Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքներն ամբողջությամբ կարդացեք

Հունվար 11,2002 00:00

Օրենքներն ամբողջությամբ կարդացեք Հանգիստ խղճով եւ լրագրողական էթիկայի կանոններին հավատարիմ՝ կարող էինք ընդհանրապես չհրապարակել քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի այս պատասխանը: Ինչպես եւ գրել էինք «Քաղաքապետը վատ ձմեռ պապի է» հրապարակման մեջ, մեկ շաբաթից ավելի փորձում էինք արծարծված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի պատասխանատուներից։ Մեր ունեցած կոնկրետ մեղադրանքները պարզաբանելու բազմաթիվ խնդրանքներին արձագանքելու եւ լրագրողի հետ հանդիպելու փոխարեն, քաղաքապետարանի չինովնիկները նախընտրում են վիրավորվածի կեցվածքով այսպիսի պատասխաններ գրել։ Սակայն այս պատասխանը տարակուսանք է առաջացնում ոչ միայն այս առումով, այլ որ մեր հոդվածի պնդումները ներկայացված են սուբյեկտիվ մեկնաբանությամբ եւ մեղադրանքների մի մասն այդպես էլ անպատասխան է մնացել։ Մենք չենք գրել, թե «արհկոմի համաձայնության ձեւակերպումը օրենսդրությանը չի համապատասխանում», այլ գրել էինք, որ կրթության վարչության կրճատված աշխատակիցների անունները ավելացվել են արհկոմի որոշումից հետո, ինչպես երեւում է մեր ձեռքի տակ եղած փաստաթղթից։ Իսկ արհկոմի նիստին մասնակցելու իրավունքը, ըստ կրճատված աշխատողների, երաշխավորվում է «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններում»։ Թե որքանով այս փաստաթուղթը իրավական ուժ ունի, հուսով ենք՝ դատարանը կորոշի, որտեղ դիմել են կրճատված աշխատողները։ Մենք նաեւ չէինք գրել, թե «արտադրողականությունը որոշվում է միայն ատեստավորման միջոցով», այլ նշել էինք, որ ատեստացիոն կարգի եւ կադրերի ընտրության օբյեկտիվ չափանիշների բացակայության պատճառով, դժվար է ասել՝ ո՞վ է իրոք որակյալ աշխատողը։ Իրավաբանական վարչության պետը խիստ զարմանում է, որ լրագրողը չի բավարարվել քաղաքապետարանի տեղեկատվության վարչության «տված պարզաբանումներով», ըստ որոնց՝ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատումը իրականացվել է օրենսդրության շրջանակներում։ Նման ընդհանուր եւ ոչինչ չասող ձեւակերպումը կոնկրետ մեղադրանքներ ունեցող լրագրողին բնականաբար չէր կարող բավարարել։ Պարոն Սարգսյանը հղում անելով «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին, խնդրում է «առանց խմբագրման եւ կրճատումների (նման պահանջ օրենքում, ի դեպ, չկա։ Ն. Հ.) եւ օրենքով սահմանված ժամկետներում» հրապարակել այս պատասխանը։ Հենց իրավաբանական վարչության պետը պետք է լավ իմանար օրենքները եւ նաեւ իր իսկ նշած օրենքի այն պահանջները, որ երաշխավորում են լրատվություն ստանալու լրագրողի իրավունքը եւ արգելում «խանգարել լրագրողին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս»։ Այնուամենայնիվ, հրապարակում ենք այս պատասխանը՝ պաշտոնյաների հետ համագործակցության հարցում առավել ազատամիտ լինելով։ «Առավոտ» օրաթերթի 15.12. 2001թ. համարում հրապարակված «Քաղաքապետն իրոք կկանգնի դատարանի առաջ» հրապարակմանը Երեւանի քաղաքապետարանը արձագանքել է տեղեկատվության վարչության պետի կողմից Ձեր թերթի լրագրողներին տրված պարզաբանումներով, որոնցում նշվել է, որ Երեւանի քաղաքապետարանում աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման գործընթացն իրականացվել է ՀՀ աշխատանքային օրենսդրության շրջանակներում։ «Առավոտ» օրաթերթի 26.12. 2001թ. համարում տպագրված «Քաղաքապետը վատ ձմեռ պապի է» հրապարակման վերաբերյալ հայտնվում է, որ չբավարարվելով քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պարզաբանումներով, չտիրապետելով ստույգ տվյալների, ինչպես նաեւ գործող աշխատանքային օրենսդրության դրույթներին, Ձեր օրաթերթը կրկին անդրադարձել է հիշյալ հարցին։ Ինչպես նշվում է Ձեր հրապարակումներում, Երեւանի քաղաքապետարանը եւս զերծ չի մնացել Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկներում կատարվող կառուցվածքային եւ աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված փոփոխություններից։ Այդ փոփոխությունները քաղաքապետարանում կատարվել են գործող օրենսդրության շրջանակներում, համաձայն ՀՀ վարչապետի 01.12.2001թ. «Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքն ու աշխատողների թիվը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 836 որոշման։ Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածը սահմանում է, որ ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում չի թույլատրվում առանց հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության։ Արհկոմի կողմից աշխատողին աշխատանքից ազատելու հարցի քննարկմանը այդ աշխատողի պարտադիր ներկայության մասին դրույթ օրենսգրքում նախատեսված չէ, ուստի քաղաքապետարանի արհկոմը, ղեկավարվելով նշված հոդվածով, քննարկել է հարցը եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, այն է՝ հիմնարկի աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ աշխատանքից ազատելու համաձայնություն է տվել։ Ինչպես տեսնում եք, համաձայնության ձեւակերպումը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիշյալ դրույթից եւ հրապարակմամբ բերված այն փաստարկը, որ արհկոմի համաձայնության ձեւակերպումը օրենսդրությանը չի համապատասխանում, հիմնավորված չէ։ Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելիս աշխատողների նախապատվության իրավունքը չպահպանելուն, ապա պետք է նշել, որ նախապատվության իրավունքը հաշվի է առնվում աշխատողների հավասար արտադրողականության դեպքում եւ թերթի այն մեկնաբանությունը, որ արտադրողականությունը որոշվում է միայն ատեստավորման միջոցով, հիմնավորված չէ։ Քաղաքապետարանը միեւնույն ժամանակ հայտնում է, որ առավելագույնս մտահոգված լինելով իր աշխատակիցների աշխատանքի տեղավորման հարցով, հնարավորության սահմաններում որոշ աշխատակիցների արդեն իսկ տեղավորել է համապատասխան աշխատանքում։ Քաղաքապետարանը նպատակահարմար չգտնելով, այժմ չի հրապարակում աշխատանքում տեղավորված աշխատողների ցանկը, սակայն նպատակահարմար գտնելիս այն կարող է հրապարակել»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել