Երազում եմ թռիչք Նախորդ տարվա վերջին Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Մայա Մարգարյանի «Երազում եմ թռիչք» անվանումը կրող անդրանիկ ձայներիզի շնորհանդեսն ու համանուն շոու-մենահամերգը: Ընթացքում հնչած բոլոր երգերն իրենցից ներկայացնում էին ինքնատիպ բեմականացված ներկայացումներ եւ մատուցվում էին «Tea-ջազ» պարային համույթի կողմից։ Մայա Մարգարյանը հեղինակ է 5 տեսահոլովակի եւ մեկ կատակ զուգերգի։ Հիմնականում նախընտրում է պարային ոճի երաժշտություն եւ գտնում է, որ անկեղծ ժպիտն ու ուրախությունը» կփրկեն մարդկությանը։ – Նախ շնորհավորում եմ անդրանիկ ձայներիզիդ շնորհանդեսի եւ շոու-մենահամերգիդ առթիվ։ Ինչո՞ւ ձայներիզն անվանեցիր «Երազում եմ թռիչք» եւ ի՞նչ ոճի երգեր են նրանում ընդգրկվել։ – Ձայներիզը բաղկացած է տարբեր ոճերի 12 երգերից, որոնց գերակշիռ մասն իմ հեղինակային երգերն են։ Համահեղինակ են նաեւ Մարինե Գյուլումյանը եւ Աննա Արմենակյանը։ Իմ երգացանկում ներառել եմ նաեւ Քրիստ Մանարյանի հեղինակած «Հայոց քաջեր» երգը։ Իսկ թե ինչու՝ «Երազում եմ թռիչք կապույտ երկնքում», որովհետեւ ձայներիզում ներառած 12 երգերից մեկը կոչվում է «Երազում եմ թռիչք», որն, ի դեպ, իմ ամենասիրելի ու հոգեհարազատ երգն է եւ գրված է ռոմանտիկ էմոցիաների ազդեցության ներքո։ – Ինչո՞ւ է քո երգացանկում գերակշռում զինվորական թեմատիկան։ – Հանդիսատեսն ինձ սիրեց ու ճանաչեց «Զինվոր» երգով, որն ինձ հաջողություն ու հայրենասիրական երգերի երգչուհու համբավ բերեց, եւ ես շարունակեցի աշխատել այդ ոճում, սակայն ինձ համարում եմ բազմաժանր մարդ-արվեստագետ։ Ես սիրում եմ ոճային փոփոխություններ եւ բեմում հանդես գալ տարբեր կերպարներով։ – Ավարտել ես Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրեցիր բեմը։ – Սկզբում մտածում էի, որ մայրիկիս՝ դերասանուհի Ժենյա Մկրտումյանի նման ես էլ դերասանուհի կդառնամ, քանի որ մանկությունս անցել է Գ. Սունդուկյանի թատրոնում։ Սակայն դեռեւս մանկուց այնքան շատ խաղացի ներկայացումներում, որ այդ կյանքն ինձ համար կորցրեց իր հետաքրքրությունը եւ ես որոշեցի տատիկիս նման անգլերենի մասնագետ դառնալ։ Այդ տարիներին հաճախում էի պարային խմբակ եւ շարունակում անբաժան լինել բեմից եւ այդպես էլ չկարողացա հրաժարվել բեմից։ – Ո՞րն է քեզ համար առավել առաջնային՝ ե՞րգը, թե՞ պարը։ – Սկզբում եղել եմ զուտ պարուհի եւ աշխատել եմ Երգի պետական թատրոնում։ Այն ժամանակ ինձ համար առաջնայինը պարն էր, բայց երբ սկսեցի առավել լուրջ զբաղվել վոկալով եւ ներկայացրի իմ առաջին՝ «Զինվոր» երգը, ինձ համար առաջնային դարձավ նաեւ երգը։ Այժմ ես հավասարաչափ սիրով ու պատասխանատվությամբ եմ աշխատում թե՛ մեկի եւ թե՛ մյուսի վրա։ – Քո ելույթներն ուղեկցվում են «Tea- ջազ» պարային համույթի պարերով, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը ինքդ ես։ Ինչպե՞ս ծնվեց խմբի ստեղծման մտահղացումը։ – Խումբը ծնունդ առավ իմ նախաձեռնությամբ, որի պարուսույցն ու բեմադրությունների հեղինակը ես եմ։ Իմ ստեղծագործական կյանքի առաջին իսկ օրերից մենք միասին ենք աշխատում։ Ի դեպ, շուրջ 2 տարի գործում է նաեւ մեր ստուդիան, որը թեեւ կրկին ես եմ ղեկավարում, բայց այնտեղ դասավանդում են նաեւ «Tea-ջազ» խմբի աղջիկները։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ