Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Հունվար 11,2002 00:00

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹՆԵՐ Նոր տարվա ամբողջ, այսպես ասած, «համն ու հոտը» երեխաներն են։ Ու մեր թատրոնները նույնպես այս օրերին ամեն ինչ անում են նրանց համար՝ մի քանի օրով իրենց բեմերը տրամադրելով հեքիաթի հերոսներին։ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնն այս տարի հյուրընկալել էր Բուրատինոյին ու նրա ընկերներին, որոնք ջանք չէին խնայում ուրախացնելու փոքրիկ հանդիսատեսին, բայց շատ հաճախ այդ ուրախությունը վերածվում էր վախի, որովհետեւ գետնին ընկնելն ու գոռգոռալը այդքան էլ ծիծաղելի չէ։ Ծխում ենք, որովհետեւ «մերն ուրիշ է» եւ նման այլ հումորներ նույնպես անհասկանալի ու անհետաքրքիր են փոքրիկների համար։ Իսկ աղմուկ բարձրացնելը դահլիճում՝ դեռ չի նշանակում աշխուժություն հաղորդել ներկայացմանը։ Համազգային թատրոնի այս տարվա հյուրերը ժամանել էին տարբեր հեքիաթներից՝ Կարմիր Գլխարկն ու Ալադինը, Ջինն ու Բուրատինոն։ Իմպրովիզացիան հետաքրքիր էր, դերասանների խաղը համոզիչ եւ որ ամենակարեւորն է՝ երեխաներին հասկանալի հումոր ու երկխոսություն։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացված հեքիաթի հերոսներն անծանոթ էին եւ, իմ կարծիքով, ներկայացումից հետո էլ այդքան չտպավորվեցին երեխաների մեջ։ Այստեղ նույնպես պահպանված է այն ավանդույթը, որ մանկական ներկայացումների մեջ բացասական կերպարը, չգիտես ինչու, պետք է գոռալով խոսի։ Այս «չգրված օրենքն» այս տարի խախտել էր Համազգային թատրոնը, որտեղ բացասական կերպարների խաղը ամենահաջողվածն ու տպավորիչն էր ներկայացման մեջ։ Մի հետաքրքիր միջադեպ էլ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում. մոտ երեք-չորս տարեկան մի երեխա մոտեցավ Ձմեռ պապին ու ասաց. «Որ արտասանեմ՝ նվեր կտա՞ս»։ Ձմեռ պապը շփոթվեց ու խեղճ-խեղճ ասաց. «Ձմեռ պապիին կերեք-պրծեք, է՛լի»։ Տոնական հանդիսություններն ու միջոցառումներն արդեն ավարտվում են, դրանց հետ նաեւ ամանորի հեքիաթները, բայց թող մեր փոքրիկների համար հեքիաթները շարունակվեն ամբողջ տարվա ընթացքում եւ թող մեր Ձմեռ պապերը միշտ նվերներ ունենան նրանց համար։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել