ամիս հրաժարվել էր ցուցմունք տալ զինդատախազությանը եւ ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ։ Մինչդեռ նախաքննության սկզբում, ասենք, հունվարի 15-ի հարցաքննության տակ ստորագրելուց հետո Հարությունյանը գրում էր. «Եվս մեկ անգամ վստահեցնում եմ նախաքննական մարմնին, որ պատրաստակամ եմ հնարավորինս օժանդակել եւ օգնել գործի ճիշտ բացահայտմանը եւ Նաիրի Հունանյանի կողմից նախաքննական մարմնին թյուրիմացության մեջ գցելու փաստի բացահայտմանը»։ Ի՞նչ էր պատահել դրանից հետո, որ ի չիք էր դարձրել այդ պատրաստակամությունը։ Այս հարցի պատասխանը կարելի է փնտրել նաեւ փետրվարի 1-ի հարցաքննության եւ դրան հաջորդած իրադարձություններում։ Սակայն նախ հիշատակենք հունվարի 27-ի հարցաքննության մասին, երբ քննիչը Հարություն Հարությունյանին եւ նրա պաշտպան Ժորա Խաչատրյանին ծանոթացրել էր հոկտեմբերի 27-ի գիշերը ժամը 04-ի սահմաններում ԱԺ դահլիճում կատարված գաղտնալսման վերծանությունը, որում մասնավորապես այսպիսի երկխոսություն կա. ինչ-որ տղամարդ խոսափողը փոխանցում է Նաիրի Հունանյանին՝ ասելով. «Հարությունյանն ա, Հարությունը»։ Իսկ խոսակցությունից անմիջապես հետո լսվել է ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի ռեպլիկը. «…շուտ ասեին, գոնե եթերի մասին իմանայի… Տելեվիզորներն էլ պիտի դնեն այստեղ»։ Մինչ այս վերծանությունը ներկայացնելը քննիչը հավաստիացումներ էր ստացել Հարությունյանից, որ հոկտեմբերի 27-ի գիշերը նա ԱԺ դահլիճում գտնվողներից որեւէ մեկի չէր զանգահարել եւ խոսել։ Տեքստի բովանդակությանը ծանոթանալուց հետո Հանրային հեռուստատեսության փոխտնօրենն իր ձեռքով մասնավորապես գրել է. «Ենթադրում եմ, որ տվյալ Հարություն Հարությունյանը կարող է լինել այլ հեռուստաընկերությունում, օրինակ, «Ա1+»-ում, մանավանդ որ «Ա1+»-ով Նաիրին երկու անգամ եթեր է դուրս եկել եւ, եթե չեմ սխալվում, պետք է, որ մի եթերը լինի այդ ժամերին մոտ»։ Ի դեպ, նույն հարցաքննության ընթացքում Հարություն Հարությունյանն էլի էր անդրադարձել իր գործընկերներին. «Հիշում եմ, երբ «Ա1+» հեռուստատեսությամբ Նաիրի Հունանյանն ուղիղ եթեր էր դուրս եկել, ես զայրացած «Ա1+»-ի կողմից նրան այդպիսի հնարավորություն տրամադրելուց, բարձրաձայն հայհոյել եմ եւ ասել, որ հարկավոր է «Ա1+»-ի հեռահաղորդիչը (պերեդատչիկ) անջատել էլեկտրական սնուցումից»։ Փետրվարի 1-ին, ժամը 11-ին Հարություն Հարությունյանը գրավոր հրաժարվում է իր պաշտպան Ժորա Խաչատրյանից եւ հայտնում, թե իր շահերն ինքն է պաշտպանելու՝ «մինչեւ իմ հարազատների կողմից նոր պաշտպան ներկայացնելը»։ Ըստ արձանագրվածի՝ 11.40-ին սկսվում է նրա հարցաքննությունը, եւ Հարությունյանը գրում է. «Ցանկանում եմ տալ լրացուցիչ ցուցմունք՝ կապված գործի հանգամանքների հետ, մասնավորապես՝ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն իմ անվան հետ կապված հեռախոսազրույցի վերծանման եւ նրա շուրջ ստեղծված կասկածները փարատելու վերաբերյալ»։ Եվ պատմում է, թե երբ սկսվել էին բանակցությունները՝ «հիշում եմ, որ Տիգրան Նաղդալյանն ասաց, որ կարող ա այնպես լինի, որ Նաիրի Հունանյանին նկարենք (ձայնագրենք), նոր եթեր տանք, որի համար օպերատորներ էին հարկավոր։ Հիշում եմ նաեւ, որ Տիգրան Նաղդալյանն ասաց, որ Նաիրիին ցույց տալու հետ կապված դեռեւս որոշում չկա եւ դեռ խորհրդակցում են՝ ոնց անել»։ Հարություն Հարությունյանը հիշում է նաեւ Տիգրան Նաղդալյանի արտահայտությունը, թե Նաիրի Հունանյանը ցանկություն է հայտնել խոսել իր հետ. «Եվ ասաց. «Արա, իմ անունն էլ էնքան տվին, որ հիմա չգիտեմ՝ արժե՞ մեկ անգամ եւս հնչեցնել անունս, որը կարող է ավելի նյարդայնացնել դահլիճում գտնվողներին»։ Ապա դիմեց Արմեն Արզումանյանին եւ ասաց, որ կզանգի, Նաիրիին կանչի Արմենի անունից։ Արմենը կտրականապես մերժեց, ասելով՝ «իմ անունը չտաս»։ Ես զարմացած Արմենի կեցվածքից եւ մտածելով, որ եթե պետք է գործի համար, որպեսզի բանակցային պրոցեսը չխանգարվի, իմիջիայլոց ասացի, թե ի՞նչ կա որ, եթե պետք է՝ իմ անունից կանչիր հեռախոսի մոտ։ Ավելի ուշ, երբ հարցրի Տիգրան Նաղդալյանին՝ խոսե՞ց ինքը Նաիրիի հետ, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ զրույցը կիսատ մնաց, որովհետեւ հեռախոսի բատարեն նստեց։ Խոսքն ԱԺ դահլիճում գտնվող հեռախոսի մասին է։ Այժմ լսելով ձայնագրությունը եւ ծանոթանալով ձայնագրության վերծանությանը, կարող եմ ենթադրել, որ միգուցե իրոք եղել է այդ խոսակցությունը, ինչպես շարադրել եմ վերը գրվածս ցուցմունքում։ Նաեւ նշեմ, որ լսելով ձայնագրությունը, զանգերը լսվելուց հետո տղամարդն արտաբերում է ոչ թե «դա» բառը, այլ «Տիկոն ա», որը խնդրում եմ ճշտել եւ ավելացնել ձայնագրության վերծանման մեջ»։ Այստեղ ցուցմունքն ընդհատվում է, քանի որ, ըստ արձանագրության, հայտնվում է Հարությունյանի նոր պաշտպանը՝ Ռուբեն Ռշտունին։ Առանց պաշտպանի տված ահա այդ ցուցմունքից էլ մայիսի 18-ին հրաժարվել էր Հարություն Հարությունյանը, նշելով, թե փետրվարի 1-ի այդ ցուցմունքն արդյունք էր իր վրա գործադրված ֆիզիկական եւ բարոյական ճնշումների։ Սակայն ուշագրավն այն է, որ ազատության մեջ գտնվող Հարությունյանը չհրաժարվեց նաեւ փետրվարի 2-ի իր ցուցմունքներից։ Մինչդեռ այդ օրը, արդեն իր պաշտպանի ներկայությամբ, Տիգրան Նաղդալյանի եւ Արմեն Արզումանյանի հետ երկու առերեսումների ընթացքում Հարություն Հարությունյանն իր ձեռքով գրեթե անփոփոխ գրել է նույն բաները, ինչ փետրվարի 1-ի ցուցմունքում եւ պնդել դրանք։ Իսկ Տիգրան Նաղդալյանը մեկ ասել է, թե «ոչ հաստատում եմ, ոչ հերքում», մեկ՝ «հստակ է, որ Ն. Հունանյանի հետ մենք չենք կապվել եւ որեւէ զրույց նրա հետ չենք ունեցել», մեկ՝ «ես չեմ հիշում, թե արդյոք իմ սենյակում գտնվող Ա. Արզումանյանին առաջարկե՞լ եմ իր անունից զանգել եւ հեռախոսի մոտ կանչել Ն. Հունանյանին, թե՞ ոչ»։ Միայն Արմեն Արզումանյանն է առերեսման ընթացքում «անհեթեթ» համարել այն պատրվակը, թե Տիգրան Նաղդալյանը չէր ցանկացել, որ ԱԺ-ում եւս մեկ անգամ հոլովվի իր անունը, քանի որ նա «այդ օրն արդեն իսկ զանգել էր իր անունից ԱԺ-ում գտնվող Աղվան Վարդանյանին (պատգամավոր) եւ նրա հետ հարցազրույց էր անցկացրել»։ Սակայն Արմեն Արզումանյանն էլ է նաեւ նշում, թե չի հիշում այդ խոսակցությունը։ Ի վերջո, մայիսի 18-ի իր ցուցմունքում Հարություն Հարությունյանը գրել է. «Ես ներկայումս չեմ կարող ոչ պնդել եւ ոչ էլ հերքել իմ ցուցմունքի այդ մասը, քանի որ ես գտնվել եմ հոգեկան ծանր ստրեսային վիճակում եւ օրեր շարունակ ինձ հետ կատարվածն իր ազդեցությունն ունեցավ այդ ցուցմունքի հետ կապված»։ Եվ էլի պնդել էր, թե ինքը ԱԺ նիստերի դահլիճում գտնվողներից որեւէ մեկի հետ հեռախոսազրույց չի ունեցել։ Իսկ ո՞վ էր խոսել Նաիրի Հունանյանի հետ այդ օրն ուղիղ եթերի մասին. նախաքննությունն այլեւս չփորձեց տալ այդ հարցի պատասխանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել